Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտներից մեկն արդեն 9 անգամ քրօրենսգրքի հետ շախմատ է խաղացել»

Փետրվար 02,2001 00:00

Նրանք երեխայիս պահել էինզգեստապահարանում «Աշոտներից մեկն արդեն 9 անգամ քրօրենսգրքի հետ շախմատ է խաղացել» Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը 2000թ. նոյեմբերի 13-ի դատավճռով համապատասխանաբար 11եւ 12 տարվա ազատազրկման է դատապարտել Աշոտ Հարությունյանին եւ Աշոտ Գրիգորյանին։ Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել մայրաքաղաքի Կոնդի փողոցի թիվ 51 տան եւ Խորենացու փող. թիվ 44 տան բնակիչների վրա 1996թ. հոկտեմբերի 3-ին եւ 1997թ. հուլիսի 13-ին ավազակային հարձակում գործելու եւ մեծ արժողությամբ զարդեղեն հափշտակելու հիմքերով։ Երեկ խմբագրություն զանգահարեց տուժող Հայկուշ Բասմաջյանը։ Նա իր վրդովմունքը հայտնեց «Ելք» իրավական, հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Մաոզյանի «Առավոտում» (31.01.2001թ.) տպագրված «Ավազակային հարձակում օրենքի վրա» հրապարակման առնչությամբ, մասնավորապես, իրեն «մեղսագրված» նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների կապակցությամբ։ «Ելքի» նախագահը գրել էր. «Ավելի քան մեկ տարի տարբեր առիթներով լրացուցիչ ցուցմունք տալիս՝ Հ. Բասմաջյանը կրկնել է իր նախորդ ցուցմունքները, բազմիցս նշելով, որ հանցագործները ունեցել են սեւ դիմակ եւ ինքը տեսել է նրանց աչքերն ու բերանները, հետեւաբար, նրանց ճանաչել է»։ Տուժողը մեզ ներկայացրեց 1996թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 11-ին տեղի ունեցած ավազակային հարձակումը, թե ինչպես երկու զինվորական համազգեստներով (մեկը՝ դիմակով) մտան իրենց բնակարան։ Նրանցից մեկը թիկնեղ էր եւ զենքը պահել է 12-ամյա տղայի վրա, դանակով կարճահասակ տղամարդը՝ իր վրա։ Հանկարծակիի գալով՝ ուշագնաց է եղել։ Ու երբ նաշադրի հոտից սթափվել է, տեսել է, թե ինչպես էին իրեն քարշ տալիս հարակից սենյակ։ Հանցագործները տղային կողպել էին զգեստապահարանի մեջ եւ իրենից պահանջել էին գումար, ոսկեղեն։ Տունն այդ ընթացքում տակնուվրա էր արվում։ Ազատորեն։ Հայկուշ Բասմաջյանը 17 հարված ստացավ գլխին, մարմնական տարբեր կարգի վնասվածքներ, ու երբ նրան հասցին հիվանդանոց՝ պարզվեց 15-20 րոպեի կյանք ուներ, եթե չվիրահատվեր (հիվանդանոցում գումար ընկնելով)։ Նա պատմեց նաեւ, որ Աշոտներից մեկը քիչ անց դիմակը դեմքից հանել է եւ քրտինքը սրբել։ Ու երբ իրեն տարել են նախաքննության փուլում առերեսման, ինքն անմիջապես ճանաչել է նրանց։ Հ. Բասմաջյանը իրավական կազմակերպության նախագահ Խ. Մարոզյանի ուսումնասիրության կապակցությամբ հայտնեց, թե մտադիր է դիմել առաջին ատյանի դատարան՝ «որ ինձ ստախոս է անվանում», կասկածի տակ դնելով իր ցուցմունքները, այն դեպքում, երբ իր վրա են հարձակվել, հասցրել մարմնական եւ նյութական վնաս, եւ որ իրավապաշտպանն այս բոլորից անտեղյակ է։ «Ճանաչման ներկայացված նկարներից տուժողը «ճանաչել» է Ա. Գրիգորյանին՝ որպես նիհար-բարձրահասակի, իսկ Ա. Հարությունյանին՝ որպես կարճահասակ-մարմնեղի»։ Տուժողը ասաց, որ երբ ճանաչել է Հարությունյան Աշոտին, նա ասել է. «Քանի որ դու ինձ ճանաչեցիր, մորս կասեմ տունը կծախի, վնասը կհատուցի»… Իսկ վնասը դեռ հատուցվում է։ Ինչ վերաբերում է նրան, թե Ա. Հարությունյանը գտնվել է Մոսկվայում, ապա քննիչ Արսեն Սարգսյանը այնտեղ եղել է գործուղման մեջ եւ պարզել հակառակը։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել