Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 26,2001 00:00

ԲՌՆԵՄ ԴՈՒՆՉԴ՝ ԿՏՐԻ ՇՈՒՆՉԴ Հուլիսի 24-ի երեկոյան Ազգային օպերայի տնօրինությունն ու Մոսկվայից հրավիրված ռեժիսոր Բորիս Հայրապետյանը Օպերայի բակում գտնվող բազմամարդ սրճարաններից մեկում դաժան ծեծի են ենթարկել տաղանդավոր արվեստագետ, նկարիչ Սուքիաս Թորոսյանին։ Երեք հասուն տղամարդ, որոնք ունեն հնարավոր ամեն ինչ (կրթություն, պաշտոն, անուն…)՝ մտավորական կոչվելու համար, չեն գտել հարցեր ու խնդիրներ հարթելու որեւէ այլ ճանապարհ, քան խուլիգանությունը՝ սեփական ոտքերի հետքերը դաջելը մեկ ուրիշ մտավորականի, տղամարդու դեմքին, մարմնին։ Ու այս դեպքում ամենեւին կարեւոր չէ այլեւս՝ ո՞վ, ինչո՞ւ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ, ինչի՞ համար… Կարեւորն այն է, որ հերթական արվեստագետը, այս դեպքում՝ մեր նախկին գործընկերը («Առավոտի» ընթերցողներն անշուշտ հիշում են նրա ծաղրանկարները, որոնք լավագույնս արտահայտում էին հոդվածի ողջ բովանդակային իմաստը, իսկ երբեմն՝ լինում հոդվածներից շատ ավելի լավը) որոշել է ուղղակի… հեռանալ Հայաստանից. «Ես իմ հայրենիքից չեմ հրաժարվում։ Ես հեռանում եմ այն երկրից, որի քաղաքացիների որեւէ իրավունքը չի պաշտպանվում։ Այս երկրում ոտնահարվում են մարդու ոչ միայն հանգստի, աշխատանքի, հեղինակային իրավունքները, այլեւ ամենատարրական՝ անվտանգության իրավունքը։ Կարեւորն այն չէ՝ ովքե՞ր էին խփողները, ո՞ր տեղիս խփեցին (սաստիկ վնասված էր դեմքը, հարվածների հետքեր կային մեջքին, թիկունքին- Մ. Բ.)։ Դրանք մանրուքներ են։ Սարսափելին երեւույթն է։ Մարդիկ, որ ներկայացնում են արքաների արվեստը՝ օպերան, կարող են նման ձեւով հաշվեհարդար տեսնել մեկ ուրիշի հետ»։ Բնականաբար, կլինեն պատճառաբանություններ, կլինեն երկար-բարակ պատմություններ, որոնցով ծեծողները կփորձեն ինչ-որ կերպ արդարացնել որեւէ արդարացում չհանդուրժող երեւույթը, կփորձեն հիշել «էլ հեր ու մեր, էլ քաչալ շուն», հազար տարվա դարմանը քամուն կտան, ու անգամ՝ ինչպես ընդունված է մեր երկրում, կստեղծեն այնպիսի տպավորություն, թե զոհն իրենք են, ոչ թե՝ ծեծվողը։ Ու ցավն այս ամենի մեջ այն է, որ Հայաստանի քաղաքացիները օրեցօր զգում են իրենց հայրենիքի բարոյական անկումը. մարդասպանը պատրաստվում է ղեկավարել մի ողջ համայնք, մանկասպանը՝ կարեւորագույն հանձնաժողովի փորձագետ է դառնում, Օպերային թատրոնում ստեղծագործական խնդիրները լուծվում են Լինչի դատաստանով»… Ու, բնական է, որ այսպիսի երկրից հեռանալու ցանկություն, եթե ոչ այսօր, ապա՝ վաղը, մյուս օրը, կառաջանա յուրաքանչյուր հայի մոտ… ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ.- Ցանկանալով պահպանել օբյեկտիվ լրագրության (երբեմն՝ դաժան) կանոնները, զանգահարեցինք Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի գործադիր տնօրեն Կամո Հովհաննիսյանին ու խնդրեցինք պարզաբանել՝ ինչո՞ւ են ծեծել Սուքիաս Թորոսյանին։ Պրն Հովհաննիսյանի պատասխանը հետեւյալն էր. «Ինքը մտել է թատրոն հարբած վիճակում, «Նորմա» ներկայացման մակետը փչացրել է (նա չժխտեց, որ մակետը պատրաստել է Ս. Թորոսյանը՝ «ինքն էլ լումա ունի էդ գործում»- Մ.Բ.), իրեն լավ չի պահել, խրատական ապտակ է ստացել»։ Պրն Հովհաննիսյանին հիշեցրինք, որ այդ «խրատական ապտակի» արդյունքում ամբողջությամբ այլանդակվել է նկարչի դեմքը, պատասխանեց՝ «ըտենց էլ է լինում»։ Մյուս հարցիս՝ «Բայց չէ՞ որ երեք հոգով ծեծել եք մեկին՝ սրճարանում» պրն Հովհաննիսյանը, թե՝ «Մենակ ես եմ խրատական ապտակ տվել, մյուս երեքը բաժանում էին։ Եթե չհայհոյեր՝ չէր ծեծվի»։ Մնում է միայն փաստել, որ Օպերային թատրոնում արդեն իսկ ձեւավորվել է իրենց անհաճո մարդկանցից ցանկացած գնով ազատվելու հետաքրքիր ավանդույթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031