Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Եվ մեր ժողովրդին օգնի ազատվել այս պառլամենտից

Փետրվար 07,2001 00:00

ՀՀ նախագահը պիտի խիզախի Եվ մեր ժողովրդին օգնի ազատվել այս պառլամենտից Պարույր Հայրիկյանի ակնկալիքներն այսքանով չեն սահմանափակվում։ Եվս չորսն ունի։ «Հայ պետությունից» ԻՄ քաղաքական կազմակերպության ակնկալած այդ 5 միջոցառումները երեկ բացահայտեց լրագրողների համար։ Պետությունն այդ ակնկալիքները պիտի արդարացնի՝ քրիստոնեության 1700-ամյակի, «մեր Տիրոջ հայտնության 2000-ամյակի» եւ իր նշանակությամբ նույն շարքում դասված մեկ այլ «կարեւորագույն տարելիցի՝ ազգովին ինքնորոշվելու տասնամյակի» առթիվ։ Պարույր Հայրիկյանի եւ ԻՄ-ի առաջին պահանջն է՝ «Սահմանադրության մեջ ամրագրել Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը։ Հայ ժողովրդի քրիստոնյա լինելու հանգամանքը՝ նույնպե՛ս»։ Հավանաբար կանխատեսելով արձագանքը՝ նախապես իրեն ապահովագրեց, թե «սա արտառոց չպետք է նկատել մեր օրերի համար»՝ բերելով հունական ու իռլանդական սահմանադրությունների օրինակը։ Պարույր Հայրիկյանը խրոխտ տոնով բարձրաձայնեց իր երկրորդ ակնկալիքը՝ «Կատարել բացառի՛կ, աննախադե՛պ համաներում»։ Պակաս վճռական չէր նաեւ մյուս պահանջ-ակնկալիքը հրապարակելիս. «Այս տարի պետք է ի վերջո սկսի գործել «Լեզվի մասին» օրենքի այն դրույթը, որ մենք պետք է ձգտենք միասնական ուղղագրության, այսինքն՝ վերադառնանք մեսրոպյան ուղղագրության»։ «Որոշ ակադեմիկոսների կողմից սա մատուցվում է որպես ծանր ու դժվար աշխատանք», սակայն Հայրիկյանի գնահատմամբ՝ «ինչ-որ չափով գրագետ մարդու համար դա 6 շաբաթ ժամանակ պիտի խլի»։ Ձեւն էլ ասաց. «Օրինակ, հեռուստաժամերից կրճատելով էն հատվածները, որ ասում է՝ «ալլո՞, լսում եմ, լսո՞ւմ եք, բարեւ ձեզ», կարելի է օրական 15 րոպե շահել եւ հատկացնել լուծելու Ստալինին հաղթահարելու եւ Մեսրոպ Մաշտոցի գիրկը վերադառնալու խնդիրը»։ Պարույր Հայրիկյանի հինգերորդ ակնկալիքն այն էր, որ կրոնի դասավանդումը նաեւ Հայաստանի դպրոցներում պարտադիր լինի, ինչպես՝ Արցախում։ Իսկ ասուլիսը պրն Հայրիկյանը սկսել էր այս ավետիսով. «Պատմական Հայաստանի Արցախ եւ Սյունիք աշխարհների սահմանագծում՝ Աղավնագետի ափին 1992թ. հիմնադրված Աիմավան-1 բնակավայրում կառուցվում է եւ այս տարի կավարտվի «Սրբոց Նահատակաց» եկեղեցու շինարարությունը։ Դա կլինի հայկական քրիստոնեավարական կազմակերպության՝ ԱԻՄ-ի նվերը Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյա հոբելյանին»։ «Կարելի էր սպասել ավելին, բայց մենք հաշվի ենք առնում նաեւ Հայաստանի վիճակը»,- այս գնահատականը քրիստոնեության ընդունման 1700-ամյակի պետական միջոցառումների մասին էր, որ հնչեց «Ա1+» հեռուստաընկերության հարցին ի պատասխան։ Իսկ «Ազատություն» ռ/կ թղթակցին հետաքրքրում էր Պարույր Հայրիկյանի արձագանքը ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի մեղադրանքին, թե Պ. Հայրիկյանն է նաեւ, որ հոկտեմբերի 27-ի առնչությամբ ապակողմնորոշիչ հայտարարություններ է անում։ Գալուստ Սահակյանին մեծ դվարությամբ տեղը բերելուց հետո՝ պրն Հայրիկյանը հարգեց տեսակետ հայտնելու նրա իրավունքը, բայց նաեւ շեշտեց, որ ԱԺ պատգամավորները, որ իրենց գործընկերոջը՝ Մուշեղ Մովսիսյանին առանց գոնե մի անգամ լսելու բանտ ուղարկեցին, իրավունք չունեն արդարադատությունից խոսել։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728