Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 26,2000 00:00

ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԵՎ ԻՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՄ Ես՝ Գայանե Սերյոժայի Մարգարյանս, որպես առաջին կարգի հաշմանդամ, գամված եմ անկողնուն։ Հայրս եւ բարեկամներս բուժման համար հավաքել էին 2000 դոլար։ Իմանալով այդ մասին, 1998թ. հոկտեմբեր ամսին հորաքրոջս որդիները՝ Գառնիկ եւ Գագիկ Սուքիասյանները իրենց բարեկամներ Գառնիկ եւ Գագիկ (Արթուր) Ադոջյանների հետ եկան ինձ տեսության եւ խնդրեցին այդ գումարը երկու ամսով իրենց հանձնել՝ ձեռնարկվող «բիզնես-ծրագիրը» իրականացնելու համար։ Ես մերժեցի, բայց հայրս իմանալով նրանց ունեցած անշարժ գույքի եւ հնարավորությունների մասին, համոզեց ինձ հանձնել այդ գումարը։ Բազմիցս խնդրել եմ բարեկամներիս վերադարձնել գումարը, որովհետեւ առողջությունս անհուսալի է դարձել։ Ես բազմիցս դիմել եմ Նոր Նորքի ՆԳ բաժին, դատարան, դատախազություն, «Առավոտ» թերթի խմբագրություն (ի դեպ, «Առավոտին» դատախազությունը խոստումնալից պատասխան էր տվել), կառավարման բոլոր ատյաններին, բայց ապարդյուն։ «Բարեկամներս» կարողացան հայկական ձեւով փակել միլիցիայի, քննիչների, դատարանի եւ դատախազության բոլոր անդամների բերանները եւ արդյունքում չի կայացվել որեւէ որոշում, իսկ ինձ հասանելիք գումարը չի վերադարձվել։ Այդ կազմակերպությունները պաշտպանում են հանցագործներին՝ չկայացնելով որեւէ որոշում։ ՀՀ ՆԳ նախարարությունը իմ բողոքին պատասխանեց՝ դիմեք վճռաբեկ դատարան։ Դուք պետք է հասկանաք, որ առանց դատարանի որոշման վճռաբեկ դատարան չեն դիմում։ Քանի որ այդ գործով դատ չի եղել, հետեւաբար որոշման մասին խոսք լինել չի կարող։ Վերջապես մի կողմից պայքարում եմ ձեր, մյուս կողմից՝ մահվան դեմ։ Երկու տարի է բողոքում եմ մի խումբ հանցագործների դեմ եւ խնդրում, որ ձեռնարկեք միջոցներ՝ արդարության հասնելու համար, իսկ դուք… 13.10.2000թ. «Առավոտ» թերթը իմ դիմումը մեկնաբանել է այսպես՝ կաշառակերության «հոտ» է գալիս, ես կավելացնեի, որ «գարշանքի» հոտ է գալիս։ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ Հ.Գ. Ի պատասխան քաղաքացու բողոքի՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Դալլաքյանը գրել է. «Ձեր դիմումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից արդյունքների մասին կիրազեկվի Ձեզ» ու համարել հարցը փակված։ Բողոքն ուղարկվեց այնտեղ, որտեղից դժգոհ է քաղաքացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել