Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցաշրջան-2001-ում հայ շախմատիստները կրկին հաջող են հանդես գալիս ամենատարբեր կարգի միջազգային մրցաշա

Մայիս 22,2001 00:00

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԻԱՑՆՈՒՄ ԵՆ Մրցաշրջան-2001-ում հայ շախմատիստները կրկին հաջող են հանդես գալիս ամենատարբեր կարգի միջազգային մրցաշարերում։ Հիշենք Վլադիմիր Հակոբյանի փայլուն հաղթանակը Ֆրանսիայում, Կարեն Ասրյանի եւ Արտաշես Մինասյանի ձեռքբերումները Դուբայում, Էլինա Դանիելյանի եւ Լիլիթ Մկրտչյանի գերազանց ցուցանիշները Լեհաստանում անցկացված Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում, որտեղ նրանք նվաճեցին աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր՝ միաժամանակ լրացնելով նաեւ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա։ Իսկ մեր մյուս մասնակիցներից Նելլի Աղինյանը վերջնականապես լրացրեց կանանց միջազգային վարպետի նորման։ Ուրախալի է, որ մեր շախմատիստ-շախմատիստուհիների հաջողությունների ցուցակը սրանով չի սպառվում։ Մասնավորապես, օրերս Թբիլիսիում շախմատի աշխարհի հնգակի չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլու ծննդյան 60-ամյակի կապակցությամբ անցկացված շքեղ տոնակատարությունների, որի ընթացքում լեգենդար շախմատիստուհու ծառայությունները ըստ արժանվույն գնահատեցին Վրաստանի նախագահը, ՖԻԴԵ-ի նախագահը, Թբիլիսիի քաղաքապետը եւ շատ ուրիշներ, շրջանակներում անցկացված շախմատային մրցաշարում առաջին տեղը բաժանեց գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, իսկ Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը բաժանեց 3-4-րդ տեղերը։ Ինչպես տեղեկացանք շախմատային լրագրող Գագիկ Հովհաննիսյանի՝ օրերս ունեցած ելույթից, հայ շախմատիստները վերջին շրջանում մեկը մյուսի ետեւից հիանալի արդյունքներ են ցույց տալիս։ Մասնավորապես, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը գերազանց հանդես եկավ գրոսմայստերական մրցաշարերից մեկում՝ նվաճելով երկրորդ մրցանակը։ Լեւոն Արոնյանը նույնպես հաջող մասնակցեց ինտերնետային մրցաշարում։ Վերելքը ներառել է նաեւ Հայաստանից դուրս բնակվող հայ շախմատիստներին։ Օրինակ, բոլորիս քաջ ծանոթ, Հայաստանի հավաքականի առաջատարներից Ռաֆայել Վահանյանն իր թիմով (նա հանդես է գալիս Գերմանիայում) հաղթեց Հոլանդիայի առաջնությունում։ Հայաստանի իրենց հայրենակիցներից այս տարի հետ չեն մնում նաեւ սփյուռքահայերը։ Հաճելի անակնկալ մատուցեց բելառուսաբնակ միջազգային վարպետ Սերգեյ Կասպարովը՝ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի ազգանվանակիցը, որը Կահիրեում առաջին տեղը բաժանեց այս քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում։ Քանի որ խոսք գնաց Գարրի Կասպարովի մասին, տեղեկացնենք, որ նա այս օրերին հանդես է գալիս Ղազախստանում մեկնարկած 20-րդ կարգի մրցաշարում (իսկ նման կարգի մրցումներ միշտ չէ, որ հնարավոր է լինում կազմակերպել), որն, ըստ էության, այս տարվա ընթացքում նախատեսվածներից ամենաուժեղն է։ Բավական է նշել, որ այստեղ են նաեւ Կրամնիկը, Շիրովը, Մորոզեւիչը, Գելֆանդը եւ այլոք։ Մեկ այլ արժանահիշատակ մրցաշար է ընթանում նաեւ Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում, որտեղ միմյանց հարաբերություններն են պարզում տասը գրոսմայստերներ։ Նրանց մեջ է Չեխիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը։ Ճիշտ է, նրա մեկնարկն անհաջող էր, սակայն հետագայում Մովսիսյանը կարողացավ որոշ չափով շտկել վիճակը եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում՝ մասնավորապես, պարտության մատնելով Թուրքիայի ներկայացուցիչ Սուաթ Աթալիկին։ Կիրակի օրն անչափ հետաքրքիր եւ ուժեղ կազմ ունեցող մրցաշար մեկնարկեց Լոզանում (Շվեյցարիա), ուր ավանդաբար պայքարի մեջ են ներգրավվում աշխարհի ուժեղագույն երիտասարդ շախմատիստները։ Այս անգամ նրանց մեջ է Լեւոն Արոնյանը։ Լեւոնը դրանից անմիջապես հետո (հունիսի 1-ին) կմասնակցի Մակեդոնիայում մեկնարկող Եվրոպայի անհատական առաջնությանը։ Այստեղ նրան կմիանան նաեւ Հայաստանի մյուս բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ միջազգային գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Ասրյանը, Աշոտ Անաստասյանը, Արսեն Եղիազարյանը, Գաբրիել Սարգսյանը եւ գյումրեցի շախմատիստ Արա Մինասյանը։ Նրանք պայքարելու են առաջին 46 տեղերի համար։ Ինչպես ընդգծեց Գ. Հովհաննիսյանը, դա անչափ դժվար իրականանալի առաջադրանք է լինելու (մրցաշարում հանդես են գալու շուրջ 400 ուժեղագույն շախմատիստներ, ընդ որում՝ Եվրոպայի բոլոր ուժեղագույնները)։ Հենց այդ 46 երջանիկներն իրավունք են ստանալու աշխարհի անհատական առաջնությունում փորձել իրենց կարողությունները։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել