Լրահոս
Օրվա լրահոսը

Քննությունների նորույթները

Մայիս 04,2001 00:00

Քննությունների նորույթները Հայ ժողովրդի պատմության այս տարվա դպրոցական քննության հարցատոմսում նորույթ կա. առաջադրանքներից մեկը թեստ է եւ գրավոր կլինի, ի տարբերություն մյուս առաջադրանքների, որ այս տարի եւս բանավոր կանցկացվեն։ Դպրոցի ավարտական ու փոխադրական քննությունների այս եւ մյուս նորույթների մասին տեղեկացրեց ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը։ Քննությունների թերեւս ամենաուշագրավ նորույթին արդեն վաղուց ծանոթացրել ենք. այս տարի միայն մեկ՝ գերազանցության մեդալ կլինի, որի հավակնորդները քննություն կհանձնեն դարձյալ կենտրոնական կարգով, մայրաքաղաքում։ Արդեն պատրաստ են մեդալի հավակնորդների նախնական ցուցակները։ Ըստ դրանց՝ նախորդ տարվա համեմատ, հավակնորդներն ավելի քիչ են, սակայն վերջնական ցուցակները պատրաստ կլինեն մայիսի 25-ին եւ Աիդա Թոփուզյանի կանխատեսմամբ՝ նախորդ տարվա թիվը կպահպանվի։ Քննությունների կազմակերպման կարգում առանձնապես փոփոխություններ չկան։ 8-րդ դասարանի մաթեմատիկայի, փոխադրության եւ 10-րդ դասարանի մաթեմատիկայի քննական առաջադրանքները կհաղորդվեն ռադիոյով, իսկ 10-րդ դասարանի հայոց լեզվի քննության առաջադրանքները յուրաքանչյուր աշակերտի համար առանձին ծրարով նախօրոք կուղարկվեն դպրոցներ։ Եթե նախորդ տարի 10-րդ դասարանի մաթեմատիկայի քննության առաջադրանքները միայն 9-րդ ու 10-րդ դասարանների դասագրքից էին, այս տարի առաջադրանքներ կլինեն նաեւ 8-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքից։ Հայոց լեզվի հարցատոմսի առաջադրանքներից մեկը փոքրիկ շարադրություն գրելն է։ Տարաձայնություններ կային այն հարցում, թե շարադրություն կազմելու համար անհրաժեշտ բառերը պետք է տրվե՞ն, թե՞ միայն շարադրության թեման։ Առաջինի դեպքում որոշակի բառերի օգտագործման պարտադրանքը կարող է կաշկանդել երեխաների միտքը, իսկ երկրորդի դեպքում մեծ է մի քանի տասնյակ թեմաները անգիր անելու կամ ծածկագրից օգտվելու հավանականությունը։ Ի վերջո, կանգ են առել վերջին տարբերակի վրա։ Ընդ որում՝ այս առաջադրանքը, հաշվի առնելով, որ նորույթ է, գնահատված է ընդամենը 2 միավոր, որպեսզի ընդհանուր գնահատականի վրա մեծ ազդեցություն չունենա։ Գնահատման մյուս չափանիշները գրեթե չեն փոխվել։ 3-րդ դասարանի քննությունները կգնահատվեն 5 միավորանոց, իսկ 8-րդ եւ 10-րդ դասարաններինը՝ 20 միավորանոց համակարգով՝ գրավոր, իսկ 5 միավորանոց համակարգով՝ բանավոր քննությունները։ Հաշվի առնելով շարադրության առաջադրանքը՝ հայոց լեզվի քննության անցկացման համար հատկացվող ժամանակն ավելացրել են։ Այս տարի այն կտեւի 210 րոպե, նախորդ տարվա 180 րոպեի փոխարեն։ Մաթեմատիկայի քննության համար հատկացվել է 240 րոպե։ Ավելացվել է նաեւ հայ ժողովրդի պատմության քննության ժամանակը. աշակերտին ոչ թե քսան րոպե, այլ կես ժամ կհատկացվի տոմսի պատասխանին պատրաստվելու համար՝ նկատի ունենալով, որ մի առաջադրանքի պատասխանը գրավոր է լինելու։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031