Լրահոս
Օրվա լրահոսը

Թե՞

Հուլիս 26,2001 00:00

ԱԺՄ-Ն ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ ԿՀԱՅՏՆԻ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Թե՞ ԱԺՄ նախագահն ու իր կողմնակիցները կուսակցությունից կհեռացնեն վարչության ներկայիս անդամներին։ Ծայրահեղ լուծումները բացառված չեն, քանզի ե՛ւ Վազգեն Մանուկյանի կողմնակից շուրջ 50 հոգիանոց նախաձեռնող խումբ ձեւավորածներն են իրենց հայտարարության մեջ ԱԺՄ խորհրդին առաջարկել «լուծումներ գտնել ներկայիս վարչության անդամների լիազորությունները դադարեցնելու՝ ընդհուպ մինչեւ ԱԺՄ շարքերից հեռացնելու» համար, ե՛ւ ԱԺՄ վարչության անդամների երեկվա ասուլիսում լրագրողներին բաժանված փաստաթղթերի մեջ կար նրանց հունիսի 27-ին ընդունած աշխատանքային կանոնակարգը, ըստ որի՝ «Նիստերից պարբերաբար անհարգելի բացակայելու, ինչպես նաեւ իր վրա դրված պարտականությունները պարբերաբար չկատարելու դեպքում, վարչության անդամը ստանում է նկատողություն, իսկ կրկնվելու դեպքում վարչությունը խորհրդի առաջ կարող է հարց բարձրացնել տվյալ անդամի անվստահության մասին»։ Հայտնի է, որ Վազգեն Մանուկյանն ԱԺՄ վարչության նիստերին վերջերս հաճախ չի մասնակցում, իսկ ԱԺՄ խմբակցության քարտուղար Սեյրան Ավագյանը երեկ հայտարարեց. «Վարչությունը կիրառելու է կանոնադրությունն իր ողջ խստությամբ եւ ցանկացածի՛ նկատմամբ»։ «ԱԺՄ նորընտիր վարչությունը համագումարի ավարտի եւ հետհամագումարյան բարդությունների պատճառով գործում է ցածր արդյունավետությամբ»,- սա ԱԺՄ վարչության հայտարարությունից է։ «Համագումարում ընտրված ԱԺՄ վարչության անդամների մեծամասնությունը չցանկացավ կամ չկարողացավ միավորվել ԱԺՄ նախագահի շուրջ՝ անհրաժեշտ ներկուսակցական աշխատանքներ եւ հավասարակշռված քաղաքական գիծ իրականացնելու նպատակով։ Փոխարենն ԱԺՄ վարչության բոլոր նիստերը վերածվեցին անվերջ եւ անպտուղ վեճերի»,- սա էլ Վազգեն Մանուկյանի կողմնակիցների հայտարարությունից է։ Երկու կողմն էլ ելքեր են առաջարկում ներկուսակցական ճգնաժամը հաղթահարելու համար։ Մի կողմը փորձելու է կանոնադրական փոփոխությունների միջոցով սահմանել, որ համագումարը պետք է ընտրի վարչություն, որն էլ կորոշի նախագահին։ Մյուս կողմի առաջարկած փոփոխությունները տրամագծորեն հակառակն են՝ ԱԺՄ համագումարը պետք է «միայն մեկ ղեկավար մարմին՝ ԱԺՄ նախագահ» ընտրի, որն էլ կձեւավորի վարչություն եւ կնշանակի վարչության նախագահ։ ԱԺՄ վարչության քարտուղար Վահրամ Մկրտչյանը երեկ ասուլիսում հայտարարեց, թե նման փոփոխությունները նախաձեռնող խմբի անդամները «ցանկանում են կուսակցությունում ռազմաֆեոդալական (քիչ անց հրաժարվեց այս որակման առաջին բաղադրատարրից.- Ա. Ի.) կարգեր փորձել մտցնել»։ Ոչ պակաս կտրուկ մի հայտարարություն էլ արեց. «Այս գործընթացով փորձ է արվում կուսակցությունում ձեւավորել երկիշխանություն»։ Սեյրան Ավագյանը, սակայն, հարկ համարեց պաշտոնապես պարզաբանել. «ԱԺՄ նախագահի եւ վարչության անդամների, խմբակցության անդամների միջեւ գաղափարական եւ քաղաքական սկզբունքների տարաձայնություն չկա»։ Ուրեմն, ինչի՞ շուրջ է վեճը՝ այս հարցը տարբեր ձեւակերպումներով երեկ բազմիցս հնչեց ասուլիսում, բայց որոշակի պատասխան այդպես էլ չհետեւեց։ Ինչո՞ւ են նախաձեռնող խմբի անդամն երն իրենց հայտարարության մեջ նշել, թե այսուհետ անհնարին է ԱԺՄ վարչության անդամների եւ ԱԺՄ նախագահի համատեղ աշխատանքը նույն վարչության կազմում, «որի արդյունքում իսկապես խոչընդոտվում է կուսակցության ընդհանուր գործունեությունը»։ ԱԺՄ վարչության անդամներին էլ, նույն հայտարարության մեջ վերագրվում է այն եզրակացությունը, թե «ԱԺՄ նախագահի պաշտոնն արգելակում է կուսակցության զարգացմանը»։ «Առավոտը» փորձեց պարզել, թե արդյոք այդ եզրակացության մասին պնդումը համապատասխանո՞ւմ է իրականությանը, սակայն Սեյրան Ավագյանն ընդամենն ասաց, թե վարչության եւ խմբակցության նիստերում նման հարց չի քննարկվել։ Բայց նաեւ նշեց. «Մենք գտնում ենք, որ անձի շուրջ համախմբված, անձին նվիրվածության գաղափարով ստեղծված կուսակցությունները հարատեւել չեն կարող քաղաքական դաշտում։ Դրանք ժամանակավոր կառույցներ են։ Կուսակցությունները չեն լինում անձնական սեփականություն»։ Ներկուսակցական այս տարակարծությունները կարող էին եւ հարթվել հուլիսի 28-ին հրավիրվելիք խորհրդի նիստում։ Բայց այդ նիստի մասնակիցների շրջանակը որոշելու հարցում էլ են մոտեցումները տարաբեւեռ՝ Վազգեն Մանուկյանը, վկայակոչելով ԱԺՄ կանոնադրությունը՝ որոշիչ ձայնի իրավունք վերապահել է միայն մասնաճյուղերի ղեկավարներին կամ մասնաճյուղերի նշանակած լիազոր ներկայացուցիչներին։ Իսկ ԱԺՄ վարչությունը, դարձյալ վկայակոչելով կանոնադրությունը, համարում է, թե խորհրդի կազմում վարչության անդամներն ու տարածքային կազմակերպության ղեկավարներն են միայն։ Իսկ Սեյրան Ավագյանն արդեն իսկ ազդարարեց, թե երկու խորհուրդների գոյության հետեւանքն ինչ է լինելու՝ առճակատում եւ պառակտում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել