Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

ՀՀՇ-Ի ՊԱՌԱԿՏՈՒՄԸ ՎԵՐՋՆԱԿԱ՞Ն Է Ալեքսանդր Արզումանյանին դեռեւս ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնակատարի պաշտոնում առաջադրողներն ակնկալում էին, թե քանի որ նա հավասարապես ընդունելի է ե՛ւ բուն ՀՀՇ-ի, ե՛ւ վարչությունում իրենց աշխատանքները դադարեցրած «Արմատ»-ականների համար՝ նրան կհաջողվի վերամիավորել այդ երկու թեւերը։ ՀՀՇ վերջին համագումարում պարզ դարձավ, որ այդ ակնկալիքները չարդարացան։ ՀՀՇ նորընտիր վարչության 25 հոգուց ընդամենը 3-ն են նաեւ «Արմատից»՝ Երջանիկ Աբգարյանը, Սեդրակ Հովհաննիսյանը եւ Աշոտ Սարգսյանը։ «Արմատի» առավել կարկառուն դեմքերը՝ Բաբկեն Արարքցյանը, Տեր-Հուսիկ Լազարյանը, Արա Սահակյանը, Սամվել Գեւորգյանը եւ այլք, հիշեցնենք, ժամանակին հայտարարեցին, թե չեն մասնակցի ՀՀՇ վարչության աշխատանքներին մինչեւ Վանո Սիրադեղյանը չվերադառնա եւ ինչ-ինչ խնդիրներ չպարզաբանվեն։ Վանո Սիրադեղյանը վերադարձավ էլ, նորից էլ հեռացավ, վարչությունը սկսեց ղեկավարել ուրիշը՝ նրանք շարունակում էին իրենց պահել այնպես, կարծես ոչ մի կապ չունեն ՀՀՇ-ի հետ եւ հենց իրենք չեն մարմնավորում այն ամենը, ինչի պատասխանատվությունն այժմ կրում են ՀՀՇ-ում մնացածները։ Վերջիններս, ի դեպ, նախկին իշխանությունների օրոք լավագույն դեպքում երկրորդական-երրորդական դերակատարություն ունեցողներ են։ «Արմատը» գրեթե ողջ կազմով, այլ հյուրերի հետ ներկա էր ՀՀՇ 12-րդ համագումարի բացմանը։ Սակայն հակառակ սպասումների՝ ո՛չ Բաբկեն Արարքցյանը, ո՛չ էլ որեւէ մեկը (բացի վերոթվարկյալ 3 հոգուց) ո՛չ ելույթ ունեցան, ո՛չ էլ առաջադրվեցին ՀՀՇ վարչության կազմում։ Կարելի՞ է գնահատել, որ ձախողվել, տապալվել են ՀՀՇ վերամիավորման փորձերը՝ մեր հարցին ի պատասխան ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Այդպիսի ուժգին գնահատական չէի տա։ ՀՀՇ-ում որեւէ պառակտում գոյություն չունի։ Ուղղակի նախկին վարչության անդամների մի մասը նախընտրեց այս համագումարում չառաջադրվել։ Դա նրանց անձնական որոշումն էր»։ Պրն Արզումանյանը բացահայտեց, որ, ասենք, Կարապետ Ռուբինյանը՝ որպես Շենգավիթի կառույցի ղեկավար, ՀՀՇ համագումարի նախապատրաստական աշխատանքներ է տարել. «Ես մասնակցել եմ նրանց խորհրդի ընդլայնված նիստին, երբ ընտրվեցին համագումարի պատվիրակներ։ Պրն Ռուբինյանը որոշել էր, որ ինքն անձամբ չի մասնակցի եւ չի առաջադրվի վարչության կազմում։ Նման հայտարարություն արել էր նաեւ Արա Սահակյանը։ Գուցե ինչ-որ խնդիրներ կան, գուցե մարտավարական տարբեր մոտեցումներ ունենք, բայց որեւէ գաղափարական տարաձայնություն մեր միջեւ չկա։ Եվ վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր դավանում են այս գաղափարները եւ սկզբունքները՝ ի վերջո համախմբվելու են։ Եվ ոչ միայն ՀՀՇ վարչության նախկին անդամները, այլ աջ, ազատական գաղափարախոսություն դավանող բոլոր կուսակցությունները եւ կազմակերպությունները»։ Համագումարի առաջին օրվա ընթացքում մեր այն հարցին, թե ի՞նչն է խանգարում աջ ուժերի միավորմանը՝ հավակնություննե՞րը, հին նեղացածություննե՞րը, թե՞ որեէ այլ պատճառ՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանել էր. «Ձեր ասած բոլորը միասին եւ այլ պատճառներ»։ Եթե գաղափարական նույնականության պայմաններում չի հաջողվում ներկազմակերպական խնդիրները լուծել միայն մի կուսակցության՝ ՀՀՇ-ի ներսում, բոլորովին իրական չի թվում այն հեռանկարը, թե աջ ուժերը կհաջողեն միավորվել։ Մեր այս դիտարկմանը պրն Արզումանյանն այսպես արձագանքեց. «Դուք համառորեն շատ սուր գնահատական եք տալիս։ ՀՀՇ-ի ներսում որեւէ կազմակերպական խնդիր գոյություն չունի՛։ Եվ դրա վառ ապացույցը 338 պատվիրակի մասնակցությունն էր մեր համագումարի աշխատանքներին»։ Ի դեպ, պատվիրակի մանդատ էին ստացել 410-ը, որոնք, ինչպես մեզ տեղեկացրին, ընտրվել են 10-ից 1-ը սկզբունքով։ Ըստ այդմ, ՀՀՇ-ն այսօր իր շարքերում միավորում է 4 հազար հոգու, որ բավական պատկառելի թիվ է այլ կուսակցությունների իրական թվաքանակը հաշվի առնելով։ Համախմբման գործընթացի դժվար ընթացքը պրն Արզումանյանը բացատրեց ազատական կուսակցությունների շարքերում վառ անհատականությունների ստվարությամբ. «Անհատականություններին մեկ կազմակերպության մեջ համախմբելը միշտ դժվար է ընդհանրապես»։ Վերոհիշյալ մարտավարական մոտեցումների շրջանակում դիտվեց այն հանգամանքը, որ ՀՀՇ 12-րդ համագումարի բանաձեւում բացակայում է գրեթե ավանդական պահանջը Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի վերաբերյալ։ «ՀՀՇ-ն չի փոխել իր մոտեցումները,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը։- Բանաձեւում մատնանշվում են այն բոլոր թերությունները, որ այսօր գոյություն ունեն Հայաստանի քաղաքական կյանքում։ Մենք ասում ենք, որ այսօրվա վարչակազմը չի կարողանում լուծել ժողովրդի եւ հասարակության առջեւ ծառացած եւ ոչ մի խնդիր։ Դա չի՞ նշանակում արդյոք, որ խնդիր լուծելուն անընդունակ նախագահը պետք է հեռանա»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031