Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտին» հասած լուրերի համաձայն՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հանձնաժողովի զբա

Փետրվար 02,2001 00:00

Քրիստոնեական ժուժկալությամբ «Առավոտին» հասած լուրերի համաձայն՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հանձնաժողովի զբաղեցրած Զաքիյան 10 հասցեի երկու հարկերում մինի հեռախոսացանց է տեղադրվելու։ Լուրը նույնիսկ տպագրելու անհրաժեշտություն էլ չէր լինի, եթե անհասկանալի չլիներ, թե մեկ տարով վերոնշյալ հասցեի շենքի մեկ, մեկուկես հարկը վարձակալած եւ քիչ աշխատակիցներ ունեցող այդ հանձնաժողովի ինչին է պետք մինի հեռախոսացանցը։ Այն, ի դեպ, էժան չէ։ Հանձնաժողովի հասարակության եւ մամուլի հետ կապերը կոորդինացնող Ծովինար Սարգսյանին խնդրեցինք պատասխանել, թե նախ՝ ի՞նչ արժե մինի հեռախոսացանցը, որքանո՞վ էր անհրաժեշտ այդ փոքրիկ կառույցին եւ, առհասարակ, քանի՞ աշխատակից ունի հանձնաժողովը եւ մեկ տարի անց, երբ հանձնաժողովը դադարեցնի իր բեղմնավոր աշխատանքը, ի՞նչ ճակատագիր է սպասվում այդ մինի հեռախոսացանցին։ Ըստ Ծովինար Սարգսյանի՝ մինի հեռախոսացանցը գնվել է «Քրիստոնյա Հայաստան» հիմնադրամի միջոցներով (այս հիմնադրամը հանձնաժողովին նյութական միջոցներով ապահովելու նպատակով է ստեղծված)։ Արժեքը 482 հազար դրամ է (գումարած տեղադրման ծախսերը)։ «Մենք շատ ենք, եւ այդ կապը մեզ անհրաժեշտ է»,- ասաց Ծ. Սարգսյանը։ Մեր խնդրանքին՝ նշել աշխատակիցների կոնկրետ թիվը, նա մեզ առաջարկեց հաշվել։ Քանի որ իրենից, Խոսրով Հարությունյանից եւ վերջինիս քարտուղարուհուց բացի որեւէ մեկին չկարողացանք մտաբերել, մամուլի քարտուղարը հավելեց. «Տեղակա՜լը, էլի՛ մարդիկ կան»։ Իսկ թե ի՞նչ է սպասվում մինի ATC-ին մեկ տարի անց, նա արդեն չգիտեր։ Աչքի առաջ ունենալով Խոսրով Հարությունյանի բուռն գործունեությունն ու պրպտուն միտքը՝ ենթադրում ենք, որ հաջորդ տարվանից հանձնաժողովը կսկսի նախապատրաստվել Հայաստանում քրիստոնեության ընդունման 1800-ամյակին։ Իհարկե, Խոսրով Հարությունյանի նախագահությամբ։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել