Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 15,2000 00:00

«Բիրտ վարչարարություն»՝ նաեւ երաժշտական դպրոցներում Երեւանի երաժշտական դպրոցներում լարային ու փողային դասարանները փակվելու վտանգի տակ են։ Պատճառները մի քանիսն են, բայց ամենահիմնականն այն է, որ լարային ու փողային դասարաններում աշակերտներ չեն հավաքվում։ Ծնողները, որ որպես կանոն իրենք են որոշում երեխայի երաժշտական նախասիրությունը, հիմնականում նախապատվությունը տալիս են դաշնամուրին, չգիտես ինչու, համարելով, որ դաշնամուրն ավելի հարգի գործիք է, քան լարայինն ու փողայինը։ Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի վարչության պետ Արտավազդ Թորոսյանը ծնողների այս մոտեցումը համարեց չափազանց քաղքենի ու արվեստից, երաժշտական աշխարհից անտեղյակ լինելու արդյունք։ «Չեն հասկանում փողային երաժշտության առանձնակի վայելքն ու շքեղությունը։ Այսպես եթե շարունակվի, փողային, լարային գործիքները լրիվ դուրս կգան ասպարեզից եւ չի բացառվում, որ հեռանկարում մեր նվագախմբերը ստիպված լինեն մեծ գումարներ տրամադրել՝ արտերկրից համապատասխան երաժիշտներ հրավիրելու համար։ Դա կանխելու, ու նաեւ այդ գործիքային երաժշտությունը քարոզելու նպատակով մենք ծրագիր ունենք՝ փողային ու լարային գործիքների դասարաններում ուսման վարձն իջեցնել։ Իսկ առանձին շնորհալի երեխաների համար էլ զեղչեր սահմանել։ Բացի այդ, հնարավորինս աջակցում ենք կատարելագործելու մեր վերակազմավորված փողային նվագախումբին»,- ասում է Արտավազդ Թորոսյանը։ Հայաստանի պետական փողային նվագախումբը, որ ստեղծվել է դեռեւս 1964-ին, անցած տարիների ընթացքում քայքայվել ու չէր գործում։ Միայն վերջերս նվագախմբի գեղարվեստական ղեկավար Հայկազ Մեսիայանի ջանքերի շնորհիվ այն կրկին վերակազմավորվել է ու դեկտեմբերի 24-ին ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում իր անդրանիկ համերգը կունենա։ Արտավազդ Թորոսյանի հավաստմամբ, երաժշտական դպրոցների աշխատանքը խաթարվում է նաեւ ոչ ճիշտ հարկային քաղաքականության պատճառով։ Երաժշտական դպրոցներում յուրաքանչյուր դասատուից, անկախ աշխատավարձի չափից, գանձվում է 5 հազար դրամ՝ իբրեւ սոցիալական հիմնադրամի վճար։ «Մենք որդեգրել ենք ոչ թե ստվերային գործունեությունը հարկային դաշտ տեղափոխելու քաղաքականություն, այլ ճիշտ հակառակը։ Եթե երաժշտական դպրոցի դասատուն աշխատում է կես դրույքով եւ փողային դասարանում ընդամենը մեկ աշակերտ ունի, աշխատավարձն էլ ընդամենը 4 հազար դրամ է, կնշանակի այդ 5 հազար դրամը նա մուծել չի կարող։ Ասել է թե՝ այդ դասարանը ուզի-չուզի պետք է փակվի։ Եվ այս պայմաններում նման վտանգ սպառնում է ոչ միայն լարային եւ փողային դասարաններին։ Նախկինում աշխատողներից 2500 դրամ էր գանձվում։ Այս տարվա օգոստոսից գանձվող գումարի չափը դարձրին 5 հազար դրամ, ինչն ուղղակիորեն փակուղու առաջ կանգնեցրեց այս բնագավառի աշխատողներին»,- հաստատում է վարչության պետը։ Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի վարչությունը պատրաստել է զեկուցագիր՝ Ազգային ժողովի նախագահին, առաջարկելով գանձվող գումարի չափն իջեցնել, պահպանելով գոնե նախկին 2500-ը։ Արտավազդ Թորոսյանի բնորոշմամբ՝ «որոշ մարդիկ իրենց ներկայությունը օրենսդիր մարմնում ինչ-որ կերպ արդարացնելու համար բիրտ վարչարարությամբ են զբաղվում, ինչը լուրջ փլուզումներ է առաջացնում մշակույթի ասպարեզում»։ Հարկահանության «բիրտ վարչարարությունը», ցավոք, չի խնայում անգամ արվեստը, երաժշտությունն ու մշակույթի բնագավառն ընդհանրապես։ Իսկ առայժմ, քաղաքապետարանի «Երեւան» հիմնադրամը գումարներ է հատկացնում երաժշտական դպրոցներին, փորձելով առժամանակ եւս կանխել լարային փողային դասարանների եւ ընդհանրապես երաժշտական դպրոցների վերջնական անկումը։ ՍԻՐԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031