Լրահոս
Օրվա լրահոսը

Կպահպանե՞նք Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը, թե՞ երկուսն էլ մեր «տե

Հունիս 16,2001 00:00

«ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ» ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ Կպահպանե՞նք Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը, թե՞ երկուսն էլ մեր «տեսլական» հարուստ շտեմարանի բաժին կդառնան։ «Որտեղ՝ հաց, էնտեղ՝ կաց» նշանաբանով արտագաղթ- համաճարակը կկարողանա՞նք կասեցնել, թե՞ երկիրն այս կդարձնենք մեր փառահեղ նախնիների աճյունների հանգստավայր։ Գերխնդիրը «թվաբանությունն» էր եւ է՛ Հարեւնման խնդիրները, մինչ իշխանափոխությունը՝ կատաղի ընդդիմության, իշխանափոխությունից հետո՝ կատաղիից «շոլկովիի» վերածված իշխանամետների ջանքերով, «հպարտորեն» տեղ են գրավել հասարակության պահանջների արժեքային սանդղակի ամենաստորին աստիճանին։ Դատելով Քոչարյանի «կուսակցության» մինչ այսօր ծամվող բառամթերքից, հայոց արդի գերխնդիրը նույնն է մնացել՝ ով ինչքան ու ինչ կերավ, եւ ե՛ս ումի՞ց եմ պակաս, որ չուտեմ։ Ասեմ, որ անձամբ ինձ ուրիշի գրպանի պարունակությունը երբեւէ չի հետաքրքրել։ Թո՛ղ որ որեւէ իշխանություն մեր մշուշված գիտակցությանը հասցնի, որ մենք ենք այս պետության տերը, թո՛ղ որ վտարի մեր հոգիներից ստորաքարշ ճորտին ու գաղթականին, եւ թեկուզ՝ Մարս մոլորակը սեփականաշնորհի, նախագահական նստավայրից մինչեւ «դաչաներ» էլ սեփական հրթիռով թռչի։ Բայց փաստ է, որ մեր հասարակության գերակշիռ մասը այս «թվաբանության» ճիրաններից չի ազատագրվում։ Փաստ է նաեւ, որ մինչ այսօր անխափան է գործում իներցիայի օրենքը, ու նախկին ընդդիմադիր վայնասունի հիպնոսի ազդեցությունից հասարակությունը չի ազատագրվել։ Նախկին ընդդիմադիրները վաղուց արդեն իշխանության հյութեղ ու անլվա պտուղներն են վայելում՝ «նվնվացողներին» արհամարհանքով ոտքից գլուխ չափելով, իսկ «նվնվացողները» շարունակում են նույն եռանդով հայհոյել նախկին «թալանչիներին»։ Գուցե պատճառն այն է, որ նախկին իշխանություն-ներկա ընդդիմությունը ազգիս փրկիչ-իշխանավորների դեմ իրենց իսկ զենքո՞վ չի պայքարում։ Փորձեմ նրանց «բացթողումը» մասամբ լրացնել։ Ինչո՞ւ հասարակությունը երես թեքեց նախկիններից Անգիր գիտենք՝ որովհետեւ ծծում էին ժողովրդի արյունը։ Չեմ վիճում։ Ծծում էին, ուրեմն՝ ծծում էին։ Գուցե իսկապե՞ս պատմության այս խաչմերուկում հասարակությունը Մահաթմա Գանդիի կարիք էր զգում։ Կարելի էր եւ այսպես մտածել, եթե չգիտենայինք, որ նախկին իշխանությունների հանդեպ հասարակության երակների մեջ ահռելի դոզաներով ատելություն ներարկող նախկին կատաղի ընդդիմադիրների մեծ ու փոքր առաջնորդները, ոչ միայն այժմ, նաեւ նույն այդ նախկինների օրոք, ապրում էին, մեղմ ասած, «չաղ ու բախտավոր», բայց դա ամենեւին չէր խանգարում, որ հասարակությունը հավատար նախկինների հասցեին հնչեցրած նրանց ցանկացած զրպարտությանը։ Ժողովրդի դատարկ ստամոքսների վշտից «տապակվող» ընդդիմադիրների (հատկապես՝ արտերկրի իրենց «ընկերների ու պարոնների» դոլարներով Հայաստանում իրենց «օրվա հացը» ապահովող ավանդական կուսակցությունների ղեկավարների) եւ՛ ստամոքսն էր լիքը «թալանի ու խավարի» տարիներին, եւ՛ արտասահմաններն էին «ջրի ճամփա», եւ՛ ռեստորաններն էին «մի կտոր հաց» ուտելու վայր, եւ՛ հանուն օրինապահության սույն կոկորդ պատռողները չէին զլանում, հարկ եղած դեպքում, խախտել իրենց կողմից այդքան սիրված օրենքները։ Սակայն հասարակությունը «հավես չուներ» աչքերը լայն բացելու։ Իրեն բաժին հասած ծանր կյանքի համար նրան մեղավորներ էին հարկավոր, որ անիծեն ու հայհոյեն, ընդդիմությունն էլ հաճույքով մատնացույց էր անում նրանց, ովքեր իրենց մոտիկ չէին թողնում իշխանական կերակրատաշտին։ Դե, ժողովուրդն էլ վառվող սիրտը հովացնում էր՝ հայհոյում ու անիծում էր։ Հայհոյում ու անիծում է նաեւ այսօր։ Նախկիններին։ Սրանք անցած-գնացած բաներ են՝ կասեք։ Համաձայն եմ։ Հատկապես որ ներկան ավելի խոսուն է։ Ինչպե՞ս էին ապրում նախկին «հանցագործները» եւ ինչպե՞ս՝ ներկայիս «փրկիչները» Ասեմ, որ մտադրություն չունեմ մինչեւ շվեյցարական բանկ հասցնել ազգիս հետաքրքրասերների երեւակայությունը, չնայած վստահ եմ, որ ներկա իշխանավորների շարքերում մարդիկ կան, ովքեր լավ գիտեն գաղտնապահ այդ բանկի ճշգրիտ հասցեն։ Սահմանափակվենք այն փաստերով, որոնք, ցանկության դեպքում, յուրաքանչյուրս մեր աչքերով կարող ենք տեսնել։ Նախկին կատաղի ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքներում, զանազան հավաքույթներում ու լրատվամիջոցներում, ամենաստորակարգ հայհոյանքների արժանացած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի հին ծառայողական «Մերսեդես» ուներ, որն այսօր ծառայում է Ռոբերտ Քոչարյանի նախկին աշխատակազմի ղեկավար, այժմ մեկից ավելի, ինձ գոնե անհասկանալի, պաշտոնների տեր Ալեքսան Հարությունյանին։ Շտապեցի այս օրինակը բերել, որ հուսահատված ազգս միանգամից պատկերացնի, թե ինչ «աննախադեպ տնտեսական աճ» է ապրել Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Մի254 զլացեք փորփրել ձեր հիշողությունը կամ՝ թերթել այն տարիների մամուլը։ Կրյուչկովի նվիրած այս զրահապատ ավտոմեքենայի պատճառով թե ինչ կեղտաջրեր հոսեցին դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանը, մոռանալը դժվար է։ Այժմ 350 հազար դոլար արժողությամբ քոչարյանական շքեղ, զրահապատ «Մերսեդեսին» ուղեկցում են 60 հազար դոլարանոց «Ջիպ»-եր բազմած եռապատկված թվով թիկնապահներ (նշանառուներին չենք հաշվում)։ Աղետի գոտին շփոթելով իր նստավայրի հետ, «թագադրվելուց» հետո, ազգընտիրը նախեւառաջ մեծ եռանդով շքեղ վերանորոգեց իր պալատը, կահավորեց ոնց որ պետք էր եւ «արձանապատեց» պալատի մերձակայքը։ Չմոռացավ վերանորոգել նաեւ Սեւանի նախագահական հանգստավայրը։ Կրկնում եմ, անձամբ ինձ այս ամենը չի հետաքրքրում, ինչպես որ չեն հետաքրքրում պարոն Քոչարյանի 10000 դոլարանոց երկու կատերները։ Դե, նախագահ է, նվեր է ստացել։ Ներկայիս նախագահի հոգատար վերաբերմունքը իր կատերների նկատմամբ՝ հուշում է, որ նա չի ողջունում նախկին նախագահի մեկ մլն դոլար արժողությամբ բոլոր նվերների հանձնումը «Հայաստան» հիմնադրամին։ Ակնհայտորեն չի արդարացնում նաեւ սեփական առողջության հանդեպ Լեւոն Տեր-Պետրոսյանի «հանցավոր» անփութությունը։ Իրոք, ներելի բան չէ, որ նախկին նախագահը յոթ տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ տասնօրյա արձակուրդ է անցկացրել այդ նույն Սեւանի չվերանորոգված հանգստատանը։ Քոչարյանը քանի որ «աննախադեպ տնտեսական աճ» է ապահովել, բնականաբար, վաստակել է ամեն տարի Հունաստանում իր դադրած մարմնի կարիքները հոգալու իրավունքը։ Այս ամենը հասկանալի է, բայց նախկինում վայնասուն բարձրացնողներին չէ՞ որ անքնության ճիրաններում էին պահում նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի հնամաշ ավտոմեքենաները, ու ջղային նոպաների պատճառ էր դառնում նրան ուղեկցող միակ «Ջիպը»։ Չէ՞ որ այդ դաժան տարիներին, երբ կենաց-մահու կռիվ էր Արցախում ու Հայաստանի սահմաններում, երբ հաղթանակել ու զինադադար էինք կնքել ու հազիվ փորձում էինք շունչ քաշել, հասարակության մի պատկառելի հատվածին հետեւողականորեն յոթծովիմերանացնողների մտքով ոչ մի անգամ չանցավ, որ մեզ երբեւէ կայունությունն այդչափ անհրաժեշտ չի եղել, որքան այդ տարիներին։ Հիմա կրկին մի զլացեք ու թերթեք նախկին ընդդիմադիրների, այժմ, մեղմ ասած, «կուռկուռի ձագ» դարձած իշխանամետների գրպանից սնվող մամուլը, ուշադիր լսեք ազգիս «ավանդական» փրկիչներին։ Մի տող կգտնե՞ք այն մասին, թե ծանրագույն պայմաններում ապրող երկրի ներկայիս ղեկավարը, իր մեկը մյուսից հեքիաթային խոստումները թաղելուն զուգընթաց, ոնց է «փտած» կապիտալիստական պետության նախագահին համարժեք կյանք վայելում։ Վայնասունն ինչու՞ լռվեց-մնաց նրանց կոկորդներում, ովքեր այսօր ազատ ելումուտ են անում նախագահական նստավայր։ Պատասխանը հենց վերջին հարցիս մեջ է՝ որովհետեւ այսօր ազատ ելումուտ են անում նախագահական նստավայր։ Չուրանանք նաեւ «աննախադեպ տնտեսական աճը»։ Աճն, իրոք, անուրանալի է, քանզի նաեւ շոշափելի է Ես արդեն ասացի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Մերսեդեսն» այժմ ծառայում է Ալեքսան Հարությունյանին։ Ասացի նաեւ, թե ով է Ալեքսան Հարությունյանը։ Իսկ քանի որ ասացի, թե ով է Ալեքսան Հարությունյանը, կարծում եմ, բոլորը հասկացան, որ միայն մի ավտոմեքենան նրա համար շատ քիչ է։ Շտապեմ մխիթարել անհանգիստ շարժումներ անողներին. Ալեքսան Հարությունյանին սպասարկում են նաեւ մեկ «Ջիպ» ու մեկ «31»։ Իսկ որ, ըստ հավաստի աղբյուրների, նա Փարիզում բնակարան ունի, եւ իր զավակների լույս աշխարհ գալը վստահում է միայն փարիզցի բժիշկներին, ու, փաստորեն, պարոն Հարությունյանի զավակները Ֆրանսիայի քաղաքացիներ են, դե՝ սա հեչ։ Հոկտեմբերի 27-ից տուժած տղա է, չարժե որ մանրանանք ու հասնենք մինչեւ «Կոնվերսբանկի» մատույցները։ Այս կարճ ժամանակում Ռոբերտ Քոչարյանը հասցրել է, բացի Ալեքսան Հարությունյանից, եւս երկու աշխատակազմի ղեկավար ունենալ, որոնցից ՍԵրժ Սարգսյանին այս «հանգրվանում» անտեսենք (որպես աշխատակազմի ղեկավար, իհարկե), որովհետեւ բոլորս ենք հասկանում, որ խառը օրեր էին, ու Ռոբերտ Քոչարյանին ժամանակ էր հարկավոր, որ գեներալական կրքերը հանդարտեցներ ու Սերժ Սարգսյանին ՊՆ նախարար նշանակեր։ Երրորդը Արտաշես Թումանյանն է, որը, չնայած «աննախադեպ տնտեսական աճին», ընդամենը Սայաթ-Նովայի փողոցում երկու բնակարաններ է իրար միացրել, ու այդ ամբողջը, տրաքի-պայթի՝ շա՜տ-շատ 120 հազար դոլար արժենա։ Դե, իսկ այն փսփսոցները, թե Արտաշես Թումանյանը ծխախոտի, պոնչիկի ու եսիմ էլ ինչի բիզնեսի փայատեր է, ներքին թշնամիների տարածած բամբասանքներ են։ Կրկին դառնանք նախկիններին։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանը, պարզ է, խայտառակում էր ռեսպուբլիկան։ Նրան սպասարկում էր 1979 թ. արտադրության «Գազ 24»-ը, եւ նույնիսկ թիկնապահներ չուներ։ Նրա սեփական ավտոմեքենան… անհարմար է նույնիսկ հրապարակել՝ 1975 թվականի արտադրության «06» է եւ, ի տարբերություն Արտաշես Թումանյանի դստեր, որ գերադասում է «ինոմարկայի» ծառայությունը, Կարամանուկյանի դուստրը քաղաքային տրանսպորտով կամ ոտքով է երթեւեկում։ Թվարկված խայտառակություններն էլ քիչ են, բիզնեսով զբաղվելու փոխարեն, նախկին «հանցագործ» գիտությունների թեկնածու Կարամանուկյանը, բիզնեսով երկրիս աննախադեպ աճը խթանելու փոխարեն, այժմ դասավանդում է Երեւանի պետական համալսարանում ու ապրում է ոչ թե շքեղ առանձնատանը, այլ սովորական բնակարանում։ Նախկին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանն, իհարկե, ոչ մի արդարացում չունի։ Նա ոչ միայն «խլամ» «31»-ով էր գնում-գալիս Ազգային ժողով ու մինչեւ սեպտեմբերքսանհինգյան դեպքերը թիկնապահ չուներ, այլեւ շաբաթ օրերին աշխատանքի էր գնում իր սեփական, առավել «խլամ» «03»-ով։ Այ, մեր երեսը պարզ անողը Արմեն Խաչատրյանն է։ Բազմում է մեր պանծալի խորհրդարանի պանծալի նախագահն իր ծառայողական 250000-անոց BMW-ն կամ՝ իր սեփական BMW-ն եւ ուզենա՝ իր կտրիճ թիկնապահների ուղեկցությամբ ԱԺ կգնա, կուզի՝ իր մասնավոր բուհը, կուզի՝ Կարմիր խաչի լողավազան։ Գեդոնիզմը բարոյագիտական բոլոր ուղղություններից գերադասող, համադամասեր պարոն Խաչատրյանը ակնհայտորեն համամիտ է մարդկային այն տեսակի հետ, ովքեր վստահ են, թե հաճույքն է կյանքի ամենամեծ բարիքն ու գերագույն նպատակը։ Հոկտեմբերի 27-ից հետո ամենակարող դարձած Սերժ Սարգսյանը բացճակատ հայտարարեց, որ 370000-անոց «Մերսեդեսը» ձեռք է բերել ոչ պետական բյուջեի հաշվին (ումի՞ց պիտի վախենա պարոն Սարգսյանը, եթե բոլորն իրենից են վախենում)։ Չար լեզուները կարող էին այդ հայտարարությունից հետո աղմուկ բարձրացնել, որ սրանից կոռուպցիայի հոտ է գալիս։ Սակայն արբեցնող լռություն է… Չար լեզուներն այսօր ավելի կարեւոր հոգսեր ունեն, որոնցից առաջնայիններից մեկը հենց Սերժ Սարգսյանին սիրաշահելն է։ «Միկայի» ու մոսկովյան կասկածելի հեղինակությունների հետ «անշահախնդիր» կապերի, տարեկան մի քանի անգամ Շվեյցարիա, Գերմանիա, ԱՄՆ այցելությունների (մեծ մասը՝ ոչ պաշտոնական), ԱՄՆ-ում աչքերը բուժելու ֆոնին, անշուշտ, հայհոյանքի է արժանի մեր պետության կայունությունը խարխլող նախկին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, որն ընդամենը 4 ամիս առաջ բնակարան ստացավ։ Չեն հայհոյում Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանին, որը Մերգելյանի ինստիտուտի հովանու ներքո երկու հողամաս է գնել, սեփականացրել է դատախազ Հենրիկ Խաչատրյանին սպանած ու ինքնասպանություն գործած՝ ըստ Աղվան Հովսեփյանի, Արամ Կարապետյանի տունը, իսկ Կոմիտասի պող. իր բնակարանը նեղ համարելով, այն միացրել է կողքի բնակարանին։ Ոչ ոք, իհարկե, չի ասում, որ Կառլոս Պետրոսյանը կոռումպացված է եւ ճիշտ էլ անում է։ Ինչու՞ ասեն, եթե «ագահ ու կոռումպացվածի» այնպիսի փայլուն օրինակ ունեն, ինչպիսին նախկին ԱԱ նախարար Դավիթ Շահնազարյանն է, որը մինչ այժմ ապրում է երկու սենյականոց «խրուշչյովկայում»։ Ես նախկին ընդդիմադիրների պես «մեծ-մեծ դոզաների» կողմնակից չեմ։ Առայժմ բավարարվենք «աննախադեպ տնտեսական աճի» գագաթները նվաճելու մասին հպարտորեն վկայող այս փոքրիկ պատառիկով։ Տոտիկը, թեւիկը, վզիկը… Ի՞նչ ես կարծում, հայրենակից, Պանիկովսկուն հետապնդողները, մարդասիրության պրոբլեմը լուծել, սագասիրության ոլո՞րտն էին թեւակոխել եւ անձնազոհաբար ուզում էին մոտալուտ մահից փրկե՞լ խեղճ փետրավորին։ Քավ լիցի։ Վազում էին նրանք լեյտենանտ Շմիդտի անբախտ «որդու» հետեւից ու մտածում՝ եթե կարելի էր ուտել այս թմբլիկ սագի յուղոտ տոտիկները, թեւիկներն ու վզիկը, ապա ինչու՞ մենք չուտենք: «Հանուն հայրենիքի» կոչի թիկունքին թաքնված մեր սագասերները վերջապես բռնել են թմբլիկ սագին, փետրահան են արել ու վայելում են… տոտի՜կը, թեւի՜կը, վզի՜կը։ Վերջում, երբ ոսկորները կթողնեն պարոնայք սագասերները, նախկինների պես «թեթեւամտորեն» չեն մնա Հայաստանում, այլ մի ավելի տաք արեւի տակ կլպստեն իրենց յուղոտ մատիկները։ Իսկ սովահար հասարակությունը կշարունակի հիպնոսի «կենարար» ազդեցության ներքո, նույն ոգեշնչվածությամբ չանչ անել դեպի Վանոյի առանձնատունը ու հայհոյել։ Կհայհոյեն, կանիծեն այնքան, «մինչեւ որ տեսնենք»՝ ինչպես տարիներ առաջ գրել է արձակագիր Վանո Սիրադեղյանը։ Եթե, իհարկե, տեսնելու բան մնա։ ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել