Լրահոս
Օրվա լրահոսը

Թեպետ ԿԳ նախարարի հրամանով հունվարի 29-ից դպրոցներում դասերը վերսկսվել

Փետրվար 02,2001 00:00

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԴԱՍԻ ԵՆ ՆՍՏՈՒՄ ՎԵՐԱՐԿՈՒՆԵՐՈՎ Իսկ ֆիզկուլտուրայի դասերը բոլորովին մոռացված են Թեպետ ԿԳ նախարարի հրամանով հունվարի 29-ից դպրոցներում դասերը վերսկսվել են, բայց մեր խմբագրությանը պարբերաբար տեղեկացնում են, որ մայրաքաղաքի որոշ դպրոցներ, ջեռուցման բացակայության պատճառով, ամեն օր երեխաներին հետ են ուղարկում կամ դասերը կիսատ-պռատ են անում։ Ծնողները հավաստիացնում են, որ դասին ներկա է լինում ընդամենը 6-7 աշակերտ։ Ուսուցիչներն ասում են, որ երեխաները ոչ թե դաս են լսում, այլ երազում են վառարանների մոտ հայտնվել։ Ջերմային տնտեսության վարչության պետ Ռոբերտ Բուղդարյանից տեղեկացանք, որ մայրաքաղաքի 200 դպրոցներից կենտրոնացված համակարգով ջեռուցվում է միայն 20-ը։ Մնացածների բախտը չի բերել այն պարզ պատճառով, որ գտնվում են չջեռուցվող տարածքում։ Այն տարածքներում, որտեղ բնակելի շենքերը չեն ջեռուցվում, ջեռուցում չունեն նաեւ դպրոցները։ Իսկ դպրոցը բնակելի շենքերի համակարգից անջատելը կապված է որոշակի ծախսերի հետ։ Անձամբ համոզվելու համար, թե ինչ պայմաններում են ընթանում դասերը, երեկ այցելեցինք Ավանի թիվ 170, 171 եւ 104 դպրոցները։ Տեղեկացանք, որ թիվ 171 դպրոցը պատկանում է այն բախտավորների շարքին, որոնք ջեռուցվում են։ Իսկ 170-ը, կարելի է ասել, կիսաբախտավոր է, քանի որ մասնակի էր ջեռուցվում։ Դասարանների մեծ մասը տաքացվում է էլեկտրական սալիկներով եւ Ցպվ-երով, որոնք բավարար ջերմաստիճան չեն ապահովում։ Որոշ դասարաններում դասի էին նստած վերարկուներով։ Թիվ 104 դպրոցի վիճակը ավելի վատ էր։ Դպրոցը ջեռուցվում է էլեկտրական սալիկներով, բայց քանի որ դասարաններում շատ ցուրտ էր, աշակերտները դասերը կրկին յոլա էին տանում վերարկուներով։ Նորքի 2-րդ զանգվածի թիվ 135 եւ 139 դպրոցները ջեռուցվում են կենտրոնացված համակարգով։ Դասերը նորմալ են ընթանում, աշակերտների հաճախելիությունը բարձր է։ Ձմռանը հատկապես դժվար է դառնում ֆիզկուլտուրայի դասերի կազմակերպումը։ Յուրաքանչյուր դպրոց այն յուրովի է անցկացնում։ Չջեռուցվող դպրոցները ի վիճակի չեն ֆիզկուլտուրայի դասերն անցկացնել ցուրտ դահլիճներում, քանի որ աշակերտներին մարզելու փոխարեն ծանր կհիվանդացնեն։ Այդ պատճառով որոշ դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերն ընդհանրապես հանված են։ Իսկ թիվ 104 դպրոցը ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում է տեսականորեն (՞)։ Ջեռուցվող դպրոցներում եւս ֆիզկուլտուրայի դասեր չեն անում։ Ասենք, թիվ 171 դպրոցը ունի հիանալի դահլիճ, բայց չունի ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Իսկ թիվ 170 դպրոցը եւ դահլիճ ունի, եւ ուսուցիչ, բայց աշակերտները համապատասխան համազգեստ չունեն, քանի որ ծնողները անվճարունակ են։ Իսկ այս ամենը սպառնում է ունենալ ոչ միայն անգրագետ, այլեւ վատառողջ սերունդ։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ Հ.Գ. Թեեւ երեկվա մեր շրջայցը չընդգրկեց Նորքի 4-րդ եւ 5-րդ զանգվածների դպրոցները, բայց, մեր այցելած դպրոցների ուսուցիչների հավաստմամբ, այնտեղ վիճակը շատ ավելի անմխիթար է։ Այդ դպրոցները իբր թե ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, սակայն դրանցով անհնար է բավարար ջերմաստիճան ապահովել։ Իսկ թիվ 7 եւ 24 դպրոցների աշակերտների ծնողների պնդմամբ, դասարաններում ցուրտ լինելու պատճառով յուրաքանչյուր դասարանում 4-5 աշակերտ է ներկա լինում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել