Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 27,2000 00:00

ԻՆՉՊԵՍ ԷՐ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ՁԱԽՈՂՈՒՄ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ Փաստորեն իրականացան ԱԺ պետաիրավական հանձնաժողովի իրավաբան անդամների այն կանխատեսումները, թե համաներման շուրջ աղմուկը միայն կվնասի այդ գործընթացին։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու խնդրանքով հանրապետության նախագահին դիմելու նախաձեռնության հիմնական հեղինակը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, անտեսում էր այդ նախազգուշացումները։ Ըստ որոշ մեկնաբանությունների, պատճառն այն էր, որ նրան առավել մտահոգում էր սեփական վարկանիշն ու հեղինակությունն այս միջոցով ավելացնելը միայն։ Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ պրն Դալլաքյանն ասաց, թե «ուղղակի հումորով» է վերաբերվում նման մեկնաբանություններին. «Պատգամավորական 5 տարվա գործունեությանս ընթացքում երբեք ամբոխահաճո հայտարարություններ չեմ արել։ Բացարձակապես չեմ մտածել վարկանիշի կամ նման ձեւով հեղինակություն ձեռք բերելու մասին»։ Վիկտոր Դալլաքյանը նշեց, թե պետաիրավական հարցերի հանձնաժողովը դեռ 1997-ից է պարբերաբար այցելում կալանավայրեր՝ բյուջեի քննարկումների ընթացքում ՈՒԱՀ-ներին ֆինանսավորելու առաջարկներ եւ առկա հիմնախնդիրներն օրենսդրորեն ներկայացնելու նպատակով։ Հիշեցրեց, որ կալանավայրերին առնչվող ընդունված օրինագծերից մեկի հեղինակն ինքն է։ Մյուս նախաձեռնությունը, որի միջոցով ավելացվեց տեսակցությունների եւ սննդի հանձնույթի թույլատրելի քանակը, համահեղինակներն Արթուր Բաղդասարյանն ու էլի Վիկտոր Դալլաքյանն են։ «Այդ այցելությունների արդյունքում մշտապես եղել է այն գաղափարը, որ ՈՒԱՀ-ներում պահվող, պաշտոնական տվյալներով՝ 6500 դատապարտյալների նկատմամբ, հավանաբար, անհրաժեշտություն կա ցուցաբերել մարդասիրական վերաբերմունք,- ասաց պրն Դալլաքյանը,- քանի որ շատերը հայտնվել են փշալարերի հետեւում նաեւ ոչ օրինական դատավճիռների, հիմնականում սոցիալական ծանր իրավիճակի հետեւանքով»։ Հայտնի է, թե լավագույն մտադրություններով է սալահատակված դեպի դժոխք տանող ճանապարհը։ ԱԺ-ի շուրջ 60 պատգամավորների դիմումը Ռոբերտ Քոչարյանին՝ համաներում հայտարարելու վերաբերյալ, հակառակ ազդեցությունն ունեցավ։ Նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանեց՝ քանի որ պատգամավորների հայտարարությունից հետո փաստեր արձանագրվեցին, թե առիթից օգտվելով որոշ անձինք փորձել են իրենց շահն ունենալ այս ամենից՝ համաներման գործընթացը կասեցվել է։ Վիկտոր Դալլաքյանը որպես անհամաձայնության նշան հիշեցրեց, որ մինչ այժմ Հայաստանում եղած 5 համաներումներին էլ նախորդել են դրանց մասին խոսակցությունները։ «Գործընթացից ինչ-ինչ շահեր» ունեցողների առնչությամբ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը մի ուշագրավ դիտարկում հայտնեց. «Մի նրբություն կա՝ համաներման ենթակա հոդվածների ցանկը, քանակը եւ դրանց ամբողջ ընդգրկումը կարող է իմանալ միայն հանրապետության նախագահը, նրա իրավաբանական ծառայության ղեկավարը, արդարադատության նախարարը»։ Բնականաբար, խոսքը մինչեւ այդ ցանկը խորհրդարանին ներկայացնելու փուլի մասին է։ «Այսինքն, եթե համաներման ենթակա հոդվածների վերաբերյալ տեղեկատվության արտահոսք լիներ էլ՝ այն կարող էր լինել միայն նախագահի աշխատակազմից, քանի որ նրանք են նախապատրաստում բոլոր փաստաթղթերը։ Եվ «առիթից օգտվող անձանց» նյութ կարող էին տրամադրել միայն նախագահի նստավայրից ու ոչ թե ԱԺ պետաիրավական հանձնաժողովից»,- ասաց պրն Դալլաքյանը՝ մատնանշելով հենց նախագահի խոսնակի պատասխանում առկա այն ակնարկը, թե պատգամավորների նախաձեռնությունը որեւէ դեր չի խաղացել համաներման նախապատրաստական աշխատանքներում։ «Ես ցավում եմ, որ համաներման նման մարդասիրական մեծ ակցիան կարող են պայմանավորել ինչ-որ անձանց առիթից օգտվելով եւ շահերով,- ամփոփեց Վիկտոր Դալլաքյանը։- Դա բացարձակապես անթույլատրելի է. ցանկացած գործընթացում էլ գտնվում են մարդիկ, ովքեր փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ։ Ուղղակի պետք է վերահսկողություն իրականացնել, որ համաներումը բնականոն ընթացք ունենա»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել