Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 15,2000 00:00

ԱԶՆԱՎՈՒՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ Արդեն երկու ամիս շարունակ Փարիզի Կոնգրեսների պալատում ամեն օր, ժամը 20.30-ին, մենահամերգներով հանդես է գալիս Շառլ Ազնավուրը։ Ամեն օր, մոտ 1500 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն է եւ շատ դժվար է համերգի տոմս գտնել։ Ազնավուրն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե սա իր վերջին մեծ «տուռնեն» է։ Սակայն, այստեղ ասում են, թե առաջին անգամը չէ, որ նա այդպիսի հայտարարություն է անում. նա չի թողնի բեմը, պարզապես նման՝ ամենօրյա մենահամերգային ծրագրով, թերեւս, հանդես չգա։ Մի առիթով Ազնավուրին հարց է ուղղվել, թե անվերջ հայտարարում է, որ սա իր վերջին «տուռնեն» է, բայց դարձյալ շարունակում է մենահամերգներ տալ։ Ի պատասխան, Ազնավուրն իրեն համեմատել է այն ծխող մարդու հետ, որն ուզում է թողնել ծխելն ու միշտ ասում է՝ սա իմ վերջին գլանակն է… Դեկտեմբերի 13-ի համերգից ստացված ողջ հասույթը Շառլ Ազնավուրը ծրագրել է փոխանցել Հայաստանին՝ դպրոցներ կառուցելու եւ վերանորոգելու համար։ Համերգին ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը։ Ներկա էին նաեւ Փարիզի քաղաքապետը, ֆրանսահայ ճանաչված գործարարներ, Հայաստանից ժամանած հյուրեր։ Համերգասրահում ՀՀ նախագահը դիմավորեց Ֆրանսիայի նախագահին։ Հանդիսատեսի մոտ 80 տոկոսը ֆրանսիացիներ էին։ Պետք էր տեսնել, թե այստեղ ի՜նչ ոգեւորությամբ, սիրով էին դիմավորում եւ ընդունում Ազնավուրին. այդպես եղել է միշտ։ Նրան այստեղ ոչ թե սիրում, այլ երկրպագում են։ Ազնավուրն արդեն 77 տարեկան է եւ չնայած այդ տարիքին, նա ամեն օր հրաշալի համերգներ է ունենում։ Նույնիսկ երիտասարդ որեւէ երգչի համար շատ դժվար կլիներ ամեն օր բեմ բարձրանալ։ Ազնավուրի շփումը հանդիսատեսի հետ ջերմ էր ու անմիջական, բեմը լի էր նրա արտիստականությամբ։ Համերգային ծրագրում ընդգրկված էին հին եւ նոր երգերից շատերը։ Ցեղասպանության զոհերին նվիրված երգի՝ «Նրանք ընկան», ընթացքում դահլիճի մեծ մասը ոտքի էր կանգնել. հուզված էր։ Համերգի ընդմիջմանը՝ ետնաբեմում, փոքրիկ հանդիպում տեղի ունեցավ Ազնավուրի հետ, որ հատուկ հրավիրատոմսերով էր, եւ որին մասնակցում էին ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն եւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը։ ՀՀ նախագահը կարճ խոսքով հանդես եկավ եւ շնորհակալություն հայտնեց Ազնավուրին՝ բարեգործական ակցիայի եւ առհասարակ Հայաստանին մշտապես օգնելու համար։ Նա շնորհակալություն հայտնեց նաեւ Ժ.Շիրակին՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու եւ Ազնավուրին այդպես ընդունելու ու ընկալելու համար, նաեւ այն բանի համար, որ Ֆրանսիայի նախագահը համերգի ընթացքում իր համար անգլերեն թարգամանում էր Ազնավուրի երգերի տեքստերը։ Համերգից հետո, արդեն ուշ երեկոյան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ պատվավոր ճաշ էր նախատեսված, որը «հարուստների ճաշ» կարճ անվանումը ստացավ։ Ճաշին ներկա լինելու մուտքը նվազագույնը 50 հազար դոլար արժեր, որից ստացված գումարը եւս Հայաստանին էր տրամադրվելու։ Համերգի նախորդ օրվա տվյալներով, տարբեր երկրներից մոտ 11 մեծահարուստ հայ գործարար էր ճաշին մասնակցելու ցանկություն հայտնել։ Ճաշին ներկա էին ՀՀ նախագահը, Վեհափառ Հայրապետը, սփյուռքահայ գործարարներ, ինչպես նաեւ «Երեւան» հյուրանոցի տնօրեն պարոն Գասպարինին, Պիեռ Լառեշը եւ այլոք։ Նշենք, որ համերգի մուտքը բավական թանկ արժեր՝ 175-650 ֆրանկ։ Մեծ երգչի կողմից կազմակերպված բարեգործական այս մեծ համերգից ստացված հասույթը «Ազնավուրը՝ Հայաստանին» հիմնադրամի միջոցով կտրամադրվի հայաստանյան դպրոցների վերականգնմանը։ Երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի կենտրոնական հեռուստատեսությամբ հայտարարվեց, որ բարեգործական համերգի հասույթը կազմում է 4.5 մլն ֆրանկ։ «Ազնավուրյանը դարձավ Ազնավուր, բայց չմոռացավ, որ ինքը հայ է»,- նշեց հեռուստալրագրողը։ Ազնավուրն իր հերթին եւս մեկ անգամ ընդգծեց, թե Հայաստանում 10 հազար անօթեւան երեխաներ կան (նկատի ուներ աղետի գոտին-Ս. Ս.)։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ «Առավոտի» թղթակից Փարիզ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031