Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ՏԱՏԱՆՎՈՂՆԵՐԸ

Փետրվար 10,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ՏԱՏԱՆՎՈՂՆԵՐԸ Ռոբերտ Քոչարյանը Վերջնականապես մոլորվելով իր համար անծանոթ պատմական թավուտներում, նախագահը նախանշեց Հայ դատի եւ պահանջատիրության բավականին մշուշոտ հեռանկարներ՝ թուրքական բանկերից գումարներ պահանջելուց՝ մինչեւ Սեւրի դաշնագիր: Քոչարյանի դրությունն իսկապես երկիմաստ է. եթե նա ասի, որ Հայաստանը՝ որպես պետություն, տարածքային պահանջներ ունի Թուրքիայի նկատմամբ, Արեւմուտքը դրան ծուռ կնայի՝ ժամանակակից աշխարհում կարծես թե ընդունված չէ նման բաներ ասել: Մյուս կողմից՝ եթե նախագահը հայտարարի, որ մեր պետությունը Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ չունի, անհարմար վիճակի մեջ կդնի իրեն սատարող դաշնակցականներին: Վազգեն Մանուկյանը Անցած շաբաթ համաշխարհային ազգի նախկին առաջնորդը վերջնականապես ընտրություն կատարեց իր ղեկավարած կուսակցության երկու թեւերի միջեւ: ԱԺՄ-ի վերնախավի մեծամասնությունը ցանկանում էր շարունակել օգտվել նոմենկլատուրային կարկանդակի այն փշրանքներից, որոնք իշխանությունն իրենց մեկ-մեկ շպրտում է՝ «խելոք մնալու» պայմանով: Պրն Մանուկյանն ընդառաջ գնաց այդ պարզ մարդկային ցանկությանը՝ դարձնելով ԱԺՄ-ն «նախագահին կից» հերթական կուսակցություններից մեկը: Ինչ արած՝ ժողովրդավարը (թեկուզեւ՝ ազգային) պետք է ենթարկվի մեծամասնությանը: Աղվան Հովսեփյանը Գլխավոր դատախազի տեղակալը, հավանաբար, երկար տատանվում էր՝ թե ինչպիսի գեղեցիկ գիտական ձեւ պետք է տալ անմիջական վերադասի՝ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի մասին գրված իր «մատերյալին»: Վերջապես հրապարակեց մի հոդված, որը, պրն Հովսեփյանի խոսքերով, իր գրքի մի պարագրաֆն է միայն: Բոլոր դեպքերում մոտենում է սույն գիտնականի աստեղային ժամը. առանց Բորիս Նազարյանի այլեւս որեւէ խոչընդոտ չի լինի՝ նախագահի կողմից չհավանած մարդկանց «օրենքի ողջ խստությամբ» հետապնդելու: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել