Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 15,2000 00:00

ԱՆՎՃԱՐ ԴԵՂԵՐԻ ՀՈՒՅՍ ՄԻ՛ ՈՒՆԵՑԵՔ Տեսնես, քաղաքում գրիպի համաճարակ կա՞ Ձմեռնամուտին, երբ ողջ հանրապետությունը հազում է, փռշտում ու ֆսֆսում, այդ հարցը բոլորին է հուզում։ Հանրապետության գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցի պատասխանը միանշանակ բացասական է: Ըստ էության, մինչեւ վերջ երբեք էլ պարզ չի լինում՝ եկավ-անցա՞վ այդ համաճարակը, թե՞ այդպես էլ չհասավ Հայաստանի սահմաններին, քանի որ մենք շա՜տ հպարտ ենք, որպեսզի խոստովանենք ոչ այնքան հաճելի իրողությունները։ Եվ ընդհանրապես, ի՞նչ կարիք կա համաճարակի ներկայությունը հերքող կամ հաստատող պաշտոնական տվյալներ ունենալ, երբ շուրջբոլորը միայն կարմրած քթեր են ու խռպոտ ձայներ։ Բանից պարզվում է՝ կարիք կա։ Մարդիկ միշտ էլ ավելի ապահով են զգում իրենց, երբ լսում են պետության ձայնը։ Մեր դեպքում, պետության ձայնը Վլադիմիր Դավիդյանցի շուրթերով հնչեց այսպես. «Գրիպի դեպքերի աճ այսօր չունենք։ Միտումներ չեմ տեսնում։ Ընդհանրապես գրիպի վերաբերյալ կարող եմ ասել, որ աշնանը-ձմռանը գրիպով հիվանդների քանակը մեծանում է։ Դա բնորոշ է գրիպին, քանի որ օդակաթիլային եղանակով է տարածվում։ Այսօր էլ ունենք այդ մշտական բարձրացումը, բայց համաճարակի միտումներ չկան»։ Ավելի մանրամասն տեղեկություններ՝ Երեւանի համաճարակային վտանգի մասին խնդրեցինք տալ քաղաքի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Մարիետա Հախվերդյանին. «Քաղաքում համաճարակ չկա, բայց, սեզոնի հետ կապված, որոշակի վտանգ կա։ Այդ պատճառով պատրաստակամ վիճակում են բոլոր առողջապահական հիմնարկները։ Անհանգստանալու հիմք չկա»։ Նախորդ տարի ձմռանը տիկին Հախվերդյանը քաղաքապետարանում լուրջ պայքարում էր դպրոցները հունվարի կեսերից վերաբացելու՝ կրթության վարչության կարգադրության դեմ։ Սանիտարական ծառայությունները ստուգումներ էին անցկացրել մայրաքաղաքի դպրոցներում եւ հանգել այն եզրակացությանը, որ այդքան ցածր ջերմաստիճանում դասապրոցեսը շարունակելն անընդունելի է։ Այս կապակցությամբ տիկին Հախվերդյանին խնդրեցինք տեղեկացնել՝ ի՞նչ վիճակ է տիրում այսօր դպրոցներում եւ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում։ Նա պատասխանեց, որ դպրոցներում դասերը դադարեցնելու կարիք չկա, քանի որ դրսում դեռ շատ ցուրտ չէ, դպրոցներում էլ ջերմաստիճանը այդքան ցածր չէ. «Մենք եղել ենք բոլոր դպրոցներում, ստուգել ենք ջերմաստիճանը։ Դեռ տագնապալի վիճակ չկա։ Եթե շատ ուժեղ ցրտեր սկսվեն, գուցե թե նորից դիմենք քաղաքապետարանին՝ դասերը դադարեցնելու պահանջով։ Առայժմ ինֆորմացիա ենք տվել, թե որ դպրոցներում լրացուցիչ տաքացուցիչներ դնելու կարիք կա, որպեսզի քաղաքապետարանը զբաղվի դրանով։ Հատկապես այն դպրոցներում, որոնք սպասում են կենտրոնացված ջեռուցմանը, խնդիր կա։ Չէ՞ որ նրանք ապահովված չեն Ցֆվ-երով, ինչպես մնացած դպրոցները։ Բայց բոլորս հուսով սպասում ենք, որ երկուշաբթի օրվանից նրանք կջեռուցվեն»։ Տիկին Հախվերդյանին փոխանցեցինք նաեւ մի քանի ընթերցող-ծնողների անհանգստությունը՝ դպրոցահասակների շրջանում ջրծաղիկի դեպքերի տարածման հետ կապված։ Ինչպես պարզվեց. «Ջրծաղիկը պարբերականություն (3-4 տարի) ունեցող հիվանդություն է։ Կապված պարբերականության եւ սեզոնայնության հետ, այսօր իրոք ջրծաղիկի դեպքերը դպրոցներում շատացել են։ Սակայն անիմաստ է խոսել համաճարակի մասին։ Մշակել ենք բոլոր միջոցառումները՝ ջրծաղիկի տարածումը կանխելու համար։ Վատն այն է, որ ջրծաղիկի դեմ որեւէ պատվաստանյութ չկա։ Դա մանկական ինֆեկցիա է, որով հիվանդանում են գրեթե բոլոր երեխաները։ Մենք ուղղակի պետք է աշխատենք փոքրացնել վարակակիրների շփումը առողջների հետ, քանի որ մոտ 60%-ը շփման ժամանակ ենթակա է վարակվելու։ Այդ պատճառով պահանջում ենք բոլոր բացակայողներից՝ տեղեկանք բերել բժշկից, որ իմանանք՝ ի՞նչ պատճառով են բացակայել։ Հիվանդության հաստատման դեպքում՝ մեկուսացնում ենք շրջապատից»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031