Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հրավիրել էր մամուլի ասուլիս, որին

Հունիս 30,2001 00:00

Մարդկության բեմահարթակ Երեկ Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հրավիրել էր մամուլի ասուլիս, որին մասնակցում էին Վենետիկի 49-րդ Բիենալեին ներկայացած Հայաստանի պատվիրակության անդամները։ Փոխնախարար Կարեն Արիստակեսյանը եւ Նորարար-փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) հիմնադիր-տնօրեն Էդվարդ Պալասանյանը լրագրողներին պատմեցին 15 հայ արվեստագետների աշխատանքների, հայկական տաղավարի, նախարարության եւ ՆՓԱԿ-ի համագործակցության մասին։ Կարեն Արիստակեսյանը նախարարության անունից շնորհակալություն հայտնեց ՆՓԱԿ-ին, որն արդեն 4-րդ անգամ իր վրա է վերցրել Հայաստանը վենետիկյան Բիենալեին ներկայացնելու դժվարին գործը։ 50-րդ Բիենալեին Հայաստանը ներկայացնելու քաղցր բեռը դարձյալ դրվեց ՆՓԱԿ-ի ուսերին։ Կ. Արիստակեսյանը իր խոսքում նշեց, որ նախարարությունը ֆինանսավորման հնարավորություն չունի, սակայն կաջակցի ՆՓԱԿ-ին՝ բարերարներ գտնելու։ Իսկ Է. Պալասանյանը հայտարարեց, որ իրենց սկզբունքն է՝ ոչ մի կերպ չծանրաբեռնել պետությանը Բիենալեի պատճառով: Սփյուռքի եւ հայրենիքի միջեւ համագործակցության լավ առիթ է, երբ սփյուռքահայ բարերարներն են ապահովում հայ արվեստի ներկայությունը համաշխարհային արվեստի այս փառատոնում։ Նախարարությունը պատվոգիր հանձնեց Սոնյա եւ Էդվարդ Պալասանյաններին, չմոռանալով, իհարկե, մեր 15 արվեստագետներին եւս, որոնց աշխատանքները ներկայացրին Հայաստանը՝ մարդկության բեմահարթակում։ Նրանք են՝ Սոնա Աբգարյան, Նարինե Արամյան, Մհեր Ազատյան, Նորա Բադալյան, Դիանա Հակոբյան, Արա Հովսեփյան, Համլետ Հովսեփյան, Դավիթ Կարեյան, Տիգրան Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան, Կարինե Մացակյան, Տաթեւ Մնացականյան, Սամվել Սաղաթելյան, Հարություն Սիմոնյան, Արփինե Թոքմաջյան: «Բիենալեի հաջորդ՝ 2003թ. կայանալիք փառատոնին արդյո՞ք կունենան ազգային տաղավար, թե՞ ոչ» հարցին, Կ. Արիստակեսյանը եւ Է. Պալասանյանը պատասխանեցին, որ ՆՓԱԿ-ը գտել է բարերար, մնում է Հայաստան-Իտալիա պետական մակարդակով լուծվելիք մի հարց. Ջարդինի այգում, ուր տեղավորված են ազգային տաղավարները, Իտալիան տեղ հատկացնի Հայաստանին։ Ասուլիսի ժամանակ չմոռացան շնորհակալություն հայտնել Մխիթարյան միաբանությանը, որը Սբ. Ղազար կղզում հյուրընկալում է Հայաստանին։ Հայաստանը աշխարհին ներկայացնելու ամենաազդեցիկ միջոցը մեր արվեստն է, մեր մշակույթը։ Այն իր ձեւով եւ բովանդակությամբ պետք է համահունչ լինի արվեստի համաշխարհային գործընթացներին։ Վենետիկյան Բիենալեն մեկ դար առաջ ներկայացնում էր կերպարվեստը։ Երրորդ հազարամյակին, արդեն, բացի կերպարվեստից, ներկայացվում են վիդեոարտը, համակարգչային, ձայնալսային, քանդակային, երաժշտական, թատերական, պարային եւ սարքատարածային ամենաբարդ կոմպոզիցիաներ, որոնցով աշխարհի արվեստագետները փորձում են իրենց գաղափարները, երեւակայությունը, խոսքը, միտքը հասանելի ու հասկանալի դարձնել մարդկությանը։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել