Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի»

Մայիս 24,2001 00:00

Գիտնականը բողոքում է «Առավոտի» 25.01.2001թ. համարում լույս տեսած «Արժեքավոր գյուտը անտեսվում է» հոդվածում նկարագրված էր էներգետիկայի վերաբերյալ աշխատանքների անտեսման փաստը։ Թվում էր, Հայաստանի համար կարեւորագո ւյն խնդիր հանդիսացող էներգետիկայի վերաբերյալ որեւէ աշխատանք, որի մասին գրվում է թերթերում, առավել եւս, որ հեղինակը 10 տարի մասնագիտացել է ջերմային շարժիչաշինության «զենիթում» հայտնված եւ ակադեմիկոս Ս. Կորոլյովի ղեկավարած կոսմիկահրթիռաշինական գործարանում եւ հեղինակ է 15 միայն ջերմային շարժիչների արտոնագրված գյուտերի, էներգետիկային վերաբերող մի քանի տասնյակ հոդվածների, միլիոն ռուբլիների հասնող նորարարական առաջարկների, իսկ ջերմային շարժիչների վերաբերյալ ստացված են հայրենական եւ այլազգի բազում մասնագիտական ատյանների դրական կարծիքները, չէր կարող անտեսվել ղեկավարների կողմից, ովքեր իբր թե ամեն ինչ անում են Հայաստանի էներգատնտեսական առաջընթացի համար… Բայց պարզվում է, որ ջերմային շարժիչը, որի սկզբունքային միանգամայն նոր լուծումների շնորհիվ Հայաստանում արեւային էներգիայից կարելի է էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակ կորզել ոչ բարդ տեխնիկական միջոցներով եւ նպաստել երկրի էներգետիկ անկախությանը, ոչ ոքի պետք չէ… Միայն նախագահին եւ վարչապետին իմ ու համապատասխան ատյանների կողմից (օրինակ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի կողմից) ուղղվել են հինգ տասնյակի հասնող նամակ-դիմումներ, որոնցից ոչ մեկը հասցեատիրոջը չի հանձնվել, թեեւ թվում էր՝ պետք է հասկանային, որ եթե այդքան վաստակ ունեցող հայ մասնագետը հինգ տասնյակ նամակ է գրում, ապա գոնե դրանցից մեկը պետք է ներկայացվեր նախագահին կամ վարչապետին՝ գոնե դեմոկրատիայի սուտ պատրանք ստեղծելու համար… Ի դեպ, այդ բոլորը ղեկավարական «սպասավորների» կողմից արվում է վերեւից հովանավորությունն ունենալու անթաքույց ցինիկությամբ («ուր ուզում ես՝ բողոքիր»)։ Վերջին նամակս, ուղղված նախագահի վերահսկողության ծառայության պետ պրն Ցոլակյանին՝ խնդրանքով, որ այն նախագահին ներկայացվի, դրա անհրաժեշտության բոլոր հիմնավորումներով, ինչպես եւ բոլոր նախորդ դիմումները, ոչ մի ազդեցություն չունեցավ։ Իմ զանգին ի պատասխան հայտնեցին, որ նամակը հանձնված է տնտեսագիտական վարչության պետ պրն Մելքումյանին, վերջինս էլ ասաց, թե հանձնված է իրենց աշխատակից Արա Գալստյանին։Ինչո՞ւ էներգետիկական, թվում էր, երկրի համար կարեւորագույն հարցին առնչվող նամակը (հարցի վերաբերյալ կան հայրենական եւ այլազգի ամենաբարձր մասնագիտական ատյանների կարծիքները, որոնց թվում եւ ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, միջազգային ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Յու. Խոջամիրյանի կարծիքը) չի կարելի հանձնել անձամբ ՀՀ նախագահին, այլ տրվել է այդ հարցի հետ բոլորովին առնչություն ու լիազորություն չունեցող երկրորդական աշխատակցի։ Սրան պրն Մելքոնյանը պատասխանեց. «Նախագահը էլ բան ու գործ չունի՞, որ նստի ամեն մի նամակ կարդա»։ Իմ այն փաստարկին, թե կան բազում օրինակներ, երբ հենց երկրի նախագահի՝ քաղաքացիների դիմումների ծանուցման արդյունքում կայացվել են կարեւորագույն որոշումներ, վարչության պետը պատասխանեց. «Ուրեմն գյուտերդ վերցրու, գնա Ամերիկա ու թող Ամերիկայի նախագահը քեզ պատասխան տա, եթե իրեն էներգետիկա պետք է, մեր նախագահը գիտի, ինչով զբաղվի…»։ Կարող են ասել, որ նախագահն այս հարցում մեղք չունի, որովհետեւ որտեղի՞ց իմանա այս մասին, եթե իրեն նյութեր չեն ներկայացրել։ Իսկ ո՞վ է ընտրել այն անձնակազմը, որը պարտավոր է ապահովել նախագահի իրազեկությունը գոնե երկրի համար այնպիսի կարեւոր հարցերում, ինչպիսին է էներգետիկան։ Երկիրը տնտեսական խոր ճգնաժամի մեջ է, բայց փոխանակ, ինչպես առաջավոր երկրներում է արվում, պետականորեն խրախուսվի գիտատեխնիկական նվաճումների հաշվին երկիր զարգացնելու հայրենակիցների անշահախնդիր, ազնիվ ջանքերը, ամեն ինչ արվում է այդ ջանքերը ոչնչացնելու համար։ Փոխարենը, բյուջեն լրացնելու համար, անճարակությունից աչք են տնկում հիվանդների եւ ծննդաբերողների փողերի վրա՝ դեղ ես ուզում՝ փող տուր, ծննդաբերել ես ուզում՝ փող տուր։ Ընտանիքի պլանավորումից պրծանք, հիմա էլ երկիրն ենք պլանավորում։ Գիտատեխնիկական նկարագրված քաղաքականությամբ նույնպես, ըստ երեւույթին, ինչ-որ բան պլանավորվում է։ ՊԵՏՐԱԳ ՆԱՋԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել