Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արաբկիր

Փետրվար 07,2001 00:00

ԵՎ ԹՈՂ ՄԵԶ ԶՊԱՐՏԻՍ ՄԵՐ Արաբկիր թաղամասի Ադոնց փողոցի մի խումբ բնակիչներ «Առավոտի» խմբագրությանը ուղարկած նամակում գրել էին, որ իրենք տարիներ շարունակ ջեռուցում էին ստանում ալյումինի գործարանի կաթսայատան միջոցով։ Այն, իրենց հավաստմամբ, կառուցվել է հենց տվյալ փողոցի բնակիչների համար, քանի որ այնտեղ բնակվում են «Կանազ» գործարանի աշխատողները։ Բնակիչները նշել էին, որ «Կանազ»՝ ներկայումս «Արմինալ» հայ-ռուսական ձեռնարկությունը հրաժարվում է ջեռուցում տալ։ Երբ իրենք փորձել էին պարզել պատճառները, «Արմինալը» մեղքը գցել է թաղապետարանի, թաղապետարանը՝ ջերմային տնտեսության, ջերմային տնտեսությունը՝ «Արմինալ» ձեռնարկության վրա։ Բնակիչները «Արմինալ» ձեռնարկությունից պարզել են, որ ջերմային տնտեսությունը վերջինիս պարտք է 22 մլն դրամ եւ մինչեւ այդ գումարը չմուծվի՝ ջեռուցում չի լինի։ Տարիներով չջեռուցվող Արաբկիրի հանգույցը խիստ վերանորոգման կարիք ունի։ (Մինչեւ ընտրությունները նորոգել խոստացել է տվյալ թաղամասի պատգամավոր Ռոբերտ Ենգոյանը, բայց խոստումը չի կատարել)։ Վերջերս պայքարող բնակիչները հասան նրան, որ թաղապետարանը տվեց մի գրություն, որտեղ նա պարտավորվում է 6 մլն դրամ տրամադրել տվյալ հանգույցի նորոգման համար։ Սակայն բնակիչները նշել էին, որ, այնուամենայնիվ, «Արմինալի» եւ ջերմային տնտեսության մեղքով իրենց ջեռուցման ցանկությունը յոթ սարերի ետեւում է։ Այսքանը բնակիչների նամակից, իսկ ջերմային տնտեսության պետ Ռոբերտ Բուղդարյանից տեղեկացանք, որ «Կանազի» կաթսայատունը կառուցվել է ոչ բնակիչների համար, այն պատկանում է գործարանին։ Այսինքն, բնակիչները տարիներ շարունակ ջեռուցում են ունեցել այն պարզ պատճառով, որ գործարանի ավելացուկ հզորությունը օգտագործվել է իրենց ջեռուցում տալու նպատակով։ Իսկ նամակում նշված 22 մլն դրամ պարտքը ջերմային տնտեսությունն արդեն փակել է։ Ներկայումս ջեռուցում չունեն, որովհետեւ այն ժամանակ ջերմային տնտեսությունը գործարանից գնել է ջերմային էներգիա եւ վաճառել բնակիչներին։ Բնակիչներն այդ գումարները չեն վճարել, արդյունքում կուտակվել է ահռելի պարտք։ Իսկ անվճար ջեռուցում տալ՝ ջերմային տնտեսությունն ի վիճակի չէ։ Բացի սրանից, անցյալ տարվա ջեռուցման ծրագրով տվյալ թաղամասը նախատեսված չի եղել, պատճառը գումարի բացակայությունն է։ Պրն Բուղդարյանը հավաստիացնում է, որ Արաբկիրի թաղապետարանը պատրաստ է վերանորոգման աշխատանքների համար վճարել 6 մլն դրամ։ Բայց դրանով հարցը չի լուծվում, քանի որ Ռ. Բուղդարյանի խոսքերով՝ «ոչ ոք չի պատրաստվում փակել բնակիչների մոտ 11 մլն դրամ պարտքը»։ Եթե նույնիսկ բնակչությունը փակի իր պարտքը, ջեռուցում տալը կրկին մնում է հարցականի տակ, քանի որ, ըստ Ռ. Բուղդարյանի, ջերմային էներգիայի՝ «Արմինալի» սահմանած սակագինը բարձր է։ Եթե նույնիսկ ջերմային տնտեսությունը կարողանա գնել այդ բարձր սակագնով, ապա նա ստիպված կլինի էլեկտրաէներգիան թանկ վաճառել բնակչությանը։ Այնպես որ, Արաբկիր թաղամասը կջեռուցվի վերը նշված խնդիրների լուծումից հետո։ Խնդիրը, ըստ պրն Բուղդարյանի, այն է, որ ալյումինի գործարանը պետք է մատչելի դարձնի իր սակագինը։ Իսկ մինչ այդ տուժելու է բնակչությունը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728