Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա

Հունիս 02,2001 00:00

ԵՐԵՔ ՔԱՂԱՔ, ԵՐԵՔՆ ԷԼ ՏԱՐԲԵՐ ԲՈՅԻ «Բա սա քաղաք ա՞»,- ասում էր իմ ավագ ազգականներից մեկը, երբ 40-ականների վերջին Թբիլիսիից տեղափոխվել էր Երեւան։ Մոտավորապես նույն զգացումներն ունեցա ես, երբ Սան Ֆրանցիսկոյից եկա Լոս Անջելես։ Սան Ֆրանցիսկոն քաղաք է, մեզ համար հասկանալի իմաստով քաղաք է՝ Մոսկվայի, Լոնդոնի, Նյու Յորքի նման։ Դուրս ես գալիս փողոց, կարող ես մտնել խանութ կամ սրճարան, կարող ես նստել քաղաքային տրանսպորտ կամ թերթ առնել կրպակից։ Այստեղ գալիս են զբոսաշրջիկներ՝ տեսարժան վայրեր դիտելու։ Ամենատեսարժանը թերեւս «Ոսկե դարպասն» է՝ հսկայական կամուրջ, որի մոտ րոպեն մեկ կանգնում են 10 մետրանոց սպիտակ լիմուզիններ։ Այդ մեքենաներից դուրս են գալիս փնթի տեսք ունեցող, անթրաշ ասիացիներ՝ թանկարժեք տեսախցիկներով։ Սան Ֆրանցիսկոյում ամեն ինչ թանկ է, առաջին հերթին՝ անշարժ գույքը։ Օվկիանոսի ափին գտնվող ամենահամեստ տնակն արժե (աթոռից չընկնեք) 1 մլն դոլար։ «Միջին Ամերիկայում» այդ փողով կարելի է պալատ գնել։ Թանկությունը տեղացիները բացատրում են բարձր տեխնոլոգիաների «բումով», որը մի քանի տարի առաջ բռնկվեց մոտակայքում գտնվող Սիլիկոնի հովտում (Սան Խոսե կենտրոնով)։ Մարդիկ սկսեցին «օդից փող շինել», ինչը բերեց գների կտրուկ բարձրացմանը։ Շատերի կարծիքով, այդ բռնկումը մեծ չափով արհեստական էր, եւ փուչիկը համարյա պայթելու վրա է. բարձր տեխնոլոգիաները թեեւ ծանրակշիռ դեր են խաղում մեր կյանքում, բայց ոչ ոք այլեւս չի հավատում դրանց «ամենափրկիչ» դերին։ Լոս Անջելեսը եւ, մասնավորապես, Գլենդելը, որտեղ մենք ապրում էինք, քաղաք չէ իր ճարտարապետությամբ ու նշանակությամբ։ Այստեղ ոտքով քայլելու ոչ հնարավորություն կա, ոչ էլ հետաքրքրություն։ Տասնյակ կիլոմետրերով ձգվում են միատեսակ, մեկ հարկանի փայտյա «բարաքներ», որոնցում քիթ քթի ապրում են միջին եւ միջինից ցածր մակարդակի ամերիկացիներ։ Իսկ վերեւներում, անտառապատ վայրերում երեւում են մեծահարուստների առանձնատները։ Իմ իմացած նախկին հայաստանցիներն ապրում են հենց այդ գետտո հիշեցնող «բարաքներում»։ Գլենդելը ընդհանրապես հայերի եւ մեքսիկացիների քաղաք է։ Մեքենաների բաց պատուհաններից լսվում է բարձրաձայն «ռաբիս» երաժշտություն։ Խանութում քեզ կարող է շշպռել գործակատարը՝ քո նախկին հայրենակցուհին, ինչը Սան Ֆրանցիսկոյում գործնականում բացառված է։ Մի խոսքով, «Լիթլ Արմենիա», ինչպես գրված է ցուցանակներից մեկի վրա։ Մի երրորդ աշխարհ է Ալբաքուքին՝ Նյու Մեքսիկո նահանգի բնակչությամբ առաջին եւ նշանակությամբ երկրորդ քաղաքը (նահանգի մայրաքաղաքը կոչվում է Սանտա Ֆե)։ Ալբաքուքին իշխանածին ազնվական է եղել, որը 16-րդ դարում եկել է այս հողերը նվաճելու եւ հնդկացիների նկատմամբ «էթնիկական զտումներ» կատարելու։ Ուստի, այստեղ դոմինանտ էթնոսը հնդկաիսպանական է՝ իր դրոշմը թողնելով ճարտարապետության, կենցաղի, մարդկանց արտաքինի վրա։ Այլազգիների հետ ձուլվել չցանկացող հնդկացիները ապրում են ռեզերվացիաներում՝ Ռիա Գրանդե հովտում։ Ոչ ոք փետուրներով գլխարկ չի դնում։ Ավելին, օգտվելով ռեզերվացիայի կիսաանկախ կարգավիճակից, կառուցել են շքեղ խաղատուն, չնայած նահանգի օրենքները խաղատներն արգելում են։ Կազինոն, ինչպես հայտնի է, վատ բիզնես չէ։ Եթե Հայաստանում հանրաքվե անցկացվի, ապա հարցը հավանաբար կլինի՝ Ղարաբաղյան կարգավորման ո՞ր տարբերակն եք գերադասում՝ փուլայի՞ն, թե՞ փաթեթային։ Ալբաքուքիում նույնպես անց է կացվել համաժողովրդական հանրաքվե։ Բնակիչները պետք է որոշեին՝ անհրաժեշտ է արդյոք կառուցել բեյսբոլի նո՞ր մարզադաշտ, թե՞ վերականգնել հինը։ Այդ հարցի շուրջ շեքսպիրյան կրքեր էին բորբոքվել, եւ թերթերն օրական 5-6 հոդված էին նվիրում այդ խիստ հրատապ թեմային։ Քաղաքի հիմնական թերթերը երկուսն են՝ «Ալբաքուքի ջորնըլ» (առավոտյան) եւ «Ալբաքուքի թրիբյուն» (երեկոյան)։ Երբ մենք հարցրինք՝ լսե՞լ եք արդոք, որ ձեր նահանգն ընդունել է Հայոց ցեղասպանությունը եւ ինչպե՞ս եք դա լուսաբանում, այդ թերթերի ղեկավարներն ասացին, որ տեղյակ են եւ մեծ կարեւորություն են տալիս դրան, «բայց, ցավոք, այդ պրոբլեմը բավականին հեռու է մեր ընթերցողներից, ինչպես եւ դուք, սիրելի գործընկերներ, դժվար թե ձեր թերթերում գրեք մեր բեյսբոլի մարզադաշտի մասին»։ Տեսա՞ք, որ գրեցի։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Սան Ֆրանցիսկո-Լոս Անջելես-Ալբաքուքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930