Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կայացավ տառարտադրությունը, հրապարակ դուրս եկավ տառակերը, հետո լայն բացելով երախը՝ դարձավ բառակեր

Հուլիս 14,2001 00:00

ՏԱՌԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Երբ կայացավ տառարտադրությունը, հրապարակ դուրս եկավ տառակերը, հետո լայն բացելով երախը՝ դարձավ բառակեր եւ նախադասություններ պահածոյացրեց ապագա սերունդներին պարտադրվող ախորժակի համար։ Երբ տառը հայտնվում է կիսաքաղց դերասանի բերանի մեջ, դառնում է ներկայացում։ Վերջերս մի ներկայացում տեսա, որի ռեպլիկները պատիվ չէին բերում ոչ գրողին, ոչ դերասանին, ոչ էլ դրանց համար հավանության գոչյուններ արձակող հանդիսատեսին։ Բայց քանի որ ամբողջությունը կայանում է, ուրեմն նորմալ է. մենք այդ ենք։ Ժողովուրդն իմաստուն է, այլապես նրա ծոցից դուրս եկած ղեկավարներն այսքան իմաստուն չէին լինի։ Իմաստության մեջ լող ենք տալիս։ Բարեկեցության մեջ խեղդվելու վտանգ չկա։ Մենք արտագաղթում ենք, որպեսզի լողի դասեր տանք հիմար այլազգիներին։ Մեր իմաստավաճառության առաքելությունը փոքր-ինչ դժվարացավ, երբ ՄԱԿ-ը չհաստատեց հայերենը որպես միջազգային լեզու։ Հազիվհազ թե մոտավորապես հասկանում է, ինչ է գրում։ Բայց հույս ունի, որ ուրիշը լրիվ կհասկանա, կմեկնաբանի եւ կգնահատի։ Այդ իսկ պատճառով ջահելներն իրենց խելքի ծամոնն են ծամում, իսկ ահելները իրենց հուշերի չարազը։ Ի՞նչ տեղի կունենար, եթե մարդն ասեր՝ ընդունեցեք իմ խորին արհամարհանքը, թեեւ դա, փաստորեն, տեղի է ունենում հարգանքի քողի տակ։ Բարբարոսներն ունեին այն առավելությունը, որ նրանց չէին կարող մեղադրել անքաղաքավարության մեջ։ Շատերն են ափսոսում այդ առավելության բացակայությունը։ Այդ առավելությունից օգտվում են մի շարք արտոնյալներ՝ սկսած Նիկոլայ Պալկինից… մինչեւ նախկին կոլխոզի նախկին նախագահները եւ նրանց հետեւորդները։ Կոլխոզն անմեղ էր, նրա խոզերն էին մեղավոր, որոնք «խ» տառից ավելին չգիտեին։ Ճաքածը դեն պիտի նետես, որովհետեւ ճաքն արդեն իսկ դավաճանության նախասկիզբն է։ Հավատարմությունը խառնածին է, երբ նրա հիմքում բուն են դնում նաեւ ծուլությունը, թուլությունը, վախը փոփոխություններից, թեեւ բացառված չեն բարոյական սկզբունքները։ Սկզբունքն էլ հաճախ այն է, ինչ ձեռ է տալիս։ Երբ այն փոխում են, նշանակում է՝ ձեռնոցը մաշվել է։ «Եթե ես չեմ հասկանում, ուրիշն ինչպե՞ս պիտի հասկանա»,- այսպիսի հավակնոտություն չէր ունենա նույնիսկ Սոկրատեսը։ Գրողը համարյա անխուսափելիորեն ընկնում է այսպես ասած պատահական ընթերցողի թակարդը, որը քաջածանոթ է, նույնիսկ անգիր գիտե հատվածներ նրա ստեղծագործություններից։ Չակերտը բաց եւ փակիր։ Փակագիծը բաց եւ փակիր։ Թող ընթերցողը հայտնաբերի չակերտը եւ փակագիծը բացելու եւ փակելու տեղերը։ Այդ ակտիվությունը օգտակար կլինի կամ առնվազն հետաքրքիր, եթե մեղքը չբարդենք տառիրացնող տպարանի վրա։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել