Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

Երբ հաճելին համատեղվում է օգտակարի հետ Դեկտեմբերի 17-ին հայկական մի պատվիրակություն՝ հայ-իրաքյան բարեկամության խորհրդարանական հանձնախմբի նախաձեռնությամբ Իրաք էր մեկնել՝ շրջափակման մեջ գտնվող այս երկրին 6 տոննա մարդասիրական օգնություն տրամադրելու առաքելությամբ։ Սակայն այս այցելությունը տարաբնույթ գնահատականների է արժանանում։ Ոմանք կարծիք են հայտնում, թե Հայաստանն ինքը, որ տարածաշրջանում տակավին անբարենպաստ վիճակում է հայտնվել, չպետք է շտապեր բարեկամական ժեստ անել Իրաքին, որի դեմ Արեւմուտքն ու ԱՄՆ-ը հաջողությամբ շարունակում են տնտեսական պատժամիջոցներ կիրառել։ «Արեւմուտքն, իհարկե, հիմա ոչ մի կերպ չի արձագանքի այդ իրողությանը, բայց նա ոչ մի մանրուք բաց չի թողնում եւ չի մոռանում»,- նշեց քաղաքական դիտորդներից մեկը մեր զրույցի ժամանակ։ Հայաստանյան պատվիրակության Իրաք կատարած այցելությունն ամենեւին էլ միջազգային սկանդալ չէ, առավել եւս, որ այս իմաստով հայերն առաջինը չեն, որ օգնության ձեռք են մեկնում Իրաքին։ Ավելին, մեր օրենսդիրները կրկնօրինակում են Ռուստաստանի պետդումայի պատգամավորներին եւ մասնավորապես Ժիրինովսկուն։ Բացի այս, ՀՀ ԱԳՆ-ն, ինչպես հասկացանք, որոշակի ծրագրեր կամ սեփական մոտեցումներ ունի կապված Իրաքի հետ դիվանագիտական շփումներ հաստատելուն եւ այս իմաստով խրախուսել է հայ օրենսդիրների այս նախաձեռնությանը։ Թերեւս դրան այսօրվա իր ասուլիսում կանդրադառնա ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը։ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունում մեր այն հարցին, թե արդյոք Հայաստանի արտգործնախարարությունը մասնավորապես արեւմտյան երկրներից արձագանքներ ստացե՞լ է հայկական պատվիրակության այս այցելության առնչությամբ, պատասխանեցին՝ ոչ մի բողոք չի եղել։ Բանն այն է, որ ՄԱԿ-ի «Պարեն նավթի դիմաց» 661 բանաձեւի շրջանակներում, որը վերաբերում է Իրաքի դեմ պատժամիջոցներին, որեւէ երկիր հնարավորություն ունի ոչ միայն մարդասիրական օգնություն տրամադրել Իրաքին, այլեւ որոշակիորեն տնտեսական հարաբերություններ հաստատել։ Թերեւս այս էր պատճառը, որ Հայաստանում ոմանք կտրուկ վատ գնահատելով հայկական պատվիրակության այցը Իրաք, հեգնանքով ասում էին, թե մեր օրենսդիրների ու գործարարների նպատակը ոչ այնքան Իրաքի ժողովրդին օգնելն է, որքան սեփական բիզնեսի համար նոր շուկաների որոնումը։ Երբ այդ մեղադրանքը ներկայացրինք հայկական պատվիրակության ղեկավար, գործարար պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանին, վերջինս չժխտեց այս իրողությունը, թեեւ այն առաջին պլան էլ չմղեց։ Նա միայն ասաց, թե հայ-իրաքյան բարեկամության խորհրդարանական հանձնախմբի նպատակներից մեկն էլ, բնականաբար, երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությանն է վերաբերում։ Իրաքը շատ բանի կարիք ունի՝ սննդամթերքի, կաբելի, սարքավորումների, դեղորայքի, ցեմենտի։ Ըստ պարոն Ուլիխանյանի, Իրաքում հնարավոր է եղել բանակցություններ վարել եւ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել մասնավորապես ցեմենտի եւ դեղորայքի արտահանման ուղղությամբ։ Նրա խոստովանությամբ, համեմատաբար ավելի ռեալ է թվում հենց այս երկուսի՝ ցեմենտի եւ դեղորայքի արտահանման շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը։ Ըստ էության, եթե անգամ, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ այնքան հումանիզմի դրսեւորմանը, որքան հայ գործարարների գործնական շահագրգռություններին, ապա դա էլ ինքնին վատ նախաձեռնություն չէ, առավել եւս, որ հնարավոր է հայրենական ապրանքների համար նոր շուկաներ գտնել ի դեմս Իրաքի։ Ու թեեւ առայժմ հայ-իրաքյան տնտեսական համագործակցության ոլորտում էական տեղաշարժեր չկան՝ դրանք պարզապես վաղ է արձանագրել, այդուհանդերձ հայ օրենսդիրների հիշյալ հանձնախմբի նախաձեռնությամբ եւս մեկ այցելություն Իրաք նախատեսվում է իրականացնել արդեն հաջորդ տարի։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031