Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 28,2000 00:00

«ԱՄԲՈՂՋ ԱԶԳՈՎԻՆ ՄԵՆՔ ՄԱՐՔՍԻՍՏ ԵՆՔ» Գտնում է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, որը մեր խնդրանքով ամփոփեց 2000 թվականը։ Հայաստանի մարքսիստական կուսակցությունը հիմնադրվել է 1997-ի հունիսին։ Դավիթ Հակոբյանը համարում է, որ իրենք 1899-ին Ջալալօղլիում հիմնադրված Հայաստանի առաջին մարքսիստական կուսակցության հետեւորդներն են. «Փաստորեն Գեորգի Վալենտինովիչ Պլեխանովի եւ Ստեփան Գեորգիեւիչ Շահումյանի կուսակցության հետնորդներն ենք իրավամբ»։ Ավանդական կուսակցությունների շարքը հպարտությամբ համալրող հայ մարքսիստների առաջնորդն այս գնահատականն ունի վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ. «10 տարիների կեղծ ժողովրդավարների, կեղծ բարեփոխիչների եւ ինչպես մենք ենք ասում՝ հարթակի քաղաքական «Բիթլզների» տնտեսական քաղաքականությունն այսօր կրախի՛ ենթարկվեց։ Մեր կառավարությունն ու նախագահն այդպես էլ չկարողացան մշակել տնտեսական դոկտրինա»։ Որպես երբեմնի բիթլոման՝ խիստ վիրավորվեցի մեր կառավարությունների եւ «Բիթլզի» համեմատությունից։ Դավիթ Հակոբյանը պարզաբանեց, թե որն է այս զուգահեռի եզրը. «Երկուսի ծնունդն էլ թռիչքաձեւ էր, արա՛գ, ընդհանուր, այսպես կոչված, ամբոխավարական էյֆորիայի ալիքների վրա։ Այսինքն, հասարակությունը նրանց որպես այդպիսի առաջնորդներ չէր ձեւավորել, չէր մշակել»։ Մարքսիստական կուսակցության նախագահը նույն չափանիշներով էր գնահատում նաեւ հանրապետության նախագահի գործունեությունը. «Տեսական գիտելիքների պակասությունը նկատվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Երբեմն ինձ հարցնում են, թե բժիշկը (որ է Դավիթ Հակոբյանը մասնագիտությամբ.- Ա. Ի.) ի՞նչ գործ ունի քաղաքական արենայում։ Ես պատասխանում եմ՝ ի՞նչ եք կարծում, պարոնա՛յք, հեռակա ավարտած էլեկտրիկը կամ բանասերը կարո՞ղ են լինել հանրապետության նախագահ, իսկ բժշկական ինստիտուտը, որտեղ 60-ականներին հավաքվում էր ազգի, երիտասարդության սերուցքը՝ չի՞ կարող լինել քաղաքական արենայում գործող անձ»։ Այս հարցի պատասխանը կմեջբերենք ավելի ուշ, իսկ հիմա վերադառնանք երկրի գործող նախագահին. «Ամեն ոք, ով համարձակվում է այդ քաղաքական պորտֆելը վերցնել՝ այսօր պետք է բարձր, ինտելեկտուալ, բազմակողմանի զարգացածության տեր անձնավորություն լինի,- այս պնդումից հետո հետաքրքրվեցինք, թե այդպիսի՞ն է, չէ՞, Ռոբերտ Քոչարյանը։- Բացարձակապե՛ս։ Այդ մարդը ոչ միայն ազգային, այլ նաեւ ժամանակակից նորագույն պատմությանն անտեղյակ է։ Այդ մարդն այդպես էլ չկարողացավ ստեղծել ժամանակակից ազգային գաղափարախոսություն»։ Պատմության իր իմացությունը Դավիթ Հակոբյանը ցուցադրում էր մեր ողջ զրույցի ընթացքում՝ խոսքը համեմելով պատմական իրողությունների վերաշարադրանքով, անպայման նշելով տարեթիվը եւ օրը։ Քաղաքական գործիչներից այս առումով նրա հետ մրցակցել կարող է թերեւս միայն Արտաշես Գեղամյանը։ Ի դեպ, Դավիթ Հակոբյանը շատ անբարենպաստ կարծիք հայտնեց վերջինիս գլխավորած կուսակցության վերաբերյալ. «Ազգային միաբանությունը» ոչինչ չասող, գաղափարախոսություն չունեցող մի քաղաքական կառույց է»։ Պատահական անդրադարձի առիթն այն էր, որ մինչ այդ պրն Հակոբյանն ասում էր, թե ժամանակը եկել է եւ պիտի ազգովին նախապատրաստենք «վերկուսակցական, ազգային միաբանության խորհրդանիշ դարձած առաջնորդ-հերոսին»։ Ես էլ ենթադրեցի, թե խոսքն Արտաշես Գեղամյանի մասին է։ Քաղաքական այլ կուսակցությունների վերաբերյալ մարքսիստական կուսակցության առաջնորդը մի առիթով ասել էր՝ տեղ-տեղ դիմելով Ղարաբաղի բարբառի օգնությանը. «Բոլոր պառլամենտական կուսակցությունները քաղաքականապես շնանում են նախագահին՝ ազգային շահերը թողած։ Իսկ նախագահն էլ ամենքի ըռխով մի զատ ա քցել, որպեսզի տազ անեն»։ Այժմ թարգմանեց. «Այսինքն՝ ամենքի բերանը մի բան է գցել, որ նրանք լռեն՝ մեկին մի նախարարի պորտֆել, մյուսին՝ ուրիշ բան։ Պառլամենտ-նախագահ փոխհարաբերություններում ուղղակի քաղաքական առեւտուր է կատարվում»։ Դավիթ Հակոբյանը նաեւ գտնում էր. «Այսօր հանրապետությունում ինչպես գաղափարախոսական վակուում է, այնպես էլ առաջնորդների վակուում է», կուսակցական կառույցներում՝ «թայֆաբազություն, խունտիզմ է»։ Տեղն է մեջբերել պատասխանն իր այն հարցի, թե արդյոք բժշկական ինստիտուտը կարո՞ղ է դառնալ գործող անձ քաղաքական բեմահարթակում։ Առավել հասկանալի բառերով՝ ունի՞ արդյոք հայ մարքսիստների առաջնորդը երկրի ղեկավար դառնալու հավակնություն. «Ես կգամ իշխանության թե ոչ՝ կարեւոր չէ։ Բայց որ մարքսիզմը, որպես գաղափարախոսություն, նորից գալո՛ւ է իշխանության՝ դա անվերապահ գիտեմ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031