Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

«Ամենաճոխը Քոչարյանի սեղանը կլինի՝ բդո՜վ, ձկո՜վ, վիսկիո՜վ» Քանի որ Ամանորը ռեստորաններում կամ Հավայան կղզիներում դիմավորել մեր հայրենակիցներից շատ քչերը կարող են իրենց թույլ տալ, ստիպված հաշտվում ենք այն մտքի հետ, որ Նոր տարին ընտանեկան տոներից է, եւ այդ օրը պարտադիր պետք է տանն անցկացնես։ Եվ ընտանեկան բյուջեի մի զգալի մասը հայերս ներդնում ենք հնարավորինս հարուստ տեսականիով եւ թանկարժեք մթերքներով մեր սեղանները լցնելու գործին։ 21-րդ դարի շեմին այս ավանդույթն անփոփոխ է։ «Ըստ ձեզ՝ ո՞ւմ սեղանն աչքի կընկնի Նոր տարուն առավել ճոխությամբ, եւ ո՞րն է լինելու ձեր տոնական սեղանի զարդը»։ Այս (խոստովանում եմ) տափակ, բայց կոլորիտային պատասխան ենթադրող հարցն ուղղեցինք պատահական անցորդներին։ Չեմ համբերում նշել, որ մի հաճելի տիկին երեսիս շխկացրեց, որ իր կարծիքով ամենաճոխը լինելու է մեր խմբագիր Արամ Աբրահամյանի սեղանը (դրանում ողջ խմբագրությունը, ավանդույթի համաձայն, կփորձի համոզվել հունվարի 6-ին)։ Իսկ մինչ այդ Առեւտրի տեխնիկումի երբեմնի շրջանավարտ Անահիտ Հակոբյանը մեր հարցին այսկերպ պատասխանեց. – Ինձ թվում ա՝ ամենաճոխ սեղանները կունենան նախագահը, վարչապետը։ Նրանք կդնեն էն ամենաընտիր ուտեստները՝ «Արարատ» կոնյակներո՜վ, վիսկիներով տարբեր տեսակի, մրգեղենով, ընտիր բդով, իսկական թռչուններով։ Եսայան Կարինե, ապրանքագետ- Պարզ չի՞, բիզնեսմենները։ Նրանք հրավիրատոմսերով կգնան եսիմ ո՜ւր, ընտիր-ընտիր ուտելիքներ կուտեն։ Չէ՛, մեզ պես՝ կարտոշկա, մակարոն, թթու… 1-ին տաքսապարկի վարորդ Միշա Մուրադյանը խնդրեց իրեն այնպիսի հարցեր ուղղել, որոնց կարող է ստույգ պատասխանել- Բնական է՝ ովքեր կունենան ընտիր սեղաններ՝ հարուստները, նախարարը, պատգամավորը։ Ճոխ ասելով՝ հասկանում եմ լավ զարդարված, տարբեր տեսակի մրգերով, ճաշատեսակները լինեն, խորտիկները։ Իմ սեղանին տոլմա կլինի, բայց բուդ չի լինի։ Կլինի թեթեւագույն սեղան։ Մարիամ Շահմուրադյանը (ֆրանսերենի մասնագետ) հենց այն տիկինն էր, որը որպես ամենահարուստ սեղանի տիրոջ տվեց Արամ Աբրահամյանի անունը։ Սակայն՝ «Բալիկ ջան, մեզ համար ամենաճոխն այն սեղանն է, երբ շրջապատված ենք մեր երեխաներով, թոռներով։ Սեղանի ճոխությունն էական չէ, գիտե՞ք, անգամ եթե նախագահ ես։ Կարեւորը, որ լինես լավ մարդկանցով շրջապատված»։ Տիկինն, իրոք, իրավացի է։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել