Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում հիմնադրվում է XIT համակարգչային ծրագրավորման եւ հեռահաղորդակցության ֆիրմա

Հուլիս 14,2001 00:00

Որպես նեցուկ արեւելյան մարտարվեստի կառույցին Երեւանում հիմնադրվում է XIT համակարգչային ծրագրավորման եւ հեռահաղորդակցության ֆիրմա Համահայկական երկրորդ խաղերի եւ ու-շուի աշխարհի 6-րդ առաջնությանը քիչ ժամանակ է մնացել։ Այս առիթով դարձյալ Մայր հայրենիքում է արեւելյան մարտարվեստի ճանաչված վարպետ, Մերձավոր Արեւելքի երկրներում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբչյանը։ Նրա անձնական ջանքերով ու կապերով Միջազգային բարձր տեխնոլոգիաների կազմակերպությունների հետ Երեւանում արդեն իսկ հիմնադրվել է XIT համակարգչային ծրագրավորման եւ հեռահաղորդակցության ֆիրման։ Բացի այն, որ այստեղ գլխավորապես աշխատելու են երիտասարդ տղաներ ու աղջիկներ, ֆիրման նեցուկ է լինելու Միջազգային հայ սեւ գոտիների ակադեմիային (ՀՍԳՄ), Հայաստանում եւ Արցախում արեւելյան մարտարվեստի կառույցին։ – Միաժամանակ նախապատրաստվում ենք աշխարհատարած սփյուռքից 300 ՀՍԳՄ-ական ու-շուի մարզիկ-մարզուհիներով մասնակցել եկող տարվա հոկտեմբերի 1-7-ը քաղաքամայր Երեւանում տեղի ունենալիք աշխարհի առաջնությանը՝ միեւնույն ժամանակ լինելով նաեւ գլխավոր հովանավորը,- ասում է Կ. Քեբաբչյանը։- Մենք ջերմ համագործակցության մեջ ենք Հայաստանի ու-շուի վաստակաշատ նախագահ Տիգրան Չոբանյանի հետ։ Հայոց քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով Ստեփանակերտում մեծ շուքով 1700 ՀՍԳՄ-ական մարզիկների մասնակցությամբ նշելու ենք մեր կազմակերպության հիմնադրման 25-ամյակը։ Այդ իրադարձության արարողությանը մասնակցելու հրավերք կունենա նաեւ Սփյուռքի ավելի քան 250 մարզիկներ եւ հյուրեր։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայը Մայր հողում զգա ինչպես միշտ՝ սեփական տանը։ Հայաստանում վերոհիշյալ ծրագրերի իրականացման նպատակով մի շարք գործնական հանդիպումներից հետո ՀՍԳՄ նախագահը կմեկնի Բեյրութ, այնուհետեւ Փարիզ՝ կազմակերպելու մեկ ամիս հետո հայոց քաղաքամայրում տեղի ունենալիք XIT հայաստանյան շնորհանդեսը։ Հ. ՄՈՍԿՈՖՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել