Լրահոս
Օրվա լրահոսը

Այն,

Հուլիս 24,2001 00:00

«ԴԱ ՄՈԽՐԱՄԱՆ ՉԻ, ՎԵՐՑՆԵՆ, ՈՒՐԻՇ ՏԱՆ» Այն, որ ՀՀ գյուղնախարար Զավեն Գեւորգյանը ջուր վաճառողների եւ գյուղացիների միջեւ հարաբերություններն անարխիկ է համարում, ըստ ՀՀ կառավարությանն առնթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանի, թյուրիմացություն է։ Պրն Մարտիրոսյանն, իհարկե, կարծիք հայտնեց, որ լրագրո՛ղը ճիշտ չի հասկացել նախարարի ասածը։ «Պրն Գեւորգյանը չէր կարող այդպիսի բան ասել»։ Պրն Գեւորգյանի մի քանի այլ նկատառումներ եւս (բնականաբար՝ ոչ հօգուտ ջրային տնտեսության ենթակա կառույցների) պրն Մարտիրոսյանը «ջրեց»։ Մասնավորապես, ըստ Գագիկ Մարտիրոսյանի, գյուղնախարարության եւ ջրային տնտեսության իրավասությունները հստակ տարանջատված են։ Եվ գյուղնախարարությունը չէր կարող նեղացածի կեցվածք ընդունել այն պատճառով, որ «ջուրն իրենից վերցրել են» (հիշեցնենք. այս ենթադրությունը մերն էր- Ա. Գ.)։ «Դա մոխրաման չի, որ խլեն-տանեն»,- փաստարկում է Գագիկ Մարտիրոսյանը։ Նա հավաստիացնում է, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի ստեղծումը տարիների գիտափորձնական աշխատանք է պահանջել եւ դրա արդյունքն է։ Պրն Մարտիրոսյանը ոչ միայն չօգտվեց գյուղնախարարի հրապարակային հայտարարություններին նույն կերպ պատասխանելու հնարավորությունից, այլեւ հայտարարեց. «Գյուղնախարարությունը գործում է իր կանոնադրական իրավունքների սահմաններում»։ Ավելին, ջրային կոմիտեի նախագահը «ողջունում է» գյուղնախարարության ջանքերը՝ ուղղված իր ենթակայությամբ որոշակի կառույցների ստեղծմանը, որոնք, ըստ գյուղնախարարի, «արտահայտելու են գյուղացիների շահերը»։ Դրանց միջոցով գյուղնախարարությունը հավակնում է կանգնել գյուղացիների կողքին։ Գագիկ Մարտիրոսյանը կարծում է, որ ոչ միայն գյուղնախարարությունը պիտի կանգնի գյուղացու կողքին, այլեւ գյուղին ու գյուղացուն առնչվող բոլոր գերատեսչություններն ու անհատները։ «Ոչ ոք գյուղացուն չի ասում, որ այսօր վճարի»,- հավաստիացնում է ջրային տնտեսության նախագահը։ Ամբողջ խնդիրը ոչ թե տվյալ պահին, այլ նախօրոք կնքված պայմանագրով սահմանված ժամկետներում վճարելն է։ Պայմանագրի չկատարումը, կողմերից ցանկացածին, արդեն կարող է բարդությունների առաջ կանգնեցնել։ Իսկ վերոնշյալ կառույցներից պրն Մարտիրոսյանը վաղուց է տեղյակ։ Այդ առումով գյուղնախարարությունն, ըստ նրա, ճիշտ ուղու վրա է։ Դրանք գործել սկսել են 1996-98թթ.։ Այդ գործընթացը շարունակվում է, քանի որ, ինչպես պրն Մարտիրոսյանը փաստարկեց, հանրապետությունում շարունակվում է ինքնիշխանություն, անկախության գործընթացը։ Թե ո՞վ եւ որտե՞ղ՝ պրն Մարտիրոսյանը չմասնավորեց, սակայն հայտնեց, որ երբեմն գյուղացիներին կոչ է արվում օգտագործած ջրի դիմաց վճարել միայն 50-60%-ով։ «Իսկ ո՞վ է վճարելու մնացածը»,- հարցնում է ջրային տնտեսության կոմիտեի նախագահը։ Եթե գտնվել է մեկ միավոր, դրա դիմաց մեկ միավոր էլ պետք է վճարվի, իսկ ջրտնտկոմիտեն օրենքի կատարման պահանջն է դնում։ Հետաքրքիր է, հանկարծ ու գյուղնախարարը լինի նման կոչերի հեղինակը։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել