Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՖԻԼՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փետրվար 10,2001 00:00

ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՖԻԼՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Դեռեւս 1999-ին Սյունիքում հիմնադրվեց «Սյունիք» կինոստուդիան, որը կոչվեց «Սասնա ծռեր» ջոկատի հիմնադիր Սամվել Գեւորգյանի անունով։ Մեկուկես տարվա պատմություն ունեցող կինոստուդիան իր գործունեության ընթացքում կազմակերպել է հայ-ռուսական բարեկամության կինոփառատոն, ավարտին հասցրել «Արյան հետքերով» գեղարվեստական տեսաֆիլմը, ինչպես նաեւ պարբերաբար Սյունիքում անցկացնում է «Ինտելեկտ եւ կինոաշխարհ» խաղ-մրցույթ տարածաշրջանի հիմնարկ-ձեռնարկությունների, մարզպետարանների միջեւ։ Սակայն, ինչպես հավաստեց «Սյունիք» կինոստուդիայի տնօրեն Խաչիկ Ասրյանը. «Մեր ամենամեծ նախագիծը կլինի 1915 թ. հայերի Ցեղասպանության մասին պատմող գեղարվեստական ֆիլմը, որը նախատեսում ենք նկարահանել»։ Չնայած կինոստուդիայի տնօրեն Խ. Ասրյանը հրաժարվեց պատմել ֆիլմի սյուժեն, ասելով, թե դեռ գաղտնիք է, սակայն նշեց, որ «այն կպատմի այդ տառապանքի բովով անցած մարդկանց հիշողությունների մասին, որի հիմքում ընկած կլինի սիրո պատմությունը։ «Հայոց եղեռնը» պայմանական անունով ֆիլմը չպետք է լինի զուտ հայկական ցավի մասին պատմող կինոնկար, այն պետք է հիմնված լինի մարդկային հումանիզմի, համամարդկային սկզբունքների վրա»։ Ֆիլմի սցենարիստը կլինի Պերճ Զեյթունցյանը, ռեժիսորը՝ Վիգեն Չալդրանյանը։ Ֆիլմի նախնական նկարահանումները նախատեսվում է անցկացնել Սյունիքում, Արցախում, Վայոց ձորում եւ Դեր Զորի անապատում։ Ի դեպ, պրն Ասրյանը նշեց. «Սույն աշխատանքները կիրականացվի Սյունիքի մարզպետ, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանի անմիջական աջակցությամբ»։ Իսկ ինչ վերաբերում է դերասանական կազմին, պրն Ասրյանի խոսքերով՝ «նախնական պայմանավորվածություն ունենք Սոս Սարգսյանի հետ, որը կկատարի ֆիլմի գլխավոր հերոսի դերը։ Նախատեսում ենք հրավիրել նաեւ արտերկրից դերասաններ։ Սակայն մեր հիմնական նպատակն է հայտնաբերել այն մարդկանց, որոնք իրականում Ցեղասպանության ականատես են, եւ նկարահանել ֆիլմում»։ Տեղեկացանք նաեւ, որ նախնական հաշվարկներով ֆիլմի նվազագույն բյուջեն կկազմի 1 մլն 500 հազար դոլար։ – Այս առիթով վերջերս կազմակերպվել է համազգային դրամահավաք, որին մասնակցում են պետական այրեր, հիմնարկություններ, ինչպես նաեւ մասնավոր կազմակերպություններ։ Բացի այդ, 2001 թվականի պետբյուջեով նախնական աշխատանքները սկսելու համար տրամադրվել է 10 մլն դրամ,- ասաց պրն Ասրյանը։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել