Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ

Հուլիս 05,2001 00:00

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Կամ «երիտասարդ պիոների օրը» Սահմանադրության օրն առիթ դարձավ եւս մեկ անգամ անդրադառնալու այն նոր տոնացույցին, որ շուրջ մեկ ամիս առաջ իր քվեարկությամբ պարտադրեց մեր խորհրդարանը, եւ այն մթնոլորտին, որ ծնեց այդ օրենքը։ «Այսպես գնա՝ երեւի երիտասարդ պիոների օրն էլ նշենք»,- կառավարության հետ Ազգային ժողովի հարց ու պատասխանի ընթացքում այս տոնացույցի առնչությամբ ասաց Սերժ Սարգսյանը, փոխանցելով բանակի դժգոհությունը՝ սահմանված զինվորական տոների առնչությամբ։ Նոր տոնացույցից խիստ դժգոհություն հնչեց նաեւ ԱԻՄ-ի համագումարում։ «Նույն ազգը, նույն տարում միջազգայնորեն նշում է քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակը եւ միաժամանակ պետական տոն է հռչակում աթեիստների՝ անաստվածների, ավելի ճիշտ՝ հակաաստվածների, հայոց կաթողիկոսին խեղդամահ անողների տոներից մեկը՝ Մարտի 8-ը։ Ավելին, այդ տոնը հակադրում են Աստվածածնի անարատ հղիության օրվան ու փոխարինում նրանով։ Սա ի՞նչ է, եթե ոչ սատանայի հաղթարշավ,- ասաց Պարույր Հայրիկյանը։- Հայաստանում նույն տարին կարողանում են Գարեգին Նժդեհի տարի եւ միաժամանակ Նժդեհին սպանած կոմունիստների տարի հայտարարել՝ պետական տոն դարձնելով 600-ամյա ընդմիջումից հետո վերականգնված հայկական պետականության դեմ ուղղված ապստամբության՝ Մայիսի 1-ի օրը։ Աշխատավորության տո՜ն է հայտարարվում։ Աշխատանքի փոխարեն՝ աշխատավորությանը կեղծ աշխատանքային տոն են մատուցում»։ Նրան երկրորդեց Ներսես Զեյնալվանդյանը, որը համարում է, թե հայոց այս խորհրդարանը նիստ առ նիստ վաստակել է լուծարված լինելու «իրավունքը». «Տրամաբանականով եւ անտրամաբանականով զուգորդված երթը հասավ այնտեղ, ուր մեր «ընտրյալների» խիղճը, ամոթը եւ պատկառանքը ներեց, որ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հոբելյանական տարում եւ հատկապես դարեր շարունակ կորսված եւ մաքառումների գնով ձեռքբերված անկախության 10-րդ տարեդարձի օրոք վերապարտադրվեցին Մարտի 8-ն ու Մայիսի 1-ը։ Եվ դեռ նույնիսկ առաջարկ եղավ Սուրբ Մարիամ Աստվածածնի անարատ հղիության օրը՝ ապրիլի 7-ը տոնացույցից հանելու վերաբերյալ։ Այստեղ չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս…»։ Սակայն ընդհատենք մեջբերումները եւ ներկայացնենք, թե ո՞ւմ ենք «պարտական» «Տոների եւ հիշատակի մասին» նման օրենքի ընդունման համար։ «Կողմ» էին քվեարկել 73 պատգամավոր։ «Դեմ» էին ընդամենը 14 հոգի՝ ՀՅԴ խմբակցությունն իր ամբողջ կազմով, ԱԺՄ խմբակցությունից «դեմ» էին Վազգեն Մանուկյանը եւ Սեմյոն Բաղդասարյանը (Ֆիլարետ Բերիկյանը, որ օրենքի առաջին ընթերցման ժամանակ խստորեն քննադատեց այս տոնացույցը՝ օրենքի ամբողջությամբ ընդունման ժամանակ քվեարկեց «ձեռնպահ»)։ Դեմ էին նաեւ Շավարշ Քոչարյանը, Ալեքսան Հակոբյանը, Գեւորգ Հակոբյանը։ Ողջ Հանրապետական կուսակցությունից «դեմ» էր քվեարկել միայն Տիգրան Թորոսյանը, իսկ ասենք, Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը, Վազգեն Խաչիկյանն ընդհանրապես չէին քվեարկել։ Ինչպե՞ս այստեղ կասկածի տակ չառնես նրանց սկզբունքայնությունը եւ ազգային գաղափարներին նվիրվածությունը։ Սակայն առավել էական է հետեւյալ հարցը. ինչո՞ւ Հայաստանի անկախության 10-րդ տարում հնարավոր դարձավ վերադառնալ համայնավարական խորհրդանիշներին։ Պատճառը թերեւս անկախության հանդեպ ձեւավորված վերաբերմունքն է, որին տուրք են տալիս անգամ նրանք, ովքեր հուսահատ փորձեր են անում դիմակայել «վարդագույնից» «կարմիրի» անցման օրավուր նկատելի դարձող դրսեւորումներին։ Ասենք, նույն Պարույր Հայրիկյանը ԱԻՄ-ի համագումարում հայտարարեց. «Այո՛, սա այն անկախությունը չէ, որին ձգտում էինք մենք՝ անկախականներս, բայց այսպես էլ պետք է լիներ»։ Խոսքի վերջին մասի բացատրությունը հնչեց այսպես. «1990 թվականից մինչեւ 1998-ը Անկախ Հայաստանի ճակատագիրը տնօրինում էին կոմունիստական Մոսկվայի կամքով իշխանության բերված ապազգային կամ փառասիրության գայթակղությանը, նյութական ընչաքաղցությանը տրված մարդիկ։ Նրանց ստեղծած Հայաստանն ավելի լավը չէր կարող լինել»։ Իհարկե, պրն Հայրիկյանը՝ հիշեցնելով երկրաշարժը, փախստականներին, պատերազմը եւ տնտեսական շրջափակումը, նաեւ նշեց, թե որեւէ ժողովուրդ «նույնիսկ ամենազարգացած պետությունը, մեկ տասնամյակի ընթացքում, այնպիսի հարվածների ենթարկվելու դեպքում, ինչպիսին մեր պետությունը ստացավ, հազիվ թե կարողանար ավելի լավ վիճակում լինել»։ Այնուամենայնիվ, մեղադրեց, թե ամենածանրը ՀՀՇ-ի փուլն էր, եւ այդ կուսակցության վերնախավն «ասես զբաղված լիներ կոմունիստների վերադարձի հոգեբանական նախադրյալների նախապատրաստումով»։ Բայց արդյոք այդ հոգեբանական նախապատրաստությունը չեն տեսնում նաեւ այն գործիչները, որոնք անցած 10 տարիներին տեղի ունեցածի միայն վատն ընդգծելով, մերժելով, անտեսելով ձեռքբերումները կամ էլ, լավագույն դեպքում, դրանք համարելով ի հեճուկս իշխանությունների նվաճումներ, փաստորեն ատելություն են սերմանում Հայաստանի անկախության եւ այն ամենի նկատմամբ, ինչ այս կամ այն կերպ առնչվում է դրան։ Դրա առաջին քայլ-նախանշաններից մեկն այս տոնացուցային «ռեւերսն» է։ Արդյոք հայտարարված ազատության ճանապարհին վերջին քայլը կլինի՞ կոմունիստների վերադարձը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել