Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՁԵՌԱԳԻՐ

Հունիս 28,2001 00:00

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՁԵՌԱԳԻՐ Տարօրինակ եւ ցավալի բաներ են կատարվում հայոց աշխարհում։ Այստեղ կան քաղաքական գործիչներ, իշխանական քարոզչամիջոցներ, որոնք ոչ միայն չեն մերժում ահաբեկչությունը՝ որպես գաղափարախոսություն, այլեւ պնդում են ամբողջ աշխարհի գլխին պատուհաս դարձած այդ երեւույթի՝ առանձին դեպքերում՝ «արդարացված» լինելու մասին։ Ավելին, Հայաստանում մինչեւ 94-95թթ., նաեւ՝ 98-ից ի վեր տեղի ունեցող ահաբեկչության, սպանությունների ու մահափորձերի մասին նրանցից ոմանք այսօր էլ թեթեւորեն եւ սարկազմով են խոսում։ Ու, չգիտես, օրինաչափությո՞ւն է, թե՞, պարզապես, զուգադիպություն, բայց փաստ է, որ այդ գործիչներն ու քարոզչամիջոցները շատ հաճախ դաշնակներ են կամ դաշնակցամետ ինչ-որ բաներ։ Մի կողմից դա, թերեւս, բնական է՝ հաշվի առնելով, որ ահաբեկիչ Ն.Հունանյանը, ինչպես նաեւ՝ «27»-ի գործով ամբաստանյալների, նախկին մեղադրյալների ու վկաների մի մասը՝ այնպես, ինչպես՝ «Դրո»-ի, «31»-ի գործով դատապարտվածներն են, հատկապես այդ՝ դաշնակցական, գաղափարախոսության ժառանգորդներ են։ Զուգադիպություն անվանել, ասենք, ահաբեկչական գաղափարախոսության, Դաշնակցության եւ, առավել եւս, Էդվարդ Հովհաննիսյանի կապը՝ անկեղծ ասած, դժվար է։ Թերեւս այդ կապը հատկապես էական դեր է խաղում այն դեպքերում, երբ առանձին դաշնակներ՝ փոխանակ քաղաքական գնահատական տալու կամ մերժելու, ասենք, ընդդիմադիր գործիչ Պետրոս Մակեյանի դեմ կատարված մահափորձը, շատ հեշտությամբ այն սարկազմի են վերածում։ Թերեւս, ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, որ Պ.Մակեյանի վրա արձակված գնդակը չէր էլ դիպչելու նրան։ Իրոք, գուցե, ոմանք հաստատ տեղյա՞կ են, որ այն ընդդիմադիրների աչքը վախեցնելու համար էր միայն։ Ամեն դեպքում, դատախազությունը Պ. Մակեյանի դեմ կատարվածը «մահափորձի իմիտացիա» որակել չի շտապում: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել