Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Հուլիս 14,2001 00:00

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ Երեկ հերթական անգամ մեր պետական այրերը ապացուցեցին իրենց անտարբերությունը գիտության ու գիտնականների հանդեպ։ Առաջին դեպքը չէ, որ նրանց անհարգի բացակայության պատճառով ձախողվում է գիտնականների կազմակերպած ժողովը, որի հիմնական թեման ամիսներով ուշացող աշխատավարձի եւ ընդհանրապես պետական անբավարար ֆինանսավորման խնդիրն էր։ ԳԱԱ միացյալ արհմիության նախագահ Կիմա Միքայելյանն ասաց, որ «ոչ մեկին չի հուզում, թե ինչպես են այսօր իրենց գոյությունը պահպանում գիտնականները։ Իսկ ամենացավալին այն է, որ ակադեմիայի ֆինանսավորման բացակայության պատճառով ոչ մի գյուտ գիտնականները չեն կարող անել։ Ստացվում է այնպես, որ մենք ոչ թե գիտությամբ ենք զբաղվում, այլ՝ գիտություն ենք խաղում»։ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Բագրատ Ղարիբջանյանն ասաց, որ եթե կառավարությունը շարունակի արհամարհական վերաբերմունք ցուցաբերել, ապա բոլորը ակամայից կցանկանան հայրենիքը լքել։ «Այսօրվա երիտասարդն ասում է, որ եթե պետությունն իր մասին չի մտածում, ուրեմն նա էլ կթքի պետության վրա»,- ասաց Բ. Ղարիբջանյանը։ Վրդովված գիտնականներն ասում էին, որ մեր ժողովուրդը չպետք է հանդուրժի այս կառավարությանը։ «Ժողովուրդն է անհրաժեշտ կառավարությանը եւ ոչ թե կառավարությունը՝ ժողովրդին։ Պետությունն իր ժողովրդով է պետություն։ Կառավարության ուժը ժողովուրդն է»,- բորբոքված բողոքում էին գիտնականները։ Եթե ժողովուրդը թողնի-գնա, ո՞ւմ է կառավարելու կառավարությունը։ «Մենք պահանջում ենք կառավարության հրաժարականը»,- այս խոսքերով էլ ավարտվեց գիտնականների ժողովը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել