Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայնություն» իրավական եւ քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնը, Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադ

Հունիս 16,2001 00:00

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ «Համաձայնություն» իրավական եւ քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնը, Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության օժանդակությամբ, անցյալ շաբաթ Սեւանում արտագնա սեմինար էր նախաձեռնել՝ «Հարավային Կովկաս. հակամարտությունների կարգավորում եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ» թեմայով։ Հարավային Կովկասում անվտանգության համակարգի եւ այդ համակարգում Հայաստանի դերակատարման վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկան ՀՀՇ նախագահ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, «Արմատ» կենտրոնի ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը եւ քաղաքագետ Սուրեն Զոլյանը։ Հայաստանն այսօր ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ է եւ ընդամենը վերջերս Երեւանում միացավ նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների միջեւ կնքված նոր՝ Կենտրոնական Կովկասում արագ արձագանքման տարածաշրջանային հավաքական ուժերի ստեղծման պայմանագրին։ Հատկապես Աջ ուժերն անդրադառնալով ԿԱՊ-ի համակարգում Հայաստանի մասնակցությանը, կարծիք էին հայտնել, թե Հայաստանի անվտանգության համար դա անարդյունավետ քայլ է՝ հաշվի առնելով, որ այդ համակարգում ընդգրկված չեն հարավկովկասյան երկրներից ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը։ «Ընդհանուր կոնցեպտուալ մոտեցումն այս է՝ Հարավային Կովկասում անվտանգության համակարգը պետք է լինի այնպիսին, ինչպիսին դա տեսնում են այդ տարածաշրջանի երկրները։ Նրանք միասին պետք է որոշեն՝ ունե՞ն աշխարհաքաղաքական կոորպորատիվ շահեր, թե՞ ոչ։ Համոզված եմ, որ ունեն։ Կարծում եմ, որ դրանց փաստաթղթային ձեւ տալուց հետո միայն պարզ կլինի, որ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի աշխարհաքաղաքական շահերը շատ ավելի մեծ են եւ ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունեն, քան այսօր նրանց միջեւ գոյություն ունեցող հակասությունները»,- նկատեց պարոն Շահնազարյանը։ Ըստ նրա, այսօր գործող անվտանգության բոլոր համակարգերը գերտերությունների կողմից աշխարհաքաղաքական հարցեր լուծելու համար պարտադրվող համակարգեր են։ ՀՀՇ նախագահ եւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալ.Արզումանյանի պնդմամբ, Հարավային Կովկասի անվտանգության համակարգը պետք է դիտել որպես եվրոպական անվտանգության համապարփակ հիմնադրույթների մի մաս։ «ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերին, հիմնարար ակտերին միացած Հայաստանը՝ պարտավոր է անվտանգությանն առնչվող հարցերը քննարկել տարածաշրջանային անվտանգության համատեքստում»,- պարզաբանեց պարոն Արզումանյանը։ Նա տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի կայունության եւ անվտանգության ապահովման լավագույն բանաձեւ համարեց երկխոսության, ժողովրդավարության, դիվանագիտության, ապառազմականացման, դեմոգրաֆիայի ներդաշնակ համատեղումը։ «Առանց դրա հնարավոր չէ պատկերացնել անվտանգության ապահովումը առավել եւս այն տարածաշրջանում, որը նպատակ ունի ինտեգրվել եվրոպական կառույցներում»։ Նա նաեւ վստահեցրեց. «Հայաստանը, որպես առանձին պետություն, դուրս մնալով տարածաշրջանային համագործակցությունից, չի կարող ունենալ տնտեսական զարգացում, ժողովրդավարական պետություն, չի՛ ունենա անվտանգության երաշխիքներ»։ Իսկ տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու համար նախեւառաջ պետք է լուծվեն բոլոր հակամարտությունները։ Ըստ նրա, տարածաշրջանում կայուն խաղաղության մասին խոսելն անիմաստ է այն դեպքում, երբ Հայաստանը փորձում է իր անվտանգությունը խարսխել միմիայն ռուսական զինուժի վրա՝ դառնալով տարածաշրջանային «բոբո»։ Նրա պնդմամբ, Հայաստանը գերհզոր պետություն չէ, ուստի չի կարող ուրիշի ուժի հաշվին երկարատեւ ժամանակով սեփական անվտանգության խնդիր լուծել։ Կովկասյան երեք հանրապետություններն էլ մտադիր են Եվրոպայի անքակտելի մաս կազմել եւ եվրոպական ընդհանուր անվտանգության համակարգում գործոն լինել։ Այդ իմաստով անհեթեթ է, երբ տարածաշրջանի երկու երկրներ՝ Վրաստանն ու Ադրբեջանն ընդգրկված են տարածաշրջանային անվտանգության մի համակարգում, իսկ Հայաստանը՝ մեկ այլում։ Իրերի այսպիսի վիճակը պոտենցիալ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար՝ դառնալով բաժանարար գծերի պատճառ։ Դ.Շահնազարյանն էլ նկատեց, որ եթե Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանն իրենք անվտանգության համակարգ չստեղծեն եւ շարունակեն դիմակայել միմյանց, ապա նրանց միջեւ կստեղծվի մի մեծ պատնեշ, որն ընդամենը մանրադրամ կդառնա աշխարհաքաղաքական խնդիրներ լուծող գերտերությունների ձեռքին։ Ստեփան Գրիգորյանն ավելի շատ խոսեց այն գործոնների մասին, որոնք խանգարում են Հարավային Կովկասի անվտանգության համակարգի ստեղծմանը։ «Անվտանգությունը երեք կարեւոր բաղադրիչներ ունի՝ ռազմաքաղաքական, մարդկային եւ տնտեսական։ Ռազմաքաղաքական եւ տնտեսական ոլորտում առաջին կարեւոր գործոնը Ռուսաստանն է, որն ինքն այսօր բավական ծանր տնտեսական վիճակում է հայտնվել, չի լուծել իր ներքին խնդիրները՝ մասնավորապես՝ Չեչնիայի հարցը։ Ուստի, նա շահագրգռված չէ Հարավային Կովկասում անվտանգության համակարգի ստեղծմամբ»,- ասաց պարոն Գրիգորյանը՝ նկատելով, թե Ռուսաստանը փորձում է ժամանակ շահել, եւ դա իր ազդեցությունն է ունենում նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման իմաստով։ Ռազմաքաղաքական եւ մարդկային մյուս գործոնը ԱՄՆ-ն է։ «ԱՄՆ-ը տարածաշրջանում լուրջ տնտեսական կամ նավթային խնդիրներ չի կարող ունենալ։ Նա արագացնում է Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը եւ այդ հարցում նրա համար այնքան էլ կարեւոր չէ, թե ինչպես կլուծվի ԼՂ հիմնախնդիրը։ Նրան ավելի շատ հետաքրքրում են տարածաշրջանային ավելի գլոբալ հարցեր։ Այսօր, փաստորեն, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում չեն համընկնում»։ Անդրադառնալով անվտանգության մյուս կարեւոր բաղադրիչին՝ մարդկային գործոնին, պարոն Գրիգորյանը մասնավորապես հետեւյալն ասաց. «Եթե Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը իրավական պետություններ եւ համամարդկային արժեքների հետեւորդներ լինեին, կարող էին հենց այդ դաշտում ակտիվորեն համագործակցել եւ տարածաշրջանում անվտանգության ապագա համակարգի համար լավագույն նախապայմաններ ստեղծել։ Այսօր, ցավոք, այդ նախապայմանը չկա»։ «Արմատի» ներկայացուցիչը այս իմաստով կարեւորեց նաեւ տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծմանը խոչընդոտող մեկ այլ հանգամանք. «Դա մեր ժողովրդի մենթալիտետն է։ Մեր ժողովուրդը դե ֆակտո ապրելով Հարավային Կովկասում, միեւնույն ժամանակ, իր ավանդույթներով, ոչ մի կապ չունի այդ տարածաշրջանի հետ, քանի որ իրեն շարունակում է համարել Ռուսաստանի մի մասնիկ՝ մի մարզ։ Պարզ է, որ այսօր մարդիկ պետք է զարմանան այն հարցադրումից, թե ինչու չպետք է մտնել ԿԱՊ-ի համակարգ, ինչու չպետք է Ռուսաստանի հետ զարգացնել մեր ռազմատեխնիկական կապերը։ Մենք դեռեւս չենք ընկալում, որ մեր տարածաշրջանը ԵԱՀԿ-ի մի ենթատարածաշրջան է ընդամենը»։ Ի լրումն սրա, պարոն Շահնազարյանը նկատեց, թե ԿԱՊ-ին Հայաստանի միանալն անհեթեթ էր. «17-18-րդ դարերի եւ հայ ժողովրդի պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանն աշխարհի բոլոր երկրներից ամենաանկայուն գործընկերն է։ Ուստի, մենք պետք է հետապնդենք ոչ թե Ռուսաստանի, այլ՝ մեր շահերը։ Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը հիմա փորձում է առանձին անվտանգության համակարգեր ստեղծել՝ իր շահերը պաշտպանելու նպատակով»։ Աջ ուժերի ներկայացուցիչները համերաշխ էին մեկ հարցում՝ անհրաժեշտ է Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ, այդ թվում՝ նաեւ ռազմական համագործակցությունը խորացնել։ Կարծիքներ հնչեցին նաեւ, որ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության միակ երաշխիքը Եվրոպայի հետ ինտեգրվելն է։ Տիգրան Սեդրակյանը անդրադարձավ 2000 թվին բրյուսելյան խմբի կողմից ստեղծված՝ «Կայունության համաձայնագիր» կոչվող փաստաթղթին։ Այն վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության եւ համագործակցության խնդիրներին։ Դրա հիմնական թեզիսները հետեւյալն են՝ հաշվի առնելով հակամարտությունների արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը, անհրաժեշտ է, որ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները համաձայնեցված, բազմակողմանի նախաձեռնություններով հանդես գան՝ ստեղծված փակուղուց դուրս գալու համար։ Դրան կարձագանքի Եվրախորհրդի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի եռակողմ նախաձեռնությունը, կմշակվի գործողությունների ծրագիր, կստեղծվի շփման խումբ, որտեղ ներկայացված կլինի ութ կողմ՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Իրան, Եվրախորհուրդ, Ռուսաստան եւ ԱՄՆ։ Տարածաշրջանում հակամարտությունների լուծումը կնախատեսվի այդ համաձայնագրով, որից հետո կստեղծվի Հարավկովկասյան համագործակցություն, կստորագրվի անվտանգության համաձայնագիր՝ ԵԱՀԿ հովանու ներքո։ Ըստ Տ. Սեդրակյանի, ինտեգրացման այդ ծրագիրը թույլ կտա լուծել ժողովուրդների միջեւ սկսված հակամարտության խնդիրը։ Մեկ այլ փորձագետի, Էմիլ Սեդրակյանի պնդմամբ, տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ առաջին քայլը ազատ շուկայական հարաբերություններն են, որոնք ինքնաբերաբար ինտեգրացիոն գործընթացներ են առաջացնելու կովկասյան երեք հանրապետություններում։ «Ինչ վերաբերում է ԿԱՊ-ին, կամ այլ ռազմաքաղաքական կառույցներում Հայաստանի անդամակցությանը, ապա, պետք է ցավով նշեմ, որ անվտանգության այդ համակարգը հիշեցնում է խորհրդային կայսրության ստեղծած անվտանգության համակարգը, որը ինքնամեկուսացման միտումներ ուներ, հիմնականում արհեստածին էր եւ առաջնորդվում էր գլխիվայր շրջված արժեքային համակարգով»։ Ըստ պարոն Սեդրակյանի, հիմա անվտանգության նման համակարգի ստեղծման իրավահաջորդը ռուսական կայսրությունն է։ Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ «Անվտանգության ժամանակակից համակարգի առավել լուրջ պրոբլեմներից մեկը տարածաշրջանային հակամարտություններն են։ Ներկա ժամանակաշրջանի առանձնահատկությունն այն է, որ այդ հակամարտությունները ծագում են ոչ թե պետությունների միջեւ կամ պետության ներսում, այլ՝ ճանաչված պետության եւ ճանաչման ձգտող պետությունների միջեւ։ Ընդ որում, այդ թեմայից խուսափում են տարածաշրջանային համագործակցության եւ կոլեկտիվ անվտանգության խնդիրների քննարկման ժամանակ»։ Պարոն Զոլյանը Հարավային Կովկասում անվտանգության տեսանկյունից փորձեց հիմնավորել այն դրույթը, որ պետք է ոչ միայն հաշվի առնել չճանաչված երկրների առկայությունը, այլեւ՝ նրանց դերը տարածաշրջանային կայունության եւ անվտանգության խնդրում։ Նա նշեց, որ 99-2000թթ. Հարավային Կովկասում անփոփոխ մնացած միակ բանը դե ֆակտո գոյություն ունեցող, դե յուրե անտեսվող նոր կազմավորումների առկայությունն է, որոնց կարելի է կոչել քվազի-պետություններ, ինքնահռչակ պետություններ, բայց որոնց երբեք չի կարելի անտեսել։ Տարածաշրջանային հակամարտության պատճառ դարձած այդ պետությունները կարող են տարածաշրջանում կայունության եւ ինտեգրացիայի խոչընդոտող գործոնից ձեւափոխվել այդ գործընթացներին օժանդակող գործոնի։ Պարոն Զոլյանի կարծիքով, տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման եւ եվրոպական կառույցներում հարավկովկասյան երկրների ինտեգրման տեսանկյունից մեծ խոչընդոտ է հանդիսանում նաեւ այն փաստը, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում հակամարտությունների չճանաչված մասնակից-պետությունները դուրս են մնում բանակցություններից, եւ այդ հակամարտությունների քաղաքական կարգավորմանն ուղղված գործընթացից՝ զրկված լինելով իրենց գոյությունը քաղաքական միջոցներով պաշտպանելու հնարավորությունից։ «Հետեւաբար անհրաժեշտ է, որպես առաջին քայլ, հակամարտության բոլոր կողմերին՝ անկախ նրանց ճանաչված կամ չճանաչված լինելու հանգամանքից, նվազագույնը ներգրավել քաղաքական երկխոսության պրոցեսի մեջ»,- վստահեցրեց պարոն Զոլյանը։ Նա նկատեց նաեւ, որ այսօր Հարավային Կովկասում հակամարտությունները սառեցված, բայց լուծված չեն, թեեւ կարող էին լուծվել տարածաշրջանային կոոպերացիայի շնորհիվ։ Չճանաչված պետություններին բանակցային գործընթացներից դուրս մղելը եւս մեկ վտանգ է պարունակում։ Վերջիններիս գոյության հիմնական գործոնը ռազմական կառույցներն են։ Դա է նաեւ պատճառը, որ չճանաչված երկրներում իշխանությունը հիմնականում ոչ թե քաղաքացիական եւ ժողովրդավարական ինստիտուտների, այլ՝ բանակի վերահսկողության ներքո է գտնվում։ Դա տարածաշրջանն ապակայունացնող լրացուցիչ գործոն է։ Ս.Զոլյանը ճիշտ համարեց, որ Հարավային Կովկասի կոլեկտիվ անվտանգության համակարգում ներառվեն ոչ միայն ճանաչված, այլեւ՝ չճանաչված պետությունները։ Ըստ նրա, գերտերությունների միջեւ հակասությունների պատճառով Հարավային Կովկասի բոլոր երկրները հայտնվում են ոչ թե հակամարտության կարգավորման սուբյեկտի, այլ՝ օբյեկտի դերում։ «Հարավային Կովկաս. հակամարտությունների կարգավորում եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ» թեմայով սեմինարի եզրահանգումն այս էր. 1. Հարավային Կովկասի երեք պետությունները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր տարածաշրջանային աշխարհաքաղաքական շահեր եւ տարածաշրջանի անվտանգության երաշխիքը նրանց՝ ոչ թե հակադիր, այլ՝ անվտանգության միեւնույն համակարգում լինելն է։ 2. Որպես տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման նախապայման, պետք է լուծել հարավկովկասյան երկրներում ընթացող հակամարտությունները։ 3. Տարածաշրջանում չճանաչված երկրներին ներգրավել հակամարտությունների կարգավորման բանակցային գործընթացներում եւ տարածաշրջանային անվտանգության համակարգերում։ 4. Զարգացնել տնտեսական հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ նաեւ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հարավային Կովկասի երկրները պետք է ինտեգրվեն եվրոպական հնարավորինս շատ կառույցներում։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել