Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր պնակալեզներն են մեղավոր

Հունիս 30,2001 00:00

ԴՈՒՔ ԱՆՄԵՂ ԵՔ, ՊԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ Ձեր պնակալեզներն են մեղավոր «Կգնայի։ Կճարեի մի հայտնի-անհայտ մոլորակ… Բայց այս մի քանի սար ու ձոր Հայաստանի պաշտամունքն ունեմ։ Այս 30 հազար քառակուսի կիլոմետր հողակտորի մշակն եմ…»,- տարիներ առաջ իր «Անապահով հողը հայրենիք լինել չի կարող» հոդվածում գրել է քաղբանտարկյալ Աշոտ Բլեյանը։ Տարրական տրամաբանությունը գրողի ծոցն ուղարկենք ու ենթադրենք, որ այս պետության սրընթաց գահավիժման «ճարտարապետ» (սա էլ գրում եմ, որ մարդկությանը հայտնի բոլոր բաների ճարտարապետ Հայրիկյանը ընդվզի) Քոչարյանի իշխանությունը փառաբանողների շարքերում նույնպես կան այնպիսիք, որ այս մի քանի սար ու ձոր Հայաստանի պաշտամունքն ունեն ու չեն առաջնորդվում այսրոպեական ճղճիմ շահով։ Պատահում է. բոլորն էլ կարող են սխալվել, իսկ ավելի հաճախ՝ պաշտելու ընդունակները։ Եթե անշահախնդիր քոչարյանապաշտները կույր չեն մտոք, ուրեմն՝ տեսնում են, որ Հայաստանի երկնակամարը սեւակնել է եռացող ատելությունից, եւ որ բանականությունը մթագնող այս թշնամանքի հրագունդը վաղը չի խնայելու ո՛չ Հայաստանը պաշտողներին, ո՛չ էլ մեր պետությունը, որպես էժան ապրանք, համաշխարհային շուկայի «դախլի» վրա դնողներին։ Տվյալ դեպքում Քոչարյանի համար «դոշ տվողներին» մեծ քաղաքականության դարուփոսերը գցելու մտադրություն չունեմ, քանի որ ղարաբաղյան խնդիրն այնպիսի մշուշով է պատված, որ ուզում եմ այս դեպքում էլ անտեսել տարրական տրամաբանությունը ու ենթադրել, որ հանուն խնդրի բարենպաստ լուծման, նրանք պատրաստ են անձնազոհաբար կուլ տալ հասարակության արհամարհանքն ու ատելությունը, որովհետեւ իրենք ավելին գիտեն, քան սովորական մահկանացուներս։ Մի «շա՜տ փոքրիկ» խնդրի (այնքան երկրորդական-երրորդական, որ Քոչարյանի հեռուստաընկերության «Հայլուրը» դատավարության օրերին մեզ է հրամցնում մեկ անգամ՝ սպորտային լուրերից առաջ) շուրջ եմ ուզում «փիքր անել» վերջիններիս հետ։ Ահա այս «շա՜տ փոքրիկ» խնդիրը պատճառ է դարձել, որ հասարակության մի զգալի հատված անափ թշնամանքով լցվի Ռոբերտ Քոչարյանի, նրա արբանյակների, նրան շրջապատող պնակալեզների, նրան անկեղծորեն (՞) գնահատողների նկատմամբ։ Այս ընդդիմադիրները, իսկ ավելի ճիշտ՝ ներքին թշնամիները, պնդում են (ես էլ՝ նրանցից մեկը), որ Քոչարյանն այս «շա՜տ փոքրիկ» խնդիր-խորհրդարանական կոտորածից միայն օգուտներ է քաղել։ Պնդում են, որ այս «ցավալի միջադեպից» հետո (իհարկե, ոչ այնքան ցավալի, որքան վերջերս ԱԺ կին պատգամավորներից մեկի հետ պատահածը, որը իշխանամետ լրատվամիջոցների «արդար» զայրույթի շնորհիվ «հայկական հարցի» հնչեղություն ստացավ), նրանք, ովքեր պիտի պատժվեին գոնե՛ պաշտոնեական անփութության համար, ակնհայտորեն դարձել են Քոչարյանի աջ ձեռքը։ Պնդում են, որ այս երկրում՝ իշխանամետ լրատվամիջոցների բացահայտ աջակցությամբ, ահաբեկչությունը պետականորեն հովանավորվում է։ Հետաքրքիր է, ի՞նչ հակափաստարկներ ունեն այս թշնամական տեսակետների դեմ Քոչարյանի պաշտպանները, բացի արդեն ձանձրույթ պատճառող մերկապարանոց հայհոյանքներից, զազրախոսությունից ու «բա որ ձեզ մոտ նեգրերին ճնշում են» անեկդոտիկ «հիմնավորումներից»։ Ներքին թշնամիներին, օրինակ, շատ է հետաքրքրում, թե այդ ինչ սատանայական զուգադիպությամբ են Քոչարյանի բարեհաճությանն ու նրան ծառայող լրատվամիջոցների ջերմ վերաբերմունքին արժանանում միայն նրանք, ովքեր թմբկահարում են «ուչաստկովիի» վարկածը եւ ներքին թշնամիներ հայտարարվում նրանք (նույնիսկ սպանվածների հարազատները), ովքեր շարունակում են պնդել, որ այս սպանդի թիկունքին կազմակերպիչներ կան։ Ասենք թե՝ ներքին թշնամիներն են ճիշտ՝ կազմակերպիչներ կան, Քոչարյանն ի՞նչ կապ ունի։ Դատախազությունն էլ է իրենը, դատարանն էլ՝ թող բռնի ու դատի։ Բայց արի ու տես, որ քոչարյանապաշտ լրատվամիջոցներն այնպիսի վայրի հարձակում են գործում կազմակերպիչներ փնտրողների վրա, որ նրանք, չուզենան էլ, ստիպված են մտածել՝ կարող է՞ կապ ունի։ Կամ։ Երբ «կույր» գնդակը կպչում է ներքին թշնամիներից մեկի լուսամուտին, «կույր» լուցկին էլ մյուսի արհեստանոցի հրկիզման պատճառ է դառնում, իշխանամետ լրատվամիջոցներն ընդամենը կատարվածի մասին հանրությանը տեղեկացնելու փոխարեն, ամենավերջին լուտանքներով են «օծում» տուժածներին եւ նույնիսկ չեն թաքցնում իրենց հորթային հրճվանքը։ Բա անշահախնդիր քոչարյանապաշտների մեջ մի խելոք մարդ չկա՞, որ դրանց ասի՝ ախր այս մեր 1700-ամյակի, «Հոկտեմբերի 27-ի» մասին իմացող-չհայտնողին «քրիստոնեաբար» ազատ արձակելու պայծառ համայնապատկերին, էս ձեր գիշատչաբարո կեցվածքը ստիպում է, չէ՞, ներքին թշնամիներին, որ հիմա էլ պնդեն, թե Պետրոս Մակեյանի դեմ մահափորձն ու Վահագն Ղուկասյանի արհեստանոցի հրկիզումն էլ են «ուչաստկովիի» մակարդակի գործեր։ Կամ՝ մի մտածելու ընդունակությունը չկորցրած «իսան» չկա՞ քոչարյանապաշտների շարքերում, որ համաներմանը «կողմ» քվեարկած պատգամավորների «հարիֆության» վրա չարախնդացող պնակալեզներին հասկացնի, որ եթե ներքին թշնամիներն են պնդում, որ Քոչարյանը «հարիֆացրեց» պատգամավորներին, ուզում են ստվեր գցել Քոչարյանի անբիծ կերպարի վրա, իսկ իրե՞նք ինչ են ուզում ապացուցել։ Սողոմոն իմաստունն էլ որ հրաշքով հայտնվի Հայաստանում, այս հարցի պատասխանը հօգուտ Քոչարյանի չի կարողանա լուծել։ Պատգամավորներին «հարիֆ» ասելով, իշխանամետները պարզապես ակամա ձայնակցում են ներքին թշնամիների հետ, որ Քոչարյանն այս համաներում-ներկայացումը բեմադրեց, որ հերթական ոսկորը գցի շատ ներվային ընկ. Հունանյանի առաջ, որ ավել-պակաս դուրս չտա։ Եվ վերջապես, Քոչարյանի շրջապատի անշահախնդիրները ո՞նց է, որ չեն զարմանում, թե այս ի՞նչ խորհրդավոր պատահականությամբ են նահատակների հիշատակն աղտոտող ու գլխավոր տականքին հերոսացնող խոհափիլիսոփայական տրակտատները «քերթվում» միմիայն Քոչարյանին գովերգող լրատվամիջոցներում։ Չէ՞ որ ներքին թշնամիների միտքն արթուն է, տրամաբանությունն էլ փայլուն։ Նստում ու գցում-բռնում են, որ եթե այն նույն լրատվամիջոցները, որոնք գրչի մի հարվածով մեկ էլ սկսում են «շատ սիրել» տարիներ շարունակ իրենց սուր ծաղրին ու անողոք քննադատությանն արժանացողներին միայն այն բանի համար, որ նրանք մի ողորմելի աթոռի համար համաձայնվում են ծախել իրենց ուղեղին հասանելի բոլոր սրբություններն ու անցնել Քոչարյանի թրի տակով, ուրեմն՝ պարզից պարզ է, որ այս լրատվամիջոցներն աշխարհին նայում են Քոչարյանի «ճաճանչափայլ» պատուհանից։ Եթե սրանք չեն հասկանում, անշահախնդիր քոչարյանապաշտնե՞րն էլ չեն հասկանում, որ Վազգեն Սարգսյանի հիշատակը աղտոտող հրապարակումները «յաթաղանի» պես ճեղքում են Քոչարյանի նրբանրբին սիրտը։ Չէ՞ որ Վազգենի թաղման սեւ օրը վոին Քոչարյանը կերկերացող ձայնով հայտարարեց, որ կորցրել է իր եղբորը։ Գուցե ցավալի թյուրիմացությու՞ն է տեղի ունեցել՝ իշխանամետ լրատվամիջոցները նրա ձայնի դողը սխա՞լ են ընկալել… Փաստորեն՝ այո՛, սխալ են հասկացել, ու ազատ խոսքի թունդ պաշտպան Քոչարյանն էլ անհարմար է զգում նրանց սխալն ուղղել: Ու ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ իշխանամետ լրատվամիջոցներն ամեն օր «յաթաղանում են» եղբայրապաշտ Քոչարյանի տառապյալ հոգին՝ անվանարկելով իր «եղբորն» ու փառաբանելով իր «ոխերիմ թշնամի» ընկ. Հունանյանին։ Սա, իհարկե, իմ սեփական վարկածն է։ Ձե՞րը որն է, մեր մի քանի սար ու ձոր Հայաստանը պաշտող քոչարյանապաշտներ։ Բարի եղեք գեթ մեկ անգամ դավաճանել ձեր հարազատ ոճին ու հանուն Հայաստանի Հանրապետության, որի պայծառ ապագայի համար այսպես ինքնամոռաց գլուխկոնծի եք տալիս Քոչարյանի առաջ, այս մի քանի մանր-մունր հարցերին պատասխանել։ Միայն թե՝ ինչպես Աշոտ Բլեյանն է գրել. «Թումանյանով մեծացած սերունդ ենք՝ կարճ ասեք, պարզ ու խաղաղ»։ ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել