Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում կա երկու կազմակերպություն, որ զբաղվում է մայրաքաղաքի թափառող շների խնդրով։

Հուլիս 26,2001 00:00

Պահպանե՞լ, թե՞ ոչնչացնել անպոչ շներին Երեւանում կա երկու կազմակերպություն, որ զբաղվում է մայրաքաղաքի թափառող շների խնդրով։ Մեկը Երեւանի քաղաքապետարանի «Անասնաբուժական սպասարկման կենտրոն» ՊՓԲԸ-ի «Թափառող կենդանիների դեմ պայքարի ծառայություն» ՓԲԸ-ն է, մյուսը՝ շների պահպանմանն աջակցող նորաստեղծ «Դունայ» հասարակական կազմակերպությունը։ Այս երկուսի տարբերությունն այն է, որ առաջինը ոչնչացնում է թափառող շներին, իսկ երկրորդը «պիտոմնիկ» է կառուցել, որտեղ պահում, կերակրում եւ մեծացնում են շներին։ Մայրաքաղաքում երեւի տեսած կլինեք անպոչ թափառող շներին։ Հավանաբար հարց կծագի, թե ինչու նրանց չեն սպանել։ Պատասխանը պարզ է։ Բանն այն է, որ քաղաքապետարանի թափառող կենդանիների դեմ պայքարի ծառայությունն իր որսորդին եւ վարորդին վարձատրում է շան պոչի համար։ Յուրաքանչյուր պոչի դիմաց՝ 400 դրամ, որից 300-ը որսորդինն է, 100-ը՝ վարորդինը։ Այդ իսկ պատճառով անիմաստ է դառնում անպոչ շանը ոչնչացնելը, քանի որ դրանից «քյար» չկա։ Իսկ որտեղի՞ց գտնել պոչավոր շատ շներ։ Պարզվում է՝ «Դունայում»։ Օրերս խմբագրություն այցելեց «Դունայ» կազմակերպության նախագահ Կարապետ Եղիազարյանը եւ բողոքեց. «Հուլիսի 19-ի գիշերը «Դունայի» «պիտոմնիկում» աշխատակիցները հրացանի կրակոցներ են լսել, հետո տեսել են, որ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենա (829SU64 պետհամարանիշով) է կանգնած»։ Աշխատակիցները, Կ. Եղիազարյանի ներկայացմամբ, ականատես են եղել, թե ինչպես է այդ մեքենայից դուրս եկող վարորդը սպանել «Դունայի» հովանու ներքո գտնվող երկու շան, որոնք հսկելիս են եղել «պիտոմնիկը»։ Աշխատակցի հարցերին, թե ինչպե՞ս են բացել «Դունայի» դարպասները, ի՞նչ իրավունքով են ներխուժել: Պատասխանել են, որ եկել են ահազանգի հիման վրա, ըստ որի, այդ վայրում ինչ-որ վիրավոր շուն է թափառում։ Ակնհայտ է, որ վիրավոր մեկ շունը տարբերվում է երկու առողջ շներից։ «Դունայի» աշխատակիցները զրուցել են նաեւ «ԵրԱԶում» նստած ՆԳՆ աշխատակցի հետ, որը ներկայացել է որպես լեյտենանտ Արման Մարգարյան։ Վերջինս էլ է արդարացրել որսորդի արարքը։ «Դունայ» կազմակերպության նախագահ պրն Եղիազարյանի խոսքերով, վերը նշված դեպքին ՆԳՆ-ն ընթացք չի տվել պատճառաբանելով, որ «Դունայը» բանավոր է իրենց տեղեկացրել, ոչ թե գրավոր։ ՆԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Վարդազարյանը այս դեպքի կապակցությամբ հայտնեց իր անտեղյակությունը եւ գործին ծանոթանալու համար «Առավոտից» խնդրեց «Դունայի» գրավոր բողոքը (ինչն առկա է խմբագրությունում)։ Հետո ավելացրեց. «Ի՞նչ է, քաղաքապետարանի վրա պետք է գո՞րծ հարուցեինք»։ Նկատենք, որ գործը երբեմն, ճիշտ է, հարուցվում է ինչ-որ «մեկի վրա», բայց օրենսդրորեն կարող է հարուցվել նաեւ փաստի առիթով։ Պարզաբանումներ խնդրեցինք նաեւ թափառող կենդանիների ծառայության պետ Միքայել Դավթյանից։ Նրա խոսքերով, տվյալ դեպքի վերաբերյալ արձանագրություն է կազմված Էրեբունու շրջանի ՆԳ բաժնում։ Պրն Դավթյանն ասաց, որ իրենց որսորդները «Դունայի» տարածք են մտել վիրավոր երկու շների հետեւից (շներին որսորդներն են վիրավորել տարածքից դուրս)։ Դարպասներն, ընդ որում, բաց են եղել։ Ըստ Մ. Դավթյանի՝ «եթե մեր որսորդը սպանել է «Դունայի» առողջ շներին, ապա ինչո՞ւ իրենք ինձ՝ կազմակերպության տնօրենիս, տեղյակ չեն պահել։ Եթե մեր որսորդն իրոք սխալվել է, միգուցե մենք դրամական փոխհատուցո՞ւմ կանեինք»։ Մ. Դավթյանը շեշտեց, որ որսորդը սպանել է իրենց իսկ կողմից վիրավորած շներին եւ, ընդհանրապես, իրենք կարողանում են տարբերել առողջը վիրավորից։ Հուսով ենք, այնուամենայնիվ, գործ կհարուցվի, որի արդյունքում «թացը չորից» կտարբերվի։ Բայց չի կարելի չնկատել, որ, եթե որսորդները նույնիսկ «Դունայի» շներին չեն սպանել, ապա, այնուամենայնիվ, ուրիշի տարածք են ներխուժել, ինչի իրավունքը «Դունայը» նրանց չէր տվել անգամ բաց դարպասների պարագայում։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031