Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր տարվա հուլիսի 3-րդ շաբաթ օրը «Փրկության օր» հասարակական

Փետրվար 07,2001 00:00

Գոնե համաներում անեին Յուրաքանչյուր տարվա հուլիսի 3-րդ շաբաթ օրը «Փրկության օր» հասարակական կազմակերպությունն առաջարկում է մտցնել հայկական տոնացույց՝ որպես «Փրկության օր»։ Այս տոնի հիմքում, ըստ կազմակերպության համանախագահ եւ գաղափարի հեղինակ Ստանիսլավ Հայրապետյանի, «բարեպաշտ Նոյի ընտանիքից ժամանակակից մարդկության ծագման գաղափարն է»։ Մինչ օրս ազգային տոների ցանկում սույն տոնի անվանումը հիշատակված չէ, եւ պրն Հայրապետյանն ակնկալում է, որ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ «Փրկության օրը» պետք է մտնի տոնացույց։ Թե որքանով այս տոնը հարազատ կդառնա հայերիս համար, առայժմ դժվար է ասել։ Սակայն, ամեն դեպքում, ներկայացնում ենք պրն Հայրապետյանի որոշ նկատառումները քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների կազմակերպման եւ դրանց ուղղվածության մասին։ «Մեր կարծիքով, պետք է այնպիսի միջոցառումներ անցկացվեին, որ մարդիկ, բացի տեսարաններ դիտելուց, նաեւ զգային տոնի խորհուրդը։ Որ զգան՝ քրիստոնեությունը բերում է սեր, բարություն։ Մեր պետությունը 1700-ամյակի առաջին իսկ օրվանից համաներում անցկացներ։ 2001թ. սկզբից Պուտինը Ռուսաստանի հոգեւորականներին պարգեւատրեց շքանշաններով։ Ցանկալի կլիներ, որ նման քայլ աներ նաեւ մեր նախագահը»։ Պրն Հայրապետյանը կարծում է, որ այդ առիթով պետք է բացվեին մանկատներ եւ ծերանոցներ, որոշակի միջոցներ հատկացվեին՝ մշակութային կարիքավոր գործիչներին բնակարաններով ապահովելու համար. «Անուններ չեմ ցանկանում տալ, բայց Գրողների միությունում կան անդամներ, որոնք իրենց կյանքը նվիրել են քրիստոնեական թեմաներով գրքեր գրելուն, սակայն այս էլ 8 տարի է՝ քնում են արկղերի վրա»։ Այսպիսի միջոցառումներով պետությունը կգրավեր ժողովրդի սիրտը, թե չէ համերգներ կազմակերպելը այն չէ. «Մարդիկ կգան, 2 ժամ կլսեն, կգնան ու կմոռանան։ Բայց եթե մարդուն այդ տարի համաներումով ազատել են կալանավայրից, եթե մեկին 1700-ամյակի կապակցությամբ բնակարան են հատկացրել, նա իր ողջ կյանքի ընթացքում կհիշի տոնը»։ 97 թվից Հայաստանում տպագրվում է «Խոսք» թերթը, որը գրում է եկեղեցական, հոգեւոր թեմաներով։ Քրիստոնեության 1700-ամյակին այն դուրս է եկել պետության օժանդակությունը վայելող պարբերական հրատարակությունների ցանկից։ Հենց այս թերթն էլ նախաձեռնեց ստեղծել 98 թվին «Փրկության օր» կազմակերպությունը, որի նպատակն է ողջ աշխարհով նշել Նոյյան տապանի՝ Արարատ լեռան վրա իջնելը։ Սրանով պրն Հայրապետյանը կարծում է՝ կբարձրանա Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Վերջինս, ի դեպ, չափազանց կարեւորում է այն փաստը, որ իրենց կազմակերպությանն իր օրհնությունն է տվել երջանկահիշատակ Գարեգին Բ-ն։ Հետաքրքիր է, որ Ասկար Ակաեւը եւ Նազարբաեւը նախաձեռնել են «Ղազախ ժողովուրդների միավորման ֆոնդ»։ Նրանք գտնում են, որ Նոյն ազգությամբ ղազախ էր՝ Նուխ անունով եւ իջել էր Կազգուրտ լեռան վրա, եւ ողջ մարդկությունն առաջացել է ղազախներից։ Ըստ պրն Հայրապետյանի, Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակը աշխարհի ժողովուրդների համար այնքան էլ հետաքրքիր փաստ չէ եւ դժվար թե սպասվածի չափ զբոսաշրջիկներ բերի Հայաստան։ Սակայն այլ բան է Նոյյան տապանի՝ Արարատ լեռան վրա իջնելու փաստը. ողջ մարդկությունն առաջացել է Նոյից, հետեւաբար տոնակատարությունը հետաքրքրություն կառաջացնի ողջ մարդկության շրջանում։ Որոշակի մտավախություն եւ թերահավատ վերաբերմունք ունենալով՝ այս տոնակատարությանը միջազգային հնչերանգ տալու առումով, «Առավոտն» ամեն դեպքում ներկայացրեց պրն Հայրապետյանի տեսակետը։ Լ. ՔԱԼԱՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728