Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 16,2000 00:00

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ Դեղամիջոցների շրջանառությունից ավելացված արժեքի հարկ չի գանձվելու, ուստի եւ դեղերի գների բարձրացում չի սպասվում։ Պատգամավորները դեմ գնացին դեղամիջոցների նկատմամբ գոյություն ունեցող ԱԱՀ արտոնությունների վերացման վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկին։ Ու չնայած ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանը զիջեց պատգամավորներին, սակայն փաստեց, որ եթե առաջիկայում տարածաշրջանի պետություններն ընդունեն դեղամիջոցների նկատմամբ ԱԱՀ-ն՝ մենք եւս չենք կարող խուսափել դրանից։ Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած հարկային օրենսդրությանը վերաբերող ողջ փաթեթը։ Երեք օրվա ընթացքում խորհրդարանականները քննարկեցին շահութահարկի, եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, պարզեցված հարկի եւ այլ հարկերի ու տուրքերի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցերը։ Ի տարբերություն առաջին օրվա պատգամավորների ակտիվության՝ կապված ավանդներից եկամտահարկ հարկելու եւ այլ հարցերի հետ՝ 3-րդ օրն արդեն պատգամավորները խիստ հաշտվողական էին կամ, ինչպես իրենք են ասում, փոխըմբռնող։ Ու, ինչքան էլ Արշակ Սադոյանը, իր բնավորությանը հավատարիմ, բղավում էր, թե ներկա պատգամավորները բացակաների փոխարեն են քվեարկում, նույնիսկ «Իրավաբանական անձանց (…) եւ անհատ ձեռներեցների անվճարունակության եւ ֆինանսական առողջացման մասին» նախագիծը վերաքվեարկել տվեց՝ միեւնույն է փաթեթն ընդունվեց։ Երեկվա նիստում, թերեւս, աշխույժ քննարկման նյութ դարձավ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը։ Կառավարությունը, ի դեմս ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանի, առաջարկեց ԱԱՀ վճարող հանդիսանալու համար իրացման շրջանառության նվազագույն շեմը, ներկայումս գործող տարեկան 3 մլն դրամի փոխարեն, սահմանել 10 մլն դրամ։ Մինչդեռ պարզեցված հարկի դեպքում այդ շեմը սկսվում է 30 մլն դրամից։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովն այն տեսակետին էր, որ ԱԱՀ-ի դեպքում եւս այդ շեմը բարձրանա 30 մլն դրամի։ Սրանով տնտեսավարող սուբյեկտներին կառավարությունը հնարավորություն է տալիս անձամբ ընտրել հարկման տեսակը։ Արա Բադեյանի կարծիքով, սակայն, համամասնությունը պահպանված չէ եւ դրանից տուժում է միջին եւ մանր բիզնեսը։ «Կառավարությունը մի ձեռքով թուլացնում է հարկային բեռը, մյուսով՝ այնուամենայնիվ, խստացնում»,- նշեց Ա. Բադեյանը։ Այնուհետեւ փոփոխությունների շարքում կառավարությունն առաջարկեց ներմուծվող որոշ ապրանքատեսակների համար ԱԱՀ հարկումը ներքին շրջանառության ընթացքում թույլատրել կառավարության որոշմամբ։ Սակայն այս «հատվածը» պատգամավորները չկարողացան «կուլ տալ» եւ պնդեցին, որ որոշ ապրանքատեսակների արտոնություն սահմանի Ազգային ժողովը։ Հիշեցնենք, որ հարկային օրենսդրության ընդհանուր փոփոխությունների արդյունքում կառավարությունն ակնկալում է լրացուցիչ միջոցներ։ Այս ամենի միջոցով, կառավարության համոզմամբ, պետական բյուջե կմտնի 5 մլրդ դրամ։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031