Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

Հուլիս 05,2001 00:00

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ Երեւանի քաղաքապետի 2001թ. փետրվարի 21-ի թիվ 249 որոշման համաձայն, ՀՀ ազգային վիճակագրության ծառայության Երեւանի վիճակագրական գործակալությունն արդեն իսկ սկսել է այս տարվա հոկտեմբերի 10-19 անցկացվելիք միանվագ մարդահամարի նախապատրաստական աշխատանքները։ Մարդահամարի աշխատանքների համար նախատեսված է շուրջ 2 մլն դոլար, որից միայն 400 հազար դոլարը կհատկացվի պետբյուջեից, իսկ մնացածը կտրամադրեն մի շարք միջազգային կազմակերպություններ։ Վիճակագրական գործակալության պետ Վրեժ Ավետիսյանի խոսքերով, աշխատանքները կլինեն շատ ծավալուն եւ դրանք իրականացնելու համար ամբողջ Հայաստանի տարածքում կաշխատեն 11 հազար հաշվարարներ։ Հաշվառումները կիրականացվեն երկու ասպեկտով. ցուցակներում կընդգրկվեն Հայաստանի մշտական բնակչությունը եւ առկա բնակչությունը։ «Այն քաղաքացիները, որոնք գրանցված են Հայաստանում եւ ՀՀ քաղաքացիներ են, համարվում են մշտական բնակիչներ։ Իսկ եթե տվյալ պահին քաղաքացին Հայաստանում չէ, թեկուզ 10 օրով բացակայում է երկրից, նա կհամարվի առկա բնակիչ, քանզի հայտնի չէ՝ նա կվերադառնա, թե ոչ»,- ասաց պրն Ավետիսյանը։ Հաշվառման ցուցակներում կլինեն նաեւ Երեւանի եւ հանրապետության բոլոր մարզերի ժամանակավոր կացարաններում բնակվողները։ «Հանրակացարաններում, գործարաններում եւ այլ շինություններում բնակվողները, այդ թվում՝ փախստականները, բռնագաղթածները, մուրացկաններն ու թափառաշրջիկները եւս կհաշվառվեն»,- ասաց պրն Ավետիսյանը։ Ցուցակագրման աշխատանքները հանձնարարված են մարզային վիճակագրական վարչություններին եւ Երեւանի թաղային համայնքներին։ Ելնելով տվյալ թաղամասում առկա շենքերի քանակից, կատարվել են ցուցակագրողների բաժանումներ։ Ցուցակագրողները անցնելով շենք առ շենք, կհաշվառեն դրանք, այդ թվում նաեւ ոչ բնակելի բոլոր շինությունները, որից հետո կճշտվի բնակիչների թվաքանակը եւ հետո կամփոփվեն վերջնական արդյունքները։ «Մարդահամարի անցկացմանը ինչ մասնակցություն ունեն թաղային համայնքները» հարցին պրն Ավետիսյանը պատասխանեց, որ համաձայն կառավարության որոշման եւ մարդահամարի հանրապետական հանձնաժողովի արձանագրության, աշխատանքները իրականացվում են վիճակագրական ազգային ծառայության կողմից։ Նա նշեց նաեւ, որ մեր համաքաղաքացիները զգույշ լինեն, քանզի իրենց տեղեկություն է հասել, թե ինչ-որ մարդիկ են տնետուն գնում եւ 100-ական դրամ հավաքում բնակիչներից, ասելով, թե մարդահամարի անցկացման համար են գանձումներ անում։ «Մենք ինքներս ենք իրականացնում բոլոր վճարումները՝ մեր միջոցներով եւ այլ կարգի վճարումների մասին խոսք լինել չի կարող, դա առնվազն խաբեություն է»,- ասաց պրն Ավետիսյանը։ Ըստ նրա, մարդահամարի անցկացման համար կան վիճակագրական գործակալության կողմից հավատարմագրված հաշվարարներ, որոնք կաշխատեն սահմանված նորմերով եւ կունենան համապատասխան փաստաթղթեր։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել