Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական երգերի զրնգուն հնչյունները նորաշունչ կյանք էին հաղորդել ՎՎ Արմենիայի կենտրոնական գրասենյակի

Հունիս 30,2001 00:00

ԺՊԻՏՆԵՐԻ ԾՈՎ ՎՎ ԱՐՄԵՆԻԱՅԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ Մանկական երգերի զրնգուն հնչյունները նորաշունչ կյանք էին հաղորդել ՎՎ Արմենիայի կենտրոնական գրասենյակին: Ծիծաղախինդ մանուկների անհոգ ժպիտները ստիպում էին ներկա մեծահասակներին մոռանալ իրենց առօրյա հոգսերը՝ իրենք էլ դառնալով անհոգ մանուկներ: Մոտ 80 մանուկներ Հայ ավետարանչական ընկերակցությունից (ՀԱԸ), «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միությունից եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի կարիքավոր ընտանիքներից մասնակցեցին ՎՎ Արմենիայի նախաձեռնությամբ կազմակերպված ամառային քրիստոնեական այս ճամբարին: «Մենք այնքան զբաղված ենք այստեղ, որ չենք էլ նկատում, թե օրերն ինչպես են անցնում»,- ասաց Սեւակ Համբարձումյանը՝ ճամբար հաճախող մանուկներից մեկը: Ճամբարում օրը սկսվում է առավոտյան մարմնամարզությամբ եւ աղոթքով: Այնուհետեւ երեխաները սնվում են, խաղում, հաճախում քրիստոնեական ուսուցման դասերի ու քննարկումների, նկարչության, պոեզիայի եւ սպորտային մրցումների: «Երբ ամեն անգամ երեխաներին տեսնելիս քեզ ողջունում են նրանց ջերմ ժպիտները, հոգիդ լցվում է անսահման ջերմությամբ, իսկ դրանից լավ բան չկա»,- ասաց Քրիստինե Բաղդասարյանը, ՎՎ Արմենիայի ամառային ճամբարների եւ քրիստոնեական ուսուցման կազմակերպիչը, ով ջանք չի խնայել վերջին ամիսներին ճամբարները պատշաճ կերպով կազմակերպելու գործում: Ճամբարներում երեխաները երեք անգամ սնվում են՝ ճաշին ստանալով տաք կերակուր: Այս երեխաներից շատերի համար այն միակ հնարավորությունն է օրվա մեջ տաք կերակուրով սնվելու: «Երեխաները ճամբարում սնունդ են ստանում ոչ միայն իրենց հոգու, այլեւ մարմնի համար: Ի շնորհիվ ՎՎ Արմենիայի, երեխաներն օրական երեք անգամ բավարար սնունդ են ստանում»,- ասաց Ասպրամ Բայբուդյանը, ՀԱԸ կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներից: «ՎՎ Արմենիայի աշխատակիցները այնքան մեծ նվիրումով եւ հոգատարությամբ են աշխատում մեզ հետ, որ մենք այստեղ մեզ հյուր չենք զգում այլեւս»,- ավելացրեց տասնհինգամյա Շուշանիկ Թրջյանը, ճամբարի ամենաերիտասարդ ուսուցիչներից մեկը: ՎՎ Արմենիայի նախաձեռնությամբ մոտ 750 երեխա Հայաստանի տարբեր մասերում կմասնակցի ամառային քրիստոնեական ճամբարների: Այս գործում ՎՎ Արմենիային կօգնեն Հայ առաքելական եկեղեցու սպասավորները, ՀԱԸ-ի ուսուցիչները եւ «Օզոն» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության աշխատակիցներն ու կամավորները: Գյումրի քաղաքում, որտեղ ՎՎ Արմենիան իրականացնում է հովանավորման եւ տարածաշրջանի զարգացման ծրագրեր, ամառվա ընթացքում նախատեսվում է բացել հինգ ճամբար եւ մեկ ճամբար էլ՝ Սիսիանում: Սիսիանի ճամբարում այն երեխաները, ովքեր մոտակա գյուղերի անապահով ընտանիքներից են եւ հնարավորություն չունեն ամեն օր գնալ172գալու՝ կգիշերեն ճամբարում: Ամառային քրիստոնեական ճամբարները հնարավորություն են ընձեռում շատ մանուկների կտրվել ամառվա շոգ փողոցներից եւ քրիստոնեական կրթությամբ բարին սերմանել այս մատաղ հոգիներում: ԼՈՒՍԻՆԵ ՀԵՅԶ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել