Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հետքեր դատարկվող գյուղում

Փետրվար 20,2001 00:00

Ադրբեջանական հետքեր դատարկվող գյուղում Գեղարդ գյուղը գտնվում է Կոտայքի մարզում, մայրաքաղաքից հեռավորությունն ընդամենը 40 կմ է։ Ու թեպետ գյուղն այդքան մոտ է մայրաքաղաքին, այնուամենայնիվ, այն այսօր զրկված է նվազագույն պայմաններից։ Մինչդեռ գյուղը ժամանակին ուներ զարգացած անասնապահական տնտեսություն։ Գյուղացիների մի մասն էլ զբաղված էր բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ եւ կերային կուլտուրաների մշակությամբ։ Առաջներում գյուղն ուներ նաեւ միջնակարգ դպրոց, գրադարան եւ ակումբ։ Նախկին անասնապահական տնտեսություններից ոչինչ չի մնացել, ամբողջը մատնված է անտերության։ Գեղարդցուն այսօր «հաջողվում» է հոգալ հանապազօրյա հացի խնդիրը։ «Ոչ թե հողը մեզ տվեցին, այլ մեզ՝ հողին։ Գյուղփոխօգնության բանկն էլ, որ կոչված է գյուղացուն օգնելու, ավելի շատ «կրակն է գցում»։ Չկա ոչ մի դրական քայլ, որ ուղղված լինի գյուղտնտեսության լիարժեք զարգացմանը։ Երիտասարդները ապագա չտեսնելով՝ գյուղը լքում են ընտանիքներով։ Որեւէ մեկը հաշվարկե՞լ է արդյոք, թե քանի զինվոր ենք կորցնում»,- ասում են գյուղաբնակները։ Եվ դեռ գյուղացու ուսերին է գյուղմթերքի իրացման դժվար լուծելի հոգսը։ Գյուղը զրկված է նաեւ մայրաքաղաքի հետ տրանսպորտային կապից։ «Արդեն 10 տարի է, ինչ մայրաքաղաք ոտք չեմ դրել, մի քանի տրանսպորտ փոխելու հնարավորություն էլ չկա։ Ավտոբուսն ինչ է, որ մեկ հատ չունենք»,- ասում է Վաղինակ պապը։ Գյուղի համար առաջնահերթ եւ չլուծված հիմնախնդիր է դարձել դպրոցի նոր շենքի կառուցումը։ Գեղարդ գյուղում, կարելի է ասել, որ դպրոցի շենք չկա, երեխաները սովորում են կիսավեր, կրթօջախին անհարիր տեսք ունեցող, խոնավ դասասենյակներում։ Ամենահետաքրքիրն այն է, որ մատաղ սերունդը սովորում է ադրբեջաներեն տառերով ցուցատախտակ ունեցող շենքում եւ 10 տարիների ընթացքում այս փաստը մատնված է անուշադրության։ Օրերս Ազատամարտիկների եւ կանանց վետերանների միություն այցելած գյուղի բնակիչներից ստացված ահազանգի հետքերով շաբաթ օրը միության նախագահությունը այցելեց Գեղարդ գյուղ։ Վերը շարադրված պատկերից մտահոգված՝ նախագահությունը արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել գյուղացիների հետ՝ մոտակա ժամանակում վերագործարկելու նախկին անասնապահական համալիրը։ Նախագահությունը դիմել է նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ մայրաքաղաքի հետ գյուղի ավտոբուսային կապը ապահովելու համար։ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԿՎՄ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել