Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան հիմնահարցի կարգավորման խնդիրը վերջերս հայտնվել է թե մեր ժողովրդի, թե մեզանում գոյություն ու

Հունիս 30,2001 00:00

Ազատագրված տարածքների օրինականացումը այլընտրանք չունի Արցախյան հիմնահարցի կարգավորման խնդիրը վերջերս հայտնվել է թե մեր ժողովրդի, թե մեզանում գոյություն ունեցող կազմակերպությունների եւ թե իշխանավորների ուշադրության կենտրոնում։ Բոլորն էլ գտնում են, որ հարցի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա հետեւողական քայլերով՝ իրավական դաշտում։ Միաժամանակ մեծամասնության կարծիքը հանգում է ներկայիս իրավիճակի երկարատեւ ձգձգման, այսինքն, իրավիճակի սառեցման օգտին։ Սակայն ազատագրված տարածքների իրավական ամրագրման բացակայության պատճառով մենք անմիջապես հայտնվում ենք իրավական դաշտից դուրս եւ հակասում ենք ինքներս մեզ։ Այդ պարզ դատողությունը պահանջում է գործողությունների ճշգրտում։ Եվ քանի որ Արցախյան հիմնահարցի արդար կարգավորման իրավական եղանակը այլընտրանք չունի, ապա ճշգրտումը անհրաժեշտ է կատարել ի վնաս հարցի սառեցման։ Ոչ մի հայ չի կասկածում, որ մենք հզոր ժողովուրդ ենք։ Ցավոք, ճշմարտություն է նաեւ, որ ունենալով թույլ պետականություն, մենք առանց իրավական դաշտի ապահովման՝ արդարությունը վերականգնել ի զորու չենք։ Ընդ որում, իրավական դաշտում անելիքները կարող են տեղի ունենալ ՄԱԿ-ի, միջազգային իրավունքի ենթակաների կամ հիմնահարցի պատճառ դարձած երկրի կողմից։ Սակայն, չնայած Ադրբեջանից անկախ Արցախի գոյության իրավունքը բխում է մի շարք միջազգային իրավունքների նորմերից, Արցախյան հիմնահարցի պարագայում համապատասխան քայլեր չեն կատարվում ոչ ՄԱԿ-ի, ոչ հայոց պետության եւ ոչ էլ միջազգային իրավունքի մյուս ենթակաների կողմից։ Այդպիսի իրավիճակը ձեռնտու է մեծ տերություններին, քանի որ լարվածության գոտիները նրանք հեշտությամբ կարողանում են օգտագործել իրենց զավթողական նպատակները իրականացնելու ժամանակ։ Այն ձեռնտու է նաեւ Ադրբեջանին, քանի որ ազատագրված տարածքների իրավական ամրագրումը բացակայում է։ Այս ամենից հետեւում է, որ մենք պարտավոր ենք կամ, ինչպես մինչ օրս, իրավական հիմնավորումը թաքցնելով վերադարձնել ազատագրված տարածքները, կամ հիմնավորելով միջազգային իրավունքի նորմերով՝ մեր ժողովրդի վաղնջական բնօրրաններից մեկը հայտարարել հայոց պետության մաս կազմող տարածք։ Առաջին տարբերակը միանշանակ բացառվում է, իսկ երկրորդ տարբերակը, իհարկե, ճիշտ կլիներ իրագործել 1994թ. զինադադարից անմիջապես հետո, երբ պարտված թշնամին ստիպված կլիներ հաշտվել այդ իրողության հետ։ Բայց այսօր էլ ուշ չէ հրավիրել ԼՂՀ բարձրագույն օրենսդիր մարմնի՝ ԳԽ-ի նիստ եւ, մատնանշելով համապատասխան իրավական համապատկերը, ազատագրված տարածքները ամրագրել որպես ԼՂՀ տարածք։ Հաջորդ, նույնպես իրավական քայլ հանդիսացող գործողությունը ՀՀ ԱԺ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն է (ազատագրված տարածքներով հանդերձ)։ Այս գործընթացը այլընտրանք չունի եւ մենք պարտավոր ենք այն կյանքի կոչել։ Հակառակ դեպքում՝ ազատագրումը կընկալվի (եւ ընկալվում է) որպես բռնագրավում եւ վաղ թե ուշ ստիպված կլինենք հանձնել թշնամուն «օդում կախված» մեր հայրենիքի մասը։ Ավարտելով նշված գործընթացը, երկու հայկական հանրապետությունների վերամիավորումը հիմնավորված կլինի թե ՄԱԿ-ի կանոնադրությամբ, թե ԵԱՀԿ սկզբունքներով։ Այո, որոշ քաղաքական գործիչներ ԵԱՀԿ ժողովուրդների իրավահավասարության եւ սեփական ճակատագրի տնօրինման սկզբունքը մեկնաբանում են որպես ինքնիշխանության իրավունք, որպեսզի խոչընդոտեն իրենց անցանկալի գործընթացների կայացմանը։ Պարզ է, որ նման մեկնաբանումները անհիմն են։ ԵԱՀԿ ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը ոչ հակասում է տարածքային ամբողջականության սկզբունքին, ոչ էլ այն իրենից ներկայացնում է ինքնիշխանության իրավունք, քանի որ այլապես այդ երեք իրավունքների առկայությունը միեւնույն ԵԱՀԿ փաստաթղթում, որպես տարբեր սկզբունքներ, Հելսինկյան եզրափակիչ ակտը կվերածի լիովին արժեզրկված փաստաթղթի։ Ցավոք, մեր իշխանավորները, գլխացավանքից ազատվելու համար, այսօր պատրաստ են գնալ ժողովրդի կողմից մերժվող ազատագրված տարածքների հանձնման ճանապարհով։ Ուստի հայոց աշխարհում գոյություն ունեցող մյուս բոլոր օղակների խնդիրն է օրինական ձեւով ճնշում գործադրել մեր իշխանավորների վրա՝ վերը նշված ճանապարհով շարժվելու համար։ Մենք պարտավոր ենք անցնել այդ ճանապարհը գոնե այն իրադարձությունից անմիջապես հետո, երբ թշնամին կվերսկսի պատերազմական գործողությունները։ Բայց նման քաղաքական ուղեգծի որդեգրումը պահանջում է, որպեսզի մեր բարձրագույն օրենսդիր մարմինը (կամ երկրի նախագահը) բացահայտորեն նախօրոք հայտարարի այդ մասին թշնամուն։ Չնայած այս դեպքում հնարավոր է իրավիճակի անցանկալի սառեցում։ Իհարկե, բոլորն են խուսափում պատերազմներից, սակայն հզոր ժողովուրդները նաեւ չեն վախենում պարտադրված պատերազմներից։ Կարծես թե մենք զգում ենք, որ այն անխուսափելի է եւ միայն պատերազմով կհանգուցալուծվի Արցախյան հիմնահարցը։ Ուրեմն, նաեւ մեր պատերազմը հաջորդ սերունդներին չժառանգելու գիտակցությունն է թելադրում իրավական գործելակերպի շարունակումը։ ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ ԵԱՀԿ սկզբունքները նպաստում են պատվավոր ձեւով եզրափակել մեր ազգային ազատագրական պայքարի ներկա փուլը։ ՍՈՍ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել