Լրահոս
Օրվա լրահոսը

Կգա նաեւ Ռոբերտ Նազարյանին գրկելու եւ համբուրելու օրը

Հունվար 16,2001 00:00
robert nazaryan

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ամուր համբույրից եւ գրկախառնությունից անմիջապես հետո Ալբերտ Բազեյանը քաղաքապետի պաշտոնը Ռոբերտ Նազարյանին փոխանցեց։ Նոր քաղաքապետի մասին շատ բան հայտնի չէ։ Հայտնի է, որ նա վերջին տարիներին եղել է ամենաեկամտաբեր՝ էներգետիկ ոլորտի չինովնիկ։ Մեր համաքաղաքացիները նրան ճանաչելու առիթներ դեռեւս կհասցնեն ունենալ։

Ամեն դեպքում մեր՝ մի քիչ ճաշից հետո մանանեխ հիշեցնող «Ո՞ւմ կընտրեիք դուք, եթե քաղաքապետի պաշտոնն ընտրովի լիներ» հարցին շարքային երեւանցիների պատասխաններն անհետաքրքիր չեն։

Հարություն Սարաֆյան, ձեռներեց– Երեւանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, իսկ քաղաքական դաշտում նորմալ քաղաքական գործիչ այսօր չեմ տեսնում, որը կկարողանար այդ պաշտոնը զբաղեցնել։ Երեւանում է Հայաստանի բնակչության կեսը, եւ քաղաքապետը, փաստորեն, կիսապրեզիդենտի լիազորություններ պիտի ունենա։ Մի խոսքով, որեւէ թեկնածու չեմ տեսնում։

Արմինե Զարգարյան, երաժիշտ– Բայց ո՞ւմ են ընտրել քաղաքապետ։ Չգիտեմ, քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում։

Ռոլանդ Աբրահամյան, ինժեներ-մեխանիկ– Անձամբ ես նորից Բազեյանին կընտրեի։ Նա ժողովրդի մասին մտածող էր, կռվող էր, նա ամեն ինչ անում էր… բայց թույլ չեն տալիս, խեղդում են։ Էս նորը որ նստեց, ի՞նչ պիտի անի։ Ոչի՛նչ։

Սոնա Սիմոնյան, գործազուրկ– Հա՞, քաղաքապետին փոխել ե՞ն։ Նորը, որ մուրացկանությունը վերացնի, լավ կանի։

Հարություն Մովսիսյան, Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի դերասան– Նոր քաղաքապետին չեմ ճանաչում։ Ես կընտրեի Սուրեն Աբրահամյանին։ Նա իսկական երեւանցի տղա է, հրաշալի գիտի հայոց պատմությունը եւ շատ է սիրում իր քաղաքը, իր երկիրը։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031