Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 15,2000 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչո՞ւ են մեր գիտությանը գրանտներ տալիս: ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանն ունի այս հարցի իր պատասխանը, ըստ որի, գրանտատու միջազգային կազմակերպությունների գլխավոր նպատակը մեր գիտական համակարգը քայքայելն է։ Հիմնականում ՆԱՏՕ-ից ֆինանսավորվող գրանտային այդ ծրագրերը այսպիսի նշանաբան ունեն՝ «Գիտությունը՝ հանուն խաղաղության» կամ «Գիտությունն ընդդեմ սպառազինման» եւ նպատակաուղղված են ռազմական ու պաշտպանական ոլորտին սպասարկող մեր գիտական ուղղությունների թուլացմանը։ Հարուստ ավանդույթներ եւ մեծ ձեռքբերումներ ունեցող գիտական հենց այս ոլորտներով են հիմնականում հետաքրքրված միջազգային գրանտատու կազմակերպությունները։ Ի դեպ, Հայաստանը գրեթե այնքան գրանտ է ստանում, որքան Ռուսաստանն ու Ուկրաինան։ Ու թեեւ գրանտներ ստանում են մեր գիտնականների 30%-ը միայն եւ որոշ գիտական ուղղություններ ընդհանրապես պահանջարկ չունեն գրանտատուների շրջանում, սակայն առանց գրանտների գիտական համակարգը երեւի ավելի շուտ կործանվեր։ Ֆադեյ Տաճատիչն էլ է ընդունում, որ գրանտները մեզ պետք են։ Մանավանդ որ, պետական հոգածությունը գրեթե աննկատելի է։ 1999թ. հոկտեմբերի 1-ից ԳԱԱ-ի պահպանման ծախսերի հոդվածներով ոչ մի կոպեկ չի տրվել։ Գիտնականները հինգ ամիս է աշխատավարձ չեն ստանում։ Ստացածներն էլ ծիծաղելի թվեր են՝ միջինը 12 հազար դրամ։ Պետությունից ոչինչ չի հատկացվել գիտական ամսագրերի տպագրության համար։ Գումար չլինելու պատճառով գիտնականները արտասահմանյան գործուղումների չեն գնում։ Ու թեեւ «Գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը բազմաթիվ քննադատական կարծիքների արժանացավ, Ֆ. Սարգսյանը հավատում է, որ այն եւ մի շարք այլ օրինագծեր կնպաստեն գիտական համակարգի վիճակի բարելավմանը։ Սա ի պատասխան մեր այն հարցի էր, թե ի՞նչ ռազմավարություն է մշակվում՝ պահպանելու համար այն գիտական ուղղությունները, որոնք ոչ գրանտներից են օգտվում, ոչ էլ պետությունից լիարժեք ֆինանսավորվելու հույս ունեն։ Ի դեպ, օրենքի ամենավիճահարույց կետերից մեկի՝ ինստիտուտների կարգավիճակի առնչությամբ ծագած տարաձայնությունները, ըստ Ֆադեյ Տաճատիչի, թյուրիմացության արդյունք են։ Ի վերջո, օրենքով այդ ինստիտուտներին տրվում է եկամուտներ ստանալու ու դրանք տնօրինելու իրավունք եւ ԳԱԱ նախագահը հավաստիացնում է, որ ինքը հենց սկզբից դրան կողմնակից էր։ Պարզապես օրենքի նախագծում կատարված փոփոխությունը, որով այդ իրավունքը ամրագրվում էր, չէր անցկացվել եւ հին տարբերակն էր ուղարկվել քննարկման։ ԳԱԱ նախագահը հատկապես կարեւորում է, որ ըստ օրենքի՝ «Գիտությունը համարվում է պետության առաջնային խնդիրը եւ գտնվում է պետական հովանավորության տակ»։ Սակայն դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ի՞նչ երաշխիքներով է այդ հավաստիացումը ամրապնդված, որպեսզի ոչնչի չպարտավորեցնող հռչակագիր չլինի։ Համաձայն օրենքի, բյուջեի ծախսային մասից առնվազն 3%-ը պիտի գիտությանը տրամադրվի։ Սակայն հենց Ֆադեյ Տաճատիչն ասաց. «Ընդունված այսպիսի թիվ կա, եթե բյուջեի ծախսային մասի 4%-ից պակասն է տրամադրվում գիտությանը, այն չի կարող զարգանալ»։ Նաեւ հիշեցնենք, որ գիտական համակարգին բյուջեով այս տարի տրամադրված միջոցների 40%-ից էլ պակաս է մինչ օրս հատկացվել։ ԳԱԱ նախագահի գնահատմամբ՝ «գրանտները դեռ ոչինչ, դրանք մեզ պետք են ու պիտի ստանանք», ավելի մտահոգում է ուղեղների արտահոսքի պրոբլեմը։ Ինչպես եւ գրանտները, ուղեղների արտահոսքն էլ եւ դրական, եւ բացասական կողմեր ունի։ Ըստ Ֆադեյ Սարգսյանի՝ մեր գիտնականներից շատ քչերն են մեկնել արտասահման մշտական բնակության։ Շատերը գնում են գործուղման։ Ու քանի որ գործուղման համար մեր պետությունը միջոցներ չունի, գիտնականները գնում են այդ պետությունների հրավերներով. «Կարո՞ղ է որեւէ պետություն հրավիրի գիտնականների, եթե դրա մեջ ինքը օգուտ չունի։ Մենք օգտվում ենք նրանից, որ գիտնականի մակարդակը պահպանվում է, մեր գիտնականները ստանում են դիպլոմներ, տարբեր կոչումներ, անգամ ազնվականի կոչում են ստանում եւ ոչ քիչ, քան ցանկացած այլ պետություն, համարյա Ռուսաստանի ու Ուկրաինայի չափ։ Սարքավորումներ ենք ստանում։ Մեր գիտնականներից մեկին մի երկու ամիս ավելի թողեցինք Ճապոնիայում՝ պայմանով, որ հետը մեզ անհրաժեշտ սարքավորումներ ուղարկեն»։ Ժամանակին, ԽՍՀՄ պետությունների մեջ, իր գիտական համակարգով Հայաստանը երրորդ տեղում էր՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո։ Հարցին՝ պահպանե՞լ եք այդ տեղը, Ֆադեյ Տաճատիչը վստահ ասաց՝ այո։ Ապա անկեղծորեն հավելեց. «Բայց ոչ նրա շնորհիվ, որ մենք լավն ենք, այլ, որ նրանց վիճակն էլ է ծանր»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031