Լրահոս
Օրվա լրահոսը

«Դո

Հուլիս 19,2001 00:00

ՓՈՔՐԻԿ ՀԱՅ ԵՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «Դո ռե մի» մանկական երգի կենտրոնն արդեն 8-րդ անգամ հաղթանակած վերադառնում է տարբեր միջազգային փառատոներից եւ մրցույթներից։ Վերջինը Բուլղարիայում կայացած մանկական ժամանակակից երգի կատարման «Զլատնի պաստյե» միջազգային մրցույթն էր, որին մասնակցում էր 8 երկրների 60-ից ավելի ներկայացուցիչ։ Հայաստանը ներկայացնում էր «Դո ռե մի» կենտրոնը՝ 7 մասնակցով, որոնցից 5-ը «Փոքրիկ հայեր» համույթի կազմից են։ Մեր 7 երեխաները Բուլղարիայից բերել են 8 մրցանակ։ Մրցույթը կայացել է 3 տարիքային խմբերում։ Եղել է նաեւ մրցույթ համույթների միջեւ։ Առաջին տարիքային խմբում (մինչեւ 9 տարեկան երեխաներ) Սյունե Սարգսյանը ստացել է դիպլոմ «Գերազանցության համար», իսկ Մարթա Կիրակոսյանը գրավել է 1-ին տեղը։ Երկրորդ տարիքային խմբում մրցանակային տեղերի համար, փաստորեն, մրցել են միայն հայ երեխաները։ Առաջին կարգի մրցանակ է ստացել Արշալույս Սարգսյանը, երկրորդ կարգի մրցանակ՝ Սոնա Քոչարյանը եւ երրորդ կարգի՝ Ժակլինա Թումանյանը։ Մեծերի տարիքային խմբում Հայաստանն ունեցել է մեկ մասնակից՝ Նելլի Պողոսյանը, որը ստացել է երրորդ մրցանակը։ Մրցույթի պայմաններով, յուրաքանչյուր մասնակից ներկայացրել է երկու երգ. մեկը՝ մայրենի լեզով, մյուսը՝ ազատ ծրագրով։ Մեր երեխաները Բուլղարիայի երկնքի տակ հնչեցրել են Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արթուր Գրիգորյանի, Արաքս Մուշեղյանի եւ Հայկոյի երգերը։ Մրցույթն ունեցել է ընդամենը մեկ «Գրան պրի»՝ բոլոր տարիքային խմբերի համար։ Եվ ողջ մրցույթի լավագույն կատարող է ճանաչվել «Փոքրիկ հայեր» համույթը։ Ինչպես նշեց «Դո ռե մի»-ի հիմնադիր Նադեժդա Սարգսյանը. «Կարեւորը մեզ համար հաղթանակը չէր, քանի որ միջազգային մրցույթին մասնակցելն ինքնին հաղթանակ է։ Առավել եւս, որ «Դո ռե մի»-ն արդեն բավականաչափ ճանաչված է նաեւ դրսում։ Մեր հեռուստահաղորդումները «Սաթելիթ» ցանցով սփռվում են աշխարհով մեկ։ Բոլորը գիտեն մեր դպրոցը, ճանաչում եւ վստահում են մեզ։ Եթե նախկինում մրցույթին մասնակցելուց առաջ պրոդյուսերները պահանջում էին մասնակիցների ձայնագրությունները, ֆոտոն, կենսագրությունը, ապա արդեն մի քանի մրցույթ է՝ ոչինչ չեն պահանջում, ասում են՝ ում էլ բերեք, գիտենք, որ լավագույնն է լինելու։ Այս անգամ էլ, երբ հասանք Բուլղարիա, բոլորը թե՝ ահա՜, հայերն էկան, բոլոր մրցանակները տանելու են»։ Մեր զրույցին միջամտեցին Բուլղարիան «եկած, տեսած ու գրաված» երեխաները։ Նրանց կարծիքով, այս անգամ իրենց մրցակիցները թույլ էին. «Մենք կուզեինք, որ ավելի ուժեղ լինեին, որ իմանայինք, թե մեզ հավասար կամ մեզնից ուժեղ մրցակիցներ ունենք»։ Ըստ նրանց, միշտ բարձր մակարդակ են ունեցել բուլղարացի, իտալացի եւ վրացի փոքրիկ երգիչները, բայց՝ «արդեն մի քանի մրցույթ է, իրենց էլ ենք հաղթում»։ «Դոռեմիականների» եւ հատկապես նրանց ղեկավարի համբավն այնքան է տարածվել, որ արտերկրից Նադեժդա Սարգսյանին իրենց երեխաների հետ պարապելու բազում խնդրանք- առաջարկներ են եղել. «Ինձ էին դիմում անգամ ուսուցիչները, բայց ես ի վիճակի չեմ թողնել իմ կենտրոնն ու այլ քաղաքներում դասեր անցկացնել։ Այդ պատճառով եկել ենք ընդհանուր հայտարարի, որ իրենք կգան Հայաստան ու այստեղ կպարապեն»,- ասում է տիկին Սարգսյանը։ Բայց «Դո ռե մի» կենտրոնի այսօրվա պայմանները բավարար լինելուց շատ հեռու են եւ հյուրեր ընդունելու համար գրեթե անպիտան։ Կենտրոնը, որտեղ երգել է սովորում մոտ 100 երեխա, զբաղեցնում է բնակելի շենքի մի բնակարան. «Քանիցս դիմել ենք մեզ համապատասխան շենք տալու խնդրանքով, չեն ընդառաջել։ Հիմա արդեն շենք չենք ուզում, հողատարածք ենք խնդրում։ Շենքը հովանավորների օգնությամբ կկառուցենք։ Հուսով ենք, որ ներկայիս քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը այս խնդրում մեզ կօգնեն»։ Իսկ հարեւանները թեեւ շատ դժգոհ չեն, երբեմն նույնիսկ ձայնակցում են երգող երեխաներին, բայց «նրանք էլ մարդ են, հոգնում են, հանգստանալու կարիք ունեն»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել