Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմորդների

Հուլիս 17,2001 00:00

Սա վերջն է առաջին արարի Դիմորդների դիմում-հայտերի ընդունման ժամկետը ավարտվեց, եւ երեկ բուհերի ընդունող հանձնաժողովները ամփոփում էին արդյունքները։ Մայր բուհն այս տարի ունի 3513 դիմորդ, այսինքն՝ մոտ 400-ով ավելի նախորդ տարվանից։ Հիշեցնենք, որ ԵՊՀ-ին պետպատվերով տրված է 671 տեղ, իսկ վճարովի՝ 1141, եւս 176 տեղ՝ առանց բանակից տարկետման իրավունքի։ Սուր մրցույթ կլինի ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա, հայոց լեզու եւ գրականություն ու իրավագիտություն մասնագիտությունների համար։ Բուհի ընդունող հանձնաժողովի պատքարտուղար Ալեքսանդր Գրիգորյանը ուրախությամբ նշեց, որ նկատվում է ճշգրիտ գիտությունների նկատմամբ հետաքրքրության մեծացում. բնագիտական մասնագիտությունների դիմորդների թիվը զգալիորեն աճել է։ 153 մեդալակիրներից 96-ը դիմել է ԵՊՀ՝ նախընտրելով իրավագիտություն, տնտեսագիտություն եւ ինֆորմատիկա ու կիրառական մաթեմատիկա մասնագիտությունները։ Պարոն Գրիգորյանին նաեւ խնդրեցինք մոտավոր հաշվարկներով ներկայացնել տղա-աղջիկ հարաբերակցությունը։ Նախորդ տարիներին այն 40-60% էր լինում։ Պարզվում է, այս տարի աղջիկ դիմորդների թիվն ավելացել է, մոտ 2/3-ը աղջիկ է։ Մանկավարժական համալսարանում ավանդաբար աղջիկ դիմորդները գերիշխում են։ Այս տարի մոտ 80%-ը աղջիկ է։ Իսկ դիմորդների ընդհանուր թիվը 2123 է՝ մոտ 100-ով պակաս նախորդ տարվանից։ Բուհի ընդունող հանձնաժողովում սա պայմանավորեցին բուհի մի քանի մասնագիտությունների գծով պետպատվերով ու վճարովի տեղեր չհատկացնելու հետ։ Բուհն այս տարի ունի 288 պետպատվերով եւ 522 վճարովի տեղ եւ 110 տեղ՝ առանց զինծառայությունից տարկետման իրավունքի։ Լարված պայքար կծավալվի տարրական կրթության մանկավարժություն, պատմություն եւ իրավունք, աշխարհագրություն, հայոց լեզու եւ գրականություն մասնագիտությունների տեղերի համար։ Իսկ գյուղակադեմիայում ավանդաբար տղա դիմորդները ավելի շատ են լինում՝ 2/3-ը։ Բուհի ընդունող հանձնաժողովի պատքարտուղար Լեւոն Մարգարյանը նաեւ տեղեկացրեց, որ ագրո-կենսաբանական որոշ մասնագիտություններում դիմումների թիվը շատ քիչ է եւ թափուր տեղեր մնալու հավանականություն կա։ Իսկ ճարտարագիտական ու տնտեսագիտական մասնագիտությունների տեղերի համար մեծ մրցույթ կլինի։ Բուհ այս տարի դիմել է 1065 դիմորդ՝ նախորդ տարվա 1170-ի փոխարեն։ Նրանք կպայքարեն 214 պետպատվերով եւ 400 վճարովի տեղերի համար։ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանը, 157 պետպատվերով եւ 215 վճարովի տեղի համար, 342 դիմորդ ունի, ինչը 60-ով ավելի է նախորդ տարվանից։ Ընդունող հանձնաժողովի պատքարտուղար Ռուդիկ Եփրեմյանը վաղ համարեց խոսել թափուր տեղեր ունենալու հավանականության մասին, քանի որ դեռ հայտնի չէ, թե ոչ առաջին հայտով քանի դիմորդ է այս բուհ դիմել։ Իսկ դիմորդների շրջանում առավել հարգի է ճարտարապետություն մասնագիտությունը։ ԵԲՀ-ի դիմորդների թիվը այս տարի նվազել է 4-ով։ 701 դիմում կա՝ 138 պետպատվերով եւ 200 վճարովի տեղի համար։ Բուհի ընդունող հանձնաժողովի պատքարտուղար Գեւորգ Ադամյանի կարծիքով, եթե քննություններից անբավարար ստացածները շատ լինեն, վճարովի համակարգում գուցե թափուր տեղեր լինեն։ Բուհի դիմորդների մոտավորապես 65%-ը աղջիկ է, իսկ դիմած մեդալակիրների թիվը՝ 15։ Մոտ 40-ով ավելացել է ֆիզկուլտինստիտուտի դիմորդների թիվը։ Պատքարտուղար Կոլյա Բաբայանը տեղեկացրեց, որ 800 դիմորդից միայն 46-ն է աղջիկ։ Վերջիններս դիմել են հիմնականում սեղանի թենիս, բասկետբոլ, կինեզիոլոգիա, լող մարզաձեւերի համար։ Իսկ ամենամեծ մրցույթը կլինի ֆուտբոլ եւ փրկարարական գործ մասնագիտություններում։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել