Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Սապոնջյանը պնդում է, որ Բանտարկյալների (SPES) բարեգործական ընկերության նախագահ Մերուժան Ղա

Հուլիս 10,2001 00:00

Ազատություն՝ նկարների դիմաց Մարգարիտա Սապոնջյանը պնդում է, որ Բանտարկյալների (SPES) բարեգործական ընկերության նախագահ Մերուժան Ղազարյանը խաբեությամբ հափշտակել էր իր կալանավոր տղայի նկարած թվով 100 նկարները։ Դեռեւս 6 տարի առաջ մասնագիտությամբ նկարիչ Հակոբ Միքայելյանը քրեական օրենսգրքի 100-233 հոդվածներով դատապարտվել էր 12 տարի ազատազրկման։ Իսկ Մերուժան Ղազարյանը, ծանոթանալով նրա ստեղծագործություններին, տիկին Մարգարիտային առաջարկել էր նկարները տանել Ժնեւում եւ Սոֆիայում կայանալիք ցուցահանդես՝ խոստանալով Հակոբին միջնորդագրով ներում շնորհել։ «Եթե տղայիդ նկարները ցուցահանդեսում առաջին տեղը զբաղեցնեն, ես ամենաշատը մի ամսում «դաբիցա» կլինեմ, որ նրան ազատեն»,- ասել է Մ. Ղազարյանը։ Եվ որպես իր խոսքերի երաշխիք, հենց հաջորդ օրը տիկին Մարգարիտայի տղային Արթիկի կալանավայրից տեղափոխել է Երեւանի կենտրոնական բանտային հիվանդանոց։ «Նման վերաբերմունքից հետո ես կասկած անգամ չունեի նրա ազնվությանը, բայց ինչ իմանայի, որ նա ընդամենը փափուկ բարձ է դնում գլխիս տակ։ Իմ տղան էլ երիկամների հիվանդություն ուներ, իսկ հիվանդանոցը նրա փրկությունն էր, ուստի մենք համաձայնեցինք այդ առաջարկին»,- պատմում էր տիկին Մարգարիտան։ Ցուցահանդեսից որոշ ժամանակ անց, Մ. Ղազարյանից որեւէ տեղեկություն չստանալով, տիկին Մարգարիտան զանգահարում է նրան։ Վերջինս կոպտում է տիկնոջը եւ հայտնում, որ իր խոստումը կորցրել է ուժը, քանի որ Հակոբի նկարները «բանի պիտանի չէին», որովհետեւ երկրորդ տեղն էին զբաղեցրել։ Նաեւ ասում է, որ շուտով կվերադարձնի նկարները։ Հաջորդ օրը Երեւանի կենտրոնական բանտային հիվանդանոցի գլխավոր բժիշկը տիկին Մարգարիտային է հանձնում Վաշինգթոնից իր տղայի անունով եկած մի նամակ։ Անհասցե նամակում նշված է լինում միայն, որ Հակոբի նկարները Սոֆիայում զբաղեցրել են առաջին տեղը եւ, որպես մրցանակ, նա շահել է 300 ԱՄՆ դոլար։ Այս լուրը ստանալուց հետո տիկին Մարգարիտան նորից զանգահարում է Մ. Ղազարյանին եւ խնդրում, որ վերջինս իր խոստման համաձայն ազատություն պարգեւի որդուն։ Մ. Ղազարյանը, ձեւացնելով, թե «երեւի մոռացել է, որ Հակոբը առաջին տեղն է գրավել», խոստանում է անպայման զբաղվել դրանով, բայց պայմանով, որ նկարները մնան իրեն։ «Ես առանց երկմտելու համաձայնեցի, քանզի ինձ համար ավելի կարեւոր էր հիվանդ որդուս ազատությունը»,- ասում է տիկին Մարգարիտան։ Այդ օրվանից Մ. Ղազարյանը անհետացել է նկարների հետ միասին, իսկ Հակոբը մինչ օրս էլ հիվանդանոցում է։ Այս խնդրի շուրջ խոսեցինք Գայանե Գենոֆյանի հետ, որը, տիկին Մարգարիտայի հավաստմամբ, օգնել էր Մ. Ղազարյանին ցուցահանդեսին նախապատրաստելու հարցերում։ Վերջինս նախ կտրուկ ժխտեց իր մասնակցության փաստը՝ մեզ խորհուրդ տալով «ամեն ասած հալած յուղի տեղ չընդունել» եւ ավելացրեց, որ իրենք Մ. Ղազարյանի հետ ընդամենը նախկին գործընկերներ են։ «Ես ժամանակին աշխատել եմ Մերուժանի հետ, սակայն չեմ օգնել նրան ցուցահանդեսի կազմակերպման հարցերում։ Հետեւաբար, ես տեղյակ չեմ, թե քանի նկար է տարվել Սոֆիա, բայց միանշանակ կարող եմ ասել, որ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում»,- վստահեցրեց Գայանե Գենոֆյանը։ Հարցին՝ արդյո՞ք օրինական է բանավոր պայմանագիր կնքել նկարչի հետ, թեկուզ նա բանտարկյալ է, տիկին Գենոֆյանը անմիջապես հիշեց, որ վաղուց չի տեսել Մերուժանին եւ այդ պատմության մանրամասները չի հիշում։ Նաեւ հարցիս հարցով պատասխանեց, թե «դե ի՞նչ իմանանք, միգուցե Մերուժանը Հակոբի հետ ինչ-որ ներքին պայմանավորվածությո՞ւն է ունեցել»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ Հ. Գ. 10-15 օր Մերուժան Ղազարյանին գտնելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին, ուստի հոդվածը հրապարակում ենք առանց նրա կարծիքը լսելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել