Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՈՉ ՄԻ ԲՈՒՀ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՉԷ

Հուլիս 14,2001 00:00

ԴԵՌ ՈՉ ՄԻ ԲՈՒՀ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՉԷ Մինչեւ պաշտոնապես չհայտարարվի, որ այս կամ այն մասնավոր բուհը արժանացել է պետական հավատարմագրման եւ ստացել այն հավաստող վկայագիրը, ոչ մի մասնավոր բուհ իրավունք չունի հայտարարել, որ ինքը հավատարմագրված է։ Այս պարզաբանումը ներկայացրեց Լիցենզավորման ու հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանը, ի պատասխան «Առավոտի» հարցի՝ արդեն ունե՞ք հավատարմագրված բուհեր։ Թյուրիմացության պատճառը որոշ բուհերի շտապողականությունն է, որոնք այսօր արդեն գովազդում են իրենց որպես հավատարմագրված բուհեր։ Տեղեկացնենք, որ նույնիսկ պետական հսկողությամբ անցկացվող մասնավոր բուհերի ավարտական քննությունները դեռ չեն ավարտվել։ Բացի այդ, միայն այդ քննությունների արդյունքները դեռ բավարար չեն հավատարմագրման արժանանալու համար։ Այս քննությունները որոշ բուհերի համար հավատարմագրման վերջին փուլն են, բայց դեռ նախորդ փուլերի արդյունքները եւս պետք է ամփոփվեն եւ նոր միայն, ընդհանուր գնահատականը պարզելուց հետո, հնարավոր կլինի ասել, թե բուհը հավատարմագրված է։ «Գլաձոր» եւ «Հրաչյա Աճառյան» համալսարանները, որ բոլորից շատ են շտապում հայտարարել, թե արդեն հավատարմագրված են, առայժմ եւս նման իրավունք չունեն, քանի որ պաշտոնապես դա չի հաստատվել։ Սակայն Ռոբերտ Գաբրիելյանը բարձր գնահատեց հավատարմագրվելու նրանց հնարավորությունը։ Նախնական արդյունքների հիման վրա Ռոբերտ Գաբրիելյանի արած կանխատեսմամբ՝ այս տարի միայն 7-8 բուհ կարող են հավատարմագրման հավակնել։ Պարոն Գաբրիելյանից նաեւ տեղեկացանք, որ հաջորդ շաբաթ, հավանաբար, մամուլի ասուլիս կհրավիրվի եւ կամփոփվեն մասնավոր բուհերի ավարտական քննությունների արդյունքները։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել