Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր

Հուլիս 24,2001 00:00

Փափուկ վայրէջք… Նոր ժամանակներն առաջադրում են նոր խնդիրներ։ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ «Հայկական ավիաուղիներ» ընկերության (ՀԱՈՒ) ինքնաթիռները, բացի ԱՊՀ-ից, սկսեցին իրագործել չվերթեր նաեւ արտասահմանյան երկրներ, օդային շուկայում մրցակցությանը «դիմանալու» համար հարկավոր էր միջազգային չափանիշներին համապատասխան փոխադրամիջոց։ Ու 1998 թվականին ՀԱՈՒ-ն 5 տարով վարձակալեց ֆրանսիական արտադրության «Էյրբաս A-310» ինքնաթիռը։ Ուղեւոր շահելու գործում պակաս կարեւոր չէ նաեւ միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկում ապահովելը, որի հրամայականով էլ նույն թվականին ավիացիայում կազմակերպվեց բորտ-ուղեկցորդուհիների դասընթացների ընդունելություն։ 130 դիմորդներից 21 հոգի էին համապատասխանում ներկայացված պահանջներին. տարիքը՝ 18-28, գեղեցիկ, հաճելի արտաքին, հասակը՝ 1,65 մ-ից ոչ ցածր, քաշը՝ 50-65 կգ, որեւէ օտար լեզվի պարտադիր իմացություն։ Ի դեպ, 1,65 մ հասակը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ, բացի գեղեցկությունից, հաշվի է առնված նաեւ ինքնաթիռի նստատեղի բարձրությունը՝ 1,60 մ. ուղեկցորդուհին պետք է տեսանելի լինի նստած ուղեւորների համար։ ՀԱՈՒ-ի ներկայացրած հայտով, (նրանց ֆինանսական միջոցների հաշվին ավիաուսումնական կենտրոնում 6 ամիս ուսուցման կուրս անցնելով, 21 դիմորդներ ստացան բորտ-ուղեկցորդուհու որակավորում։ Բայց… պարզվեց, որ այդ մասնագետները ՀԱՈՒ-ին ամենեւին էլ պետք չեն եւ այս 21 հոգին էլ մի տարի առաջ օդաչուական դասընթացներն ավարտած երիտասարդների նման գնացին լրացնելու գործազուրկների ստվար շարքերը կամ բռնեցին արտագաղթի ճանապարհը։ Տնօրինությունը պատճառաբանում էր, որ ուղեւորահոսքի նվազման պատճառով կրճատվել են չվերթերը, փոքրացել է աշխատանքի ծավալը։ Թեեւ, անկեղծ ասած, այդ մի քանի ամսում (ուսումնառության ամիսների) աշխատանքի ծավալի զգալի փոփոխություն չէր եղել. պարզապես, այդ տարիներին տեսաժապավենի նման իրար հաջորդեցին ավիացիայի գլխավոր վարչության պետերը եւ նախորդի օրոք ընդունված եւ իրավահաջորդի օրոք ավարտած մասնագետի ճակատագիրը ոչ ոքի չէր մտահոգում։ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանի նշանակումից հետո փոխվեց կադրային քաղաքականությունը։ Նա կարգադրեց զանգահարել, գտնել բոլոր տարիների շրջանավարտներին։ Ապա հանձնարարեց բորտ-ուղեկցորդների ծառայության պետ Ռազմիկ Խաչատրյանին՝ զբաղվել նոր մասնագետների աշխատանքի տեղավորման գործով։ Ծառայության համառ հարցումների արդյունքում 21 ուղեկցորդուհիներից հաջողվեց գտնել միայն 8-ին, որոնց հետ էլ 4-ամսյա համառ աշխատանք տարվեց (3 տարվա ընթացքում, բնական է, պետք էր վերապատրաստում), ապա լրացրին ուսումնական փորձնական թռիչքաժամերը եւ հաջող հանձնելով քննությունները, ստացան տարիներով փայփայած վկայականը՝ երկինք թռչելու իրավունք։ Ուղեկցորդուհիները հուլիսի 18-ին իրականացրին իրենց առաջին ինքնուրույն թռիչքը։ Մնում է իրենց իսկ խոսքերով ասել՝ «ինչքան թռիչք, այնքան վայրէջք»։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել