Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԱ-ում

Փետրվար 02,2001 00:00 Share

«ՏԵՂ ՄԸ ՊԻՏԻ՞ ՆՍՏԻՆ ԵՎ ԽՈՍԻՆ» ՄԱԱ-ում ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանին ուղղված հարցերի առյուծի բաժինը վերաբերում էր Ցեղասպանության ճանաչման գործընթացներին։ Նույն խնդրին էին առնչվում նաեւ «Առավոտի» հարցադրումները։ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը վերջերս կարեւորել էր, որ Ցեղասպանության ճանաչումը բարոյական հարթությունից տեղափոխվի որոշակի նվաճումների դաշտ, նաեւ ընդգծել. «Մեր որոշ պաշտոնյաների՝ արտասահմանյան դիվանագետների ականջին ասված շշնջոցները, թե Հայաստանը տարածքային կամ այլ պահանջներ չունի եւ Ցեղասպանության ճանաչումը զուտ բարոյական խնդիր է՝ Դաշնակցության համար ընդունելի չէ»։ Կարելի՞ է եզրակացնել, որ ՀՅԴ Բյուրոն այս առումով որոշ դժգոհություն ունի ներկա իշխանություններից՝ «Առավոտի» հարցին ի պատասխան Մարիո Նալբանդյանը հատու ազդարարեց. «Ո՛չ մեկ դժգոհություն կա այդ առումով»։ Ավելի ուշ փորձեցինք պարզել, թե ուրեմն ինչո՞վ է բացատրելի ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցչի խոսքերում առկա դժգոհությունը։ «Ես չգիտեմ, թե ինչ համատեքստի մեջ է ընկեր Վահանն արել այդ արտահայտությունը։ Չգիտեմ, թե նա դա ի՞նչ ձեւով էր մեկնաբանել եւ հասել այդ եզրակացությանը։ Բայց ես իմ ասածիս վրա կմնամ»,- պատասխանեց պարոն Նալբանդյանը։ Ի դեպ, նրա համար նշեցինք այն թերթի համարը, որից արված էր մեջբերումը, որպեսզի ծանոթանալով համոզվի՝ այն բոլորովին էլ համատեքստից կտրված չենք ներկայացրել։ Նկատենք, որ Վահան Հովհաննիսյանը շատ է այնպիսի կտրուկ հայտարարություններ անում, որոնց վրա նրա կուսակիցները ստիպված են լինում բավական ճգնել՝ տպավորությունը մեղմելու համար։ Հիշենք թեկուզ բյուջեին անպայմանորեն դեմ քվեարկելու նրա հավաստիացումը եւ կառավարության գործունեությանը տրված ոչ հիացական գնահատականները։ Գոնե Մարիո Նալբանդյանն այդչափ կտրուկ եւ անհամբեր չէր Թուրքիային Հայաստանի առաջադրելիք տարածքային պահանջների խնդրում։ Մեր խնդրանքով մեկնաբանելով նախագահ Քոչարյանի հայտարարությունը՝ «Այսօր Հայաստանը որպես պետություն, իմ կարծիքով, իրավական առումով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նման իրավասություններ չունի», պրն Նալբանդյանն ասաց. «Անհատները կարող են դիմել եւ արդեն եղած է այդ դիմումը։ Ինչ վերաբերում է պետության դիմելու կարելիություններին, սա տակավին պիտի ուսումնասիրվի։ Մինչեւ այսօր պետք եղած օրենսդրությունը չունենք Հայաստանի մեջ, որը կսահմաներ այդ պահանջատիրության իսկական կարելիությունները եւ սահմանները»։ Արդեն եղած դիմումների առնչությամբ պարզաբանվեց, որ առնվազն 10 հազար ամերիկահայեր անձնապես դիմել են դատարան՝ Թուրքիայում իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար, պահանջելով բարոյական եւ նյութական փոխհատուցում։ Նույն գործընթացները սկսվել են նաեւ Արգենտինայում։ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական դիվանի այս անդամը կողմնակից էր հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ խոսակցությունը շարունակելուն։ Այս առնչությամբ հետաքրքրվեցինք, թե ինչ դիրքորոշում ունի հայ եւ թուրք պատմաբանների միջեւ երկխոսություն սկսելու վերաբերյալ։ Մանավանդ որ վերջերս ՀՅԴ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթի կազմակերպած կլոր սեղանի շուրջ զրույցում տիրապետող մտայնությունն այն էր, որ ոչ Թուրքիան է անկեղծորեն պատրաստ քննարկելու այդ հարցը, ոչ էլ Հայաստանը։ «Գնալ երկխոսության պատմաբանների մակարդակով՝ մեզ համար նշանակում է քայլ անել դեպի ետ»։ «Մենք ոչ մի ասելիք չունենք թուրք պատմաբաններին, որովհետեւ մի թույլ քայլ՝ եւ կնշանակի, որ մենք նույնպես կասկածի տակ ենք դնում գոյություն ունեցող փաստը։ Դա անթույլատրելի է»։ Հայաստանցի գիտնականների խոսքից մեր այս մեջբերումները լսելուց հետո Մարիո Նալբանդյանը պատմեց, որ հունվարի 26-ին Նյու Յորքում տեղի է ունեցել ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի կազմակերպած հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ սեմինարը, որին մասնակցել են պրոֆեսորներ Ռիչարդ Հովհաննիսյանը, Ռոնալդ Սյունին, Լեւոն Մարաշլյանը եւ Պարտակչյանը։ Այստեղ պարզվել է. «Նույնիսկ իրենք՝ պատմաբաններն այս հարցի շուրջ հստակ տարբերություններ են պարզում»։ Այսուհանդերձ, նա կարեւորում էր այս հարցի լուծման համար նաեւ պատմաբանների դերը. «Այսինքն՝ վերջապես տեղ մը պիտի՞ նստին եւ պիտի՞ խոսին»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել