Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾԻԾԱՂԵԼԻ Է ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ»

Մայիս 22,2001 00:00

«ԾԻԾԱՂԵԼԻ Է ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ» «Հայաստանի դատական իշխանությունն անկախ չէ,- հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։- Դատական իշխանությունը կախված է գործադիր իշխանությունից եւ մարդու իրավունքների բոլոր խախտումները պայմանավորված են սրանով։ Եվ նույն դատարանը նախկինում նախորդ իշխանությունների պատվերն էր կատարում, հիմա էլ կատարում է ներկա իշխանությունների պատվերը»։ Ավետիք Իշխանյանի այս դատողություններն առիթ դարձան հիշելու ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի համեմատական վերլուծությունը։ Ըստ նրա՝ քանի որ Ադրբեջանում դատավորները նշանակվում են անմիջականորեն երկրի նախագահի հրամանագրով եւ կարճ ժամկետով, իսկ Հայաստանում Արդարադատության խորհուրդն է նախագահին ներկայացնում դատավորների ցուցակը, եւ նա նոր նշանակում է նրանց, ուստի մեր դատական համակարգն ավելի անկախ է եւ ենթակա չէ ճնշումների, քան Ադրբեջանինը։ Ավետիք Իշխանյանը նշեց, թե շատ պարզ հակափաստարկներով կարելի է հերքել այդ պնդումները. «Հայաստանի Արդարադատության խորհրդի նախագահը նախագահն է։ Արդարադատության խորհրդի անդամները նշանակվում են նախագահի հրամանագրով։ Արդարադատության խորհրդի նախագահի տեղակալներն են գործադիր իշխանության երկու ներկայացուցիչները՝ գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը, որոնց նույնպես նշանակում է հանրապետության նախագահը։ Վերջինս ոչ միայն նշանակում է դատավորներին, այլեւ նրանց աշխատանքից ազատելը, նրանց նկատմամբ վարույթ սկսելը նույն այդ մարմինն է անում, որը կախված է գործադիր իշխանությունից եւ հանրապետության նախագահից։ Եվ ծիծաղելի է Սահմանադրության այն հոդվածը, ըստ որի՝ դատավորն անփոփոխելի է եւ պիտի պաշտոնավարի մինչեւ իր 65 տարեկանը։ Դատավորի լիազորությունները ցանկացած պահի կարող են դադարեցվել Արդարադատության խորհրդի առաջարկով։ Այս առումով՝ դատական իշխանության անկախության մասին խոսելն ուղղակի նույնպես ծիծաղելի է։ Ամբողջապե՛ս կախված է գործադիր իշխանությունից. այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Եվ էական չէ, թե ինչ արարողակարգային տարբերություններ կան Հայաստանում եւ Ադրբեջանում։ Էությունը նույնն է»։ Ա. Ի. Ավետիք Իշխանյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտի» վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել