Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 16,2000 00:00

ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՐՎԱԿԻ Մեկ շաբաթ առաջ հայաստանյան մամուլում հրապարակվեց Ադրբեջանի արտգործնախարար Վելայաթ Գուլիեւի հայտարարությունը. «Ադրբեջանը պատրաստ է Մինսկի խմբի համանախագահողների հետ քննարկել Հայաստանի նախաձեռնությունը՝ միջնորդների 1997թ. առաջարկի քննարկմանը վերադառնալու վերաբերյալ»։ Վերջին տարիների բանակցային գործընթացների տրամաբանությանը տրամագծորեն հակադիր այս փաստի առնչությամբ նախ փորձեցինք պարզել, թե ե՞րբ է Հայաստանը հանդես եկել նման նախաձեռնությամբ։ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից ի պատասխան հայտնեցին. «Նման որոշում չի կայացվել։ Բայց կարելի է միանշանակ ասել, թե որեւէ առաջարկություն, որի մեջ չկա Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լինելու նախապայմանը, կարող ենք դիտել որպես քննարկման, բանակցման հիմք։ Առաջարկության թվականը կարեւոր չէ»։ Ադրբեջանի արտգործնախարարի պնդումներն ավելի շատ հաստատող, քան հերքող այս պատասխանից հետո դիմեցիք ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Արզումանյանին, որը 1997-ին գլխավորում էր մեր արտաքին գերատեսչությունը։ Ինչպե՞ս է նա գնահատում 1997-ի առաջարկներն այժմ դարձյալ որպես բանակցությունների հիմք դիտարկելու պատրաստակամությունը։ «Հայաստանի արտգործնախարարությունն ու երկրի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման որեւէ նոր մոտեցում չեն էլ դրսեւորել վերջին տարիների ընթացքում,- ասաց պրն Արզումանյանը։- Եվ բազմիցս ասվել է, որ հնարավոր է 1997-ի փաթեթին վերադառնալը։ Ես էլ բազմիցս ասել եմ ու կրկնում եմ, որ այդ փաթեթի եւ «Ընդհանուր պետության» առաջարկների միջեւ, ըստ էության, որեւէ տարբերություն չկա։ Շատ տրամաբանական է, թե քանի որ այդ բառակապակցությունն անընդունելի է Ադրբեջանի համար՝ հիմա կարելի է վերադառնալ մեկ այլ փաստաթղթի, որում չի հռչակվում այդ մոտեցումը»։ Հայաստանի նախկին արտգործնախարարը հիշեցրեց. «1997-ին առաջարկվել էր մեկ ծավալուն փաստաթուղթ, որը բաղկացած էր երկու պայմանագրերից. մեկը զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ էր, այսինքն՝ խաղաղության դաշնագիր։ Եվ երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ Սա առաջարկվող փաթեթային լուծումն էր, որը, թեպետ լուրջ վերապահումներով, այսուհանդերձ, որպես բանակցությունների հիմք ընդունելու պատրաստակամություն հայտնեց Հայաստանը, բայց մերժեցին Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը։ Եվ ներկայացվեց երկրորդ տարբերակը, որով տարանջատվում էին այդ երկու փաստաթղթերը»։ Այս փաթեթը, որով կարգավիճակի հարցն անժամկետ հետաձգվում էր «մինչեւ հակամարտության հիմնական կողմերը՝ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ լինեն դրա վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ստորագրել», Հայաստանը համարում էր իրատեսական։ Ժամանակի իշխանությունները թերեւս բավականաչափ ուրախ եւ հնարամիտ չէին կարգավիճակի վերաբերյալ «մի հարցրու՝ մի պատասխանիր», «դե ֆակտո՝ անկախ, դե յուրե՝ Ադրբեջանի կազմից դուրս», «ինքնավարությունից վեր, անկախությունից վար» կարգի բանաձեւեր առաջարկելու համար։ Եվ հիմա էլ պրն Արզումանյանը ցավ հայտնեց, որ «այս երեք տարին այսպիսի վայրիվերո արտաքին քաղաքականություն տանելով՝ նոր ենք վերադառնում այդ փաթեթին։ Ցանկացած պայմանագիր ստորագրելիս պետք է հաշվի առնես ստորագրման պահը։ Եվ այն, ինչ 1997-ին կարող էր շոշափելի հաջողություն լինել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության համար՝ նույն փաստաթուղթը 2001-ի շեմին քննարկելը, նախ առաջընթաց չէ։ Եվ հետո, կարծում եմ, որ նույն արդյունքներին այսօր հասնելը գրեթե անհնար է։ Հայաստանը 1997-ին բոլոր առումներով շատ ավելի շահեկան վիճակում էր, քան այժմ։ Ցանկացած պետություն բանակցություններում հաջողության է հասնում այն պահին, երբ իր դիրքերն ավելի ուժեղ եւ նպաստավոր են»։ Բնականաբար, Ալեքսանդր Արզումանյանն այլեւս փորձագիտական մակարդակով չի տիրապետում բանակցային գործընթացին, սակայն վերլուծությամբ հանգեց այն եզրակացության, որ պատրաստ են քննարկել 1997-ի փաթեթային տարբերակը. «Եթե հաշվի առնենք անցած 3 տարիներին ԼՂ-ի եւ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները՝ խոսք լինել չի կարող փուլայինի մասին։ Հայ հասարակության կողմից փուլ առ փուլը որպես հայհոյանք է սկսել ընկալվել։ Առանց խորանալու բովանդակության մեջ՝ բոլորը փուլայինը համարում են զիջողական տարբերակ։ Եվ շատ ծիծաղելի ու ծանր կացության մեջ կհայտնվեն իրենք, եթե այսքան պերճախոս հայտարարություններից հետո վերադառնան փուլային տարբերակին»։ Հայաստանի նախկին արտգործնախարարը սակայն կրկնեց, որ այդ փուլային տարբերակն ընդամենը պատրվակ էր իշխանության անցնելու համար. «Գործող բոլոր անձանց համար ակնհայտ էր, որ բանակցային գործընթացն ունի իր տրամաբանությունը, որը փոխելը շատ բարդ է լինելու։ Եվ իշխանության գալուց հետո որեւէ նոր բան չէր առաջարկվելու այս վարչակազմի կողմից։ Ապացույցը՝ անցած 3 տարիները»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031