Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

Անպատասխան հարցեր Այսօր մեր պետության համար օրախնդիր է «աջ» ընդդիմության ձեւավորումը, որը պետք է քննադատի ներկայիս իշխանության ակնհայտ բռնապետական դրսեւորումները, նպաստի իրական շուկայի, ազատ մրցակցության, արեւմտյան արժեքների հաստատմանը: Այդ դերը չեն կարող ստանձնել ԱԻՄ-ը եւ ՀՌԱԿ-ը, որոնք անթաքույց նախագահամետ են եւ դրանով, ի դեպ՝ ավելի ազնիվ, քան ԱԺՄ-ն, որը շարունակում է նստել երկու աթոռի արանքում: Անկախ այսօրվա իշխանավորների եւ նրանց արբանյակների ցանկությունից, ազատական ընդդիմությունը կարող է մոտակա տարիներին ձեւավորվել, այսպես կոչված, «ՀՀՇ-ածին ուժերից»: Սակայն դրա համար այդ ուժերը պետք է անցնեն գաղափարական սկզբունքների հստակեցման եւ ինքնահաստատման դժվարին ճանապարհ, որի ընթացքում տեղի կունենա մասնակի սերնդափոխություն եւ անցյալում թույլ տրված սխալների խոր գիտակցում: Այսօր «ՀՀՇ-ածինները» նյարդայնացած փակում են ականջները, երբ խոսք է գնում այդ սխալների մասին: Պատճառներից մեկը, հավանաբար, այն է, որ պաշտոնական քարոզչությունը 3 տարվա ընթացքում ամեն օր կրկնում է իր ավանդական բանաձեւերը «ալան-թալանի» եւ «նախորդ հանցավոր ռեժիմի» մասին: Սակայն խոսքը ոչ թե քարոզչական շտամպ ներին, այլ իրական ձախողումների լուրջ վերլուծությանն է վերաբերում: Որպես օրինակ հիշյալ ուժերին, առաջարկում եմ խորհել մի քանի հարցի շուրջ. ա/ ինչո՞ւ 94-98 թվականներին տնտեսական եւ, հետեւաբար, քաղաքական լծակները կենտրոնացան ուժային կառույցների եւ դրանց դրածոների (այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի) ձեռքերում, բ/ որքանո՞վ է համապատասխանում ազատական սկզբունքներին կուսակցություններից մեկի եւ բազմաթիվ լրատվամիջոցների գործունեության կասեցումը, գ/ հիշյալ ժամանակաշրջանում բոլոր գործարարների համար ապահովվեցի՞ն հավասար պայմաններ եւ խաղի միատեսակ կանոններ, դ/ 95 եւ 96 թվականներին իշխանությունը կարողացա՞վ անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ: Առանց նման հարցերի անկեղծ պատասխանի՝ ազատական ուժերին դժվար կլինի առաջ գնալ: Սակայն հիշյալ հարցերի պատասխանները չհնչեցին ՀՀՇ վերջին համագումարում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031